Եսայանները մտան Արցախ. արդյոք կհաջողվի՞ նրանց վերջապես ստանալ  «Ղարաբաղ-Տելեկոմը»

Դեռևս հոկտեմբերի 27-ին՝ պատերազմական գործողությունների թեժ շրջանում, 168.amգրել էր այն մասին, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության այս ընդունում-հանձնումից հետո հետաքրքիր  իրադարձություններ են տեղի ունենում ընկերությունում: Մասնավորապես, այդ օրերին ընկերության ցանցը ենթարկվում է հաքերային DDOS հարձակման, և մինչ մասնագետները փորձում են կարգավորել ընկերության աշխատանքը, Արցախում են հայտնվում հեռահաղորդակցության ոլորտում նորաստեղծ, բայց մեծ քայլերով առաջ գնացող «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ալեքսանդր և Հայկ Եսայանները:

Իսկ ընդունում-հանձնում կատարվում էր, որովհետև հոկտեմբերի 2-ին՝ սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական խուժանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին շաբաթվա ավարտին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր, որ որոշում է կայացրել «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Արցախի նախագահը որպես այդ որոշումը կայացնելու պատճառ՝ նշել էր օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները, սակայն որևէ կոնկրետ խնդիր չմատնանշվեց:

Հետագայում ԶԼՄ-ների հետ հարցազրույցում «Ղարաբաղ-Տելեկոմի» արդեն նախկին տնօրեն, այդ պաշտոնը 8.5 տարուց ավելի զբաղեցրած Կարեկին Օդաբաշյանը, ի պատասխան լրագրողի այն հարցին, թե տեղեկություն է տարածվել, որ շուրջ 300 հայ սպաների հեռախոսահամար հասանելի են դարձել ադրբեջանական կողմին, ասաց, որ այդ տեղեկությունն իրականության հետ ընդհանրապես կապ չունի, և իր կառավարման ժամանակաշրջանում նույնիսկ տեսականորեն հնարավոր չէր նման բան:

Ինչևէ: Վերադառնանք Եսայան եղբայրների և «Ղարաբաղ-Տելեկոմի» ոդիսականին:

Հոկտեմբերի 27-ին մեզ հետ կապ հաստատած «Ղարաբաղ-Տելեկոմի» աշխատակիցներն ասացին, որ այն ընթացքում, երբ ընկերությունը ենթարկվել էր DDOS հարձակման, Եսայան եղբայրները եղել են ընկերությունում, ավելին, ցուցումներ են տվել աշխատակիցներին ու ղեկավար կազմին, որոշակիորեն ղեկավարել ընկերության աշխատանքները:

Այդ օրերին 168.am-ի փորձերը՝ տեղեկությունը ճշտել եղբայրներից, հաջողությամբ չպսակվեցին. Հայկ Եսայանն ասաց, որ չի կարող խոսել մեզ հետ, քննարկման է մտնում, իսկ Ալեքսանդր Եսայանն էլ, թե՝ որևէ առնչություն չունի «Ղարաբաղ-Տելեկոմի» հետ: Սակայն, երբ ասացինք, որ ինֆորմացիա ունենք, որ այս պատերազմական օրերին եղել են Արցախում, միջամտել «Ղարաբաղ-Տելեկոմի» աշխատանքներին, ցուցումներ եք տվել աշխատակիցներին, և ցանկացանք ճշտել՝ եղե՞լ է նման բան, ասաց, որ իր տեղը հարմար չէ մեզ հետ զրուցելու համար, և, որ ինքը շատ զբաղված է:

Այդ ժամանակ մենք չէինք գրել, թե ի՞նչ նպատակով էին Եսայան եղբայրները մեկնել Արցախ և ինչո՞ւ էին հրահանգներ տալիս ընկերության աշխատակիցներին, թեպետ հստակ գիտեինք, որ իրականում նպատակը «Յուքոմը» խլելու կրախից հետո «Ղարաբաղ-Տելեկոմը» ստանալն է, և, որ ի սկզբանե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել էր ընկերությունը սկուտեղի վրա մատուցել Եսայաններին, և միայն բարձրացված աղմուկից հետո տարաժամկետվեց գործընթացը մինչև Ամանոր, և այն հեշտացնելու համար Արայիկ Հարությունյանը, որպես վարագույր օգտագործելով ռազմական դրությունը, պետականացրեց «Ղարաբաղ-Տելեկոմը»՝ հետագայում ընկերությունը Եսայան եղբայրներին փոխանցելու համար:

Եվ ահա այսօր Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց, որում մասնավորապես գրել էր, որ աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել է «Beeline» բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը:

«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակն Արցախում։

Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: … Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի»,- նշել էր Արայիկ Հարությունյանը:

Քիչ անց գրառում կատարեց նաև նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը.

«Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը: Գործընթացն իրականացվեց ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: Իսկ Հանրապետության նախագահի՝ այսօր արած հայտարարության համաձայն՝ տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումինգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն»:

ՀՀ-ում և Արցախում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ միայն ժամանակը ցույց կտա՝ Եսայանները Արցախ որպես այլընտրանքային օպերատո՞ր են ցանկանում մտնել, թե՞ այնուամենայնիվ վերջնական նպատակը «Ղարաբաղ-Տելեկոմը» ստանալն է, եթե հասցնեն, իհարկե: Հիշեցնենք, որ կապի և հեռահաղորդակցության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, այն էլ՝ պատերազմական վիճակում գտնվող և աշխարհաքաղաքական կենտրոնների համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի տարածքում, ինչպիսին Արցախն է։

Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ են Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից լոբբինգ անում Եսայան եղբայրների ընկերությունը, ովքեր, ի դեպ, վերջին ամիսներին շարունակ հայտնվում են տարատեսակ սկանդալների էպիկենտրոնում:

Այս հարցերի պատասխանը ցանկանում էինք ստանալ Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակից, սակայն Վահրամ Պողոսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Ի դեպ, հենց երեկ էր 168.am-ը հավաստի աղբյուրներից տեղեկություն ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայացուցիչներն այսօր այցելել են «Վեոն Արմենիա» ընկերության գրասենյակ, իրականացրել են խուզարկություն և առգրավել են որոշ փաստաթղթեր:

Մեզ փոխանցված հավաստի տեղեկությունների համաձայն՝ եղել են ենթադրություններ, որ ընկերության ղեկավար կազմը կապ ունի Արցախում պատերազմի օրերին թշնամուն դիտավորությամբ կամ անզգուշությամբ փոխանցված հեռախոսազանգերի (այդ թվում՝ վերոնշյալ 300 հայ սպաների հեռախոսահամարների) բովանդակության հետ, որը զինվորական նշանակության տեղեկատվություն է պարունակել։

Եվ որքան էլ թե ընկերությունից, և թե ԱԱԾ-ից հերքեցին տեղեկությունը, մենք պնդում ենք, որ խուզարկություն, այնուամենայնիվ, «Վեոն Արմենիայի» գրասենյակում եղել է, և առգրավվել են որոշ փաստաթղթեր, իսկ թե ինչ գործի շրջանակներում է դա տեղի ունեցել, այս պահին չի հանրայնացվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱԱԾ-ի և «Վեոն-Արմենիայի» շահերը մեկտեղվում են:

Տեսանյութեր

Լրահոս