«Բանակցային գործընթացը 5-10 տարով սառեցված է, ի՞նչ պետք է բանակցվի, ինչ պետք է բանակցվեր՝ ավարտվել է․ ժամանակին պետք է բանակցեին». Բաբայան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ, եթե կա Արցախը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վիճակում է, ուրեմն՝ կա նաև Արցախի հարց։
«Սա բոլորի համար պարզ է, որ կա Արցախի հարց, բայց պետք է նորից կրկնեմ, որ կենացներով չէ, որ մենք պետք է առաջնորդվենք։ Բավական է, հոգնել ենք այդ կենացներից, լոզունգներից։ Ո՞վ չգիտի, որ մենք պետք է ուժեղ լինենք, բայց ո՞վ պետք է երկիրն ուժեղացնի, ինչպե՞ս պետք է ուժեղանանք, սրանք բոլորը հարցեր են։ Հետևաբար՝ մինչև մենք չկարողանանք ուժեղանալ, այսինքն՝ կոնկրետ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ և նորմալ երկիր ստեղծենք, ունենանք համախմբված հասարակություն, մեծ հայրենասիրություն, պետականամետություն, մենք չենք կարող որևէ կերպ այս վիճակից դուրս գալ։ Այսօր մեր ամենամեծ խնդիրը՝ պետականամետ մտածելակերպի բացակայությունն է կամ ոչ անհրաժեշտ մակարդակի վրա լինելը։ Այստեղ խոսքը ոչ միայն քաղաքական էլիտաների մասին է, այլև լայն, դրա համար հանրությանը պետք է կրթել, դաստիարակել, պետք է առաջնորդվենք ազգային արժեհամակարգով։
Սա մեկ-երկու տարվա բան չէ, հետևաբար՝ պետք է ձևավորվի նորմալ քաղաքական դաշտ, հասարակությունն իր արժեհամակարգը ձևավորի, վերակենդանացնի այն, ինչը ժամանակին մերն է եղել»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Դավիթ Բաբայանը համոզված է, որ այն մի քանի տարով սառեցվել է։
«Համոզված եմ, որ բանակցային գործընթացը 5-10 տարով սառեցված է, ի՞նչ պետք է բանակցվի, ինչի՞ մասին մենք պետք է բանակցենք, ինչ պետք է բանակցվեր՝ ավարտվել է։ Տեսնո՞ւմ եք, թե ինչ վիճակ է, սրանից հետո ինչի՞ մասին պետք է բանակցեն։ Հիմա ռուս խաղաղապահները եկել են և, փաստորեն, պահպանում են խաղաղությունն ու կայունությունը՝ փրկում են Արցախը ցեղասպանությունից։ Ժամանակին պետք է բանակցեին, հազար ու մի խնդիր կար, որ կարելի էր և պետք է քննարկվի։ Հիմա պետք է հասկանանք, որ բանակցային գործընթացն այլ փուլ է մտել, մենք պետք է վերակենդանանանք»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ բանակցությունների ձևաչափը փոխվելո՞ւ է, Մինսկի խումբը մնալո՞ւ է, թե՞ դրա փոխարեն այլ ձևաչափ է լինելու, մասնավորապես՝ Թուրքիան կարո՞ղ է նստել բանակցային սեղանի շուրջ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ Մինսկի խումբը կլինի, սակայն չի բացառվում, որ այլ ձևաչափեր ևս ստեղծվեն։
«Թուրքիան արդեն իսկ տարածաշրջանում դարձել է խաղացող, ուզե՞նք մենք դա, թե՞ չուզենք։ Հիմա մեր ուզելուց քիչ բան է կախված, առավել ևս՝ Արցախից՝ մինչև վերակենդանացման բաժանմունքից դուրս չգանք, արդեն իսկ Հայաստանից էլ է քիչ բան կախված։ Սա արդեն գլոբալ, տարածաշրջանային գործընթացներ են, նույնիսկ կարող են ձևաչափեր ստեղծվել ոչ միայն Արցախի հետ կապված, այլ Կովկասում առաջացած զարգացումների, օրինակ՝ Ռուսաստան-Հայաստան-Իրան, Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա և այլն։ Իմ պատկերացմամբ՝ մեծ հավանականություն կա, որ Մինսկի խումբը կպահպանվի, որովհետև սա արդեն գլոբալ ձևաչափ է, որը ձևավորվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է մտավախություններին, որ ստեղծված իրավիճակում Արցախը կարող է հանկարծ հայտնվել Ադրբեջանի կազմում, Դավիթ Բաբայանը նկատեց՝ կան խաղացողներ, որոնք ցանկանում են, որ նման բան տեղի ունենա՝ Արցախն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, սակայն ամեն ինչ կախված է հայկական կողմից, թե ինչպիսի քաղաքականություն կվարի։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք մենք կկարողանա՞նք վերականգնվել, կկարողանա՞նք վերջապես այնպիսի հասարակություն ստեղծել, որը կարողանա դառնալ աշխարհաքաղաքականության սուբյեկտ։ Դժբախտաբար, հիմա մենք սուբյեկտայնության կորուստ ունենք, ավելի շատ օբյեկտի ենք վերածվել, եթե այդպես դառնանք, որևէ մեկը մեր կարծիքը չի էլ հարցնելու։ Դրա համար մենք այնպես պետք է անենք, որպեսզի կարողանանք վերակենդանանալ, հնարավորինս զերծ մնալ տարբեր աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնելուց, զերծ մնանք երկրի ներսում հրահրվող թշնամանքից։ Կարճ ասած, քաղաքական դաշտ մարգարեներ պետք է գան, եթե մարգարեներ չգան, ապա լավ բան չի լինելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: