«Պարտությունը բավարար հիմնավորում չէ վարչապետի հրաժարականի համար՝ պարտվել ենք միասին՝ ընդդիմություն էլ է մեզ հետ եղել». «Իմքայլական» պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ ՀՀ-ում ապրող ցանկացած քաղաքացու կարծիք իրենց համար կարևոր է, որպեսզի լսեն, հասկանան, թե ինչ են ուզում։ Իսկ ընդդիմադիրները, ըստ պատգամավորի, միայն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«Հրաժարականի հիմնավորումների հետ մենք որևէ ձև համաձայն չենք։ Կարծում եմ՝ պարտությունը բավարար հիմնավորում չէ հրաժարականի համար։ Մենք պարտվել ենք միասին, ընդդիմություն էլ է մեզ հետ եղել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վահե Ղալումյանը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությանը, ապա Վահե Ղալումյանը խորհուրդ է տալիս այն դիտարկել հենց այդ օրը, թե ինչ իրավիճակում է այն ստորագրվել։
«Կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժ դեռ չի արտահայտվել, որ այն չպետք է ստորագրվեր»,- հավելեց նա։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցությունից որոշ պատգամավորների դուրս գալուն, Վահե Ղալումյանը նկատեց՝ խմբակցությունում միշտ էլ տարաձայնություններ եղել են, մասնավորապես՝ առանցքային հարցերի շուրջ, և տարաձայնություններ միշտ էլ պետք է լինեն։
«Մենք կողմ ենք Կառավարության կողմից ներկայացրած առաջիկա կես տարվա անելիքների հետ։ Այդ ծրագրից հետո Կառավարությունը նշել է, որ պետք է վերագնահատի իրավիճակը և որոշում կայացնի՝ հետագա անելիքների հետ կապված։ Ես ո՛չ հաստատում, ո՛չ բացառում եմ, որ դրանից հետո կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Մենք ԱԺ նախագահի հետ մեկ անգամ ենք հանդիպել, ընդհանուր քննարկում ենք ունեցել, բայց այս հարցին չենք անդրադարձել։ Մենք վարչապետի հրաժարականի օրակարգ չունենք, հետևաբար՝ վարչապետի թեկնածու չունենք»,- շեշտեց նա։