Ասեմ՝ իմանաք, որ քոլեջում խաղաղ է. Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ տիրող իրավիճակի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկությունից առաջ ստորագրել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) գործունեությունը կասեցնելու հրամանն ու որպես նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ նշանակել է քոլեջի դասախոսներից վոկալիստ Արամ Սարգսյանին:
Հաստատության տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում պատմել էր, որ նոյեմբերի 23-ին, օրվա երկրորդ կեսին, կադրերի բաժնից հրաման են բերել, որ իր լիազորությունները դադարեցվել են: Իսկ հրաժարականից ժամերի կամ րոպեների ընթացքում Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրաման, և դադարեցվել են իր լիազորությունները: Որոշումն անակնկալ է եղել թե՛ իր, թե՛ աշխատակազմի համար, և նրանք ցանկացել են գործադուլ, դասադուլ անել, բայց ինքն առաջարկել է հրաժարվել այդ մտքից: ԿԳՄՍ-ից էլ եկել են ներկայացնելու նոր ԺՊ-ին, բոլորը դեմ են եղել, իրենց դժգոհությունը բարձրաձայնել են, ասելով՝ թողե՛ք հանգիստ աշխատենք, փոփոխություն չենք ուզում:
Ավելի ուշ 168.am-ին հայտնի դարձավ, որ քոլեջի սաները՝ նոր ԺՊ-ի հորդորով, նամակ են պատրաստել՝ ուղղված նորանշանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, որը պետք է ուղարկեն նրան: Նամակում նշված է, որ ցանկանում են կիսել իրենց մտահոգությունները:
Օրինակ՝ չնայած այն փաստին, որ քոլեջում ուսումնական գործընթացը սեպտեմբեր 15-ի փոխարեն մեկնարկել է հոկտեմբերի 1-ին, բացի այդ, վերջնական դասացուցակ չի եղել, մշտապես ենթարկվել է փոփոխությունների, դասախոսների մի մասը տեղյակ չի եղել, որ պետք է ներկայանա դասին, մինչև հեռավար դասերին անցնելն էլ քոլեջի շենքում հակահամաճարակային կանոնների պահպանումը կրել է ձևական բնույթ, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, հաճախ մեկ սեղանի շուրջ նստել են երեք հոգով:
Կապ հաստատեցինք նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սարգսյանի հետ, ով խոստացավ զանգահարել ավելի ուշ ու պատասխանել հարցերին, սակայն քանի որ ունենք դառը փորձ, որ հետոն այս դեպքում գուցե չգար՝ այնուամենայնիվ հարցեցինք, թե նա կապ ունի՞ արդյոք ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի հետ, ասաց.
«Դա սուտ է, ես չեմ կարող նման բան նախաձեռնել, որովհետև ես թույլ չեմ տա: Հնարավոր է՝ ուսանողներն իրենց կարծիքն են հայտնել, ես չգիտեմ: Ուղղակի հիմա զբաղված եմ՝ հետո կզանգեմ»:
Ինչպես և ակնկալում էինք՝ նշված ժամին այնպես էլ զանգ չստացանք, հաջորդ օրը փորձեցինք կրկին կապ հաստատել ԺՊ Արամ Սարգսյանի հետ: «Չեմ հասցրել զանգել, կներեք, բայց հիմա էլ եմ զբաղված, սակայն, եթե դուք ուզում եք նոր, հետաքրքիր բաներ փորեք, որ գրեք՝ ձեզ համար ռեյտինգ ապահովի՝ չի ստացվի»,- ասաց նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը:
Հարցին, թե ինչո՞ւ եք թշնամաբար տրամադրվել՝ նշեց, թե՝ դուք եք թշնամաբար տրամադրված եղել, միակողմանի եք լուսաբանել: Շեշտեցինք, որ նախորդ նյութում խոսքը նախկին նախարարի անակնկալ որոշման մասին էր, ոչ թե իր, Արամ Սարգսյանը պատասխանեց.
«Հիմա ասեմ՝ իմանաք, որ քոլեջում խաղաղ է, որևէ կոնֆլիկտ չկա, բոլոր հարցերը կարգավորված են, իսկ մնացածի հետ կապված՝ վաղը կտեղեկանաք, այսօր չեմ ասի»:
Իսկ թե որն էր պատճառը, որ վաղն ենք տեղեկանալու մնացածի մասին՝ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԺՊ-ին փոխում են, լինելու է պարտականությունները կատարող՝ մինչև տնօրենի ընտրությունը:
Տնօրենի ժամանակավոր պարատականությունները կատարելու է ներկայիս փոխտնօրենը: