Բաժիններ՝

51 ֆիլմ 26 երկրից. «Կին» 17-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի օնլայն հարթակում

«Կին» միջազգային կինոփառատոնը, որը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ տեղն ու դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, այս տարի անցկացվելու է առցանց հարթակում: Կինոյի երկրպագուները ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենան դեկտեմբերի 9-13-ը kinfestival.com կայքում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանն ասաց, որ 17-րդ կինոփառատոնը կրում է «Արցախ, մենք քեզ հետ ենք» խորագիրը: Այն ընդգրկում է 51 ֆիլմ 26 երկրից:

«Փառատոնի մրցութային ծրագրում մասնակցում են վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված կարճամետրաժ խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր: Հյուրերի ծրագրում ներառվել են լիամետրաժ և կարճամետրաժ կինոնկարներ, որոնք արժանացել են մրցանակների: Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Մոռացված անուններ» կինոալմանախի պրեմիերան, որն ստեղծվել է «Գյոթե կենտրոն Երևան»-ի կազմակերպված «Հայ կինը և 20-րդ դարը՝ մոռացված անուններ» սցենարի զարգացման դասընթացի արդյունքում: Հեղինակները չորսն են: Այն պատմում է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի, նկարչուհի Վերա Վարդ Պատրիկյանի, պարող Արմեն Օհանյանի և ճարտարապետ Ցողիկ Արաբյանի մասին»,-ծրագրի մանրամասները ներկայացրեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ կինոփառատոնը ձգտում է Հայաստանում նպաստել կինոարվեստի զարգացմանը, օգնել կանանց ֆիլմեր նկարահանել: Երբ առաջին փառատոնն են կազմակերպել, ստիպված են եղել ցուցադրել մի քանի կին կինոռեժիսորի ֆիլմ, որոնք նկարահանվել են անցած տասը տարվա ընթացքում: «Հետո շատ բան փոխվեց, և կին կինոռեժիսորները շատացան: Այդ գործում դերակատարություն ունի նաև Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Կին կինոռեժիսորներից շատերը հասել են որոշակի հաջողությունների: Նրանք ձգտում են աշխատել: Բարդ է, քանի որ ոլորտը լավ վիճակում չէ, և ստեղծագործողների հնարավորությունները սուղ են, բայց նրանք արարում են, անգամ միջազգային կինոփառատոներում են մրցանակների արժանանում»,-շեշտեց Մարիամ Օհանյանը:

17-րդ կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցելու Խորհրդային հայտնի կինոռեժիսոր Կիրա Մուրատովայի հիշատակին՝ ցուցադրելով հեղինակի աշխատանքները: Կինոփառատոնի տնօրենը հայտնեց, որ ներկայացնելու են նաև «ԿրիմԴոկ» վավերագրական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի և «ԴանսԿամերաՎեստ» Ամերիկյան պարային ֆիլմերի ծրագրերը, որոնց շրջանակում ներկայացնելու են հետաքրքիր կինոնկարներ տարբեր երկրներից, իսկ «Արցախ, մենք քեզ հետ ենք» ծրագրում ներառված է Մարիամ Օհանյանի չորս ֆիլմ: «Այս ծրագրում ցուցադրվելու են իմ կինոնկարները, որոնք նկարահանել եմ տարիներ շարունակ: «Մենք մեր հողի գույնի ենք» ֆիլմը կին ազատամարտիկների մասին է, որոնք կռվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, «Ես լուսանկարում եմ Շուշին» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է բերդաքաղաքի մասին, «Հղի կնոջ օրագիրը» նվիրված է 90-ական թվականներին, երբ այդ ծանր պայմաններում կինը պետք է երեխա լույս աշխարհ բերեր: Դժվար ժամանակներ էին. բանակը նոր էր ստեղծվում, մարդիկ պայքարում էին բոլոր բնագավառներում: «Հայաստանը անտեսանելի երկիր է» ֆիլմը Բրիտանական թանգարանում ֆալսիֆիկացիաների մասին է, որոնք կապված են Հայաստանի հետ: Թանգարանում կա «Հնագույն Թուրքիա» սրահ, որում ներկայացված են հայկական ցուցանմուշներ: Թվում է՝ ֆիլմը կապ չունի Արցախի հետ, բայց… Երբ այդ թանգարանում դիտեցի քարտեզները, հասկացա, որ Հայաստանն այնտեղ գոյություն չունի, ու Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց դա: Պետք է աշխատել այդ ուղղությամբ և անել հնարավորը, որ Հայաստանը տեսանելի երկիր դառնա»,-շեշտեց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ փառատոնի շրջանակում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա հատուկ ցուցադրություն Արցախցի երեխաների համար և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կներկայացվի փառատոնի մասնակից անիմացիոն ֆիլմերի ծրագիրը, իսկ փառատոնի ավարտին կշնորհվի մրցանակ լավագույն ֆիլմի համար, կլինի հատուկ մրցանակ, դիպլոմներ, մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի նրանց ձայների հաշվառման հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս