«Վեոն Արմենիա»-ի գրասենյակում ԱԱԾ-ն խուզարկություն չի՞ անցկացրել․ԱԱԾ-ն և ընկերությունը հերքում են
168.am-ը հավաստի աղբյուրներից տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներկայացուցիչներն այսօր այցելել են «Վեոն Արմենիա» ընկերության գրասենյակ, իրականացրել են խուզարկություն և առգրավել են որոշ փաստաթղթեր:
Մեզ փոխանցված հավաստի տեղեկությունների համաձայն՝ եղել են ենթադրություններ, որ ընկերության ղեկավար կազմը կապ ունի Արցախում պատերազմի օրերին թշնամուն դիտավորությամբ կամ անզգուշությամբ փոխանցված հեռախոսազանգերի բովանդակության հետ, որը զինվորական նշանակության տեղեկատվություն է պարունակել։
Նշենք, որ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «ԹԻՄ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 29-ին ձեռք էր բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը (նախկին «ԱրմենՏել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ:
Տեղեկությունը ստանալուց հետո 168.am-ը եղավ Ազատություն 24/1 հասցեում գտնվող նախկինում «Վեոն Արմենիա» ընկերության, այսօր արդեն՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում:
Փորձեցինք զուգահեռաբար մեր ստացած տեղեկությունը ճշտել ԱԱԾ-ից, ինչպես նաև Եսայան եղբայրներից:
ԱԱԾ-ից ի պատասխան հայտնեցին, որ տեղեկության իսկությունը հերքելու կամ հաստատելու համար կառույցին որոշակի ժամանակ է անհրաժեշտ:
Եսայան եղբայրներին ուղղված մեր հեռախոսազանգերը սկզբում նախ անպատասխան էին, սակայն ավելի ուշ զանգ ստացանք եղբայրներից:
Հայկ Եսայանին որևէ հարց ուղղել չկարողացանք:
«Ես ո՞նց իմանամ, որ Դուք «168 Ժամից» եք, կամ՝ Աքսաննա՞ն եք»,- ասաց Հայկ Եսայանը:
Առաջարկեցինք նաև հանդիպում, քանի որ գտնվում էինք ընկերության գլխամասային գրասենյակի դիմաց:
«Չէ, ես հիմա զբաղված եմ, և դրա համար Ձեր զանգին չկարողացա պատասխանեմ: Եթե պետք է, հիմա ընդմիջման ժամ է մեզ մոտ, մեր լրատվականի ղեկավարը, սպասեք, կմոտենա Ձեզ»,- արձագանքեց Հայկ Եսայանը:
Ալեքսանդր Եսայանն էլ 168.am-ի հետ զրույցում հերքեց ԱԱԾ աշխատակիցների՝ «Վեոն Արմենիա» ընկերության գրասենյակում լինելու, ինչպես նաև փաստաթղթեր առգրավվելու մասին լուրը:
«Սուտ է, նման տեղեկություն չկա»,- ասաց Ալեքսանդր Եսայանը:
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ գործարքի վերջնական իրականացումից հետո «բացարձակապես որևէ կապ «Վեոն Արմենիա»-ի իրավահաջորդ, այսինքն՝ նոր անունով հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը, բացարձակ կապ չունի ՎԵՈՆ խմբի հետ»:
«Այն թույլատվությունը, որ եղել է ու դրված է ՀԾԿՀ-ում, այո, այդ թույլատվությունը եղել է, բայց դա չի օգտագործվել: Ինչի՞ համար է եղել այդ ինչ-որ բանը, որովհետև որոշակի քննարկումների փուլում, բանակցությունների ընթացքում նաև քննարկվել է այդ տարբերակը, որ ձեռքբերումը արվի նենց, որ մենք վարկային միջոցների փոխարեն վճարենք մաս-մաս հենց մայր խմբին՝ ՎԵՈՆ խմբին, բայց հետո բանակցությունների արդյունքում հրաժարվել ենք մենք այդ գաղափարից և արել ենք տեղական բանկով գործարքը»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:
Նշենք նաև, որ քիչ առաջ տեղեկության վերաբերյալ ստացանք նաև Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պարզաբանումը:
«ԱԱԾ-ն «Վեոն Արմենիա» ընկերության գրասենյակում խուզարկություն չի իրականացրել»,- ասված էր ԱԱԾ հայտարարության մեջ: