Կարծես կարելի է ճիշտ խոսել

Պատերազմի անփառունակ ավարտից ուշքի գալը, հարկավ, ժամանակ կպահանջի: Բայց արդեն կարծես կարելի է խոսել: Խոսել մեր տնտեսական կյանքի մասին: Խոսել առանց վախենալու, որ իշխանությունների քայլերը քննադատելը տնտեսական լուրջ պատժամիջոցների կհանգեցնի: Հատկապես, որ մեր տնտեսության պաշտոնական նկարագիրը մխիթարական տարրեր չունի:

Իհարկե, արդի քաղաքական բառապաշարով ասած՝ կարելի է «կռուտիտներ» անել: Մինչև հոկտեմբերը գրանցված անհաջողությունները վերագրել քովիդ-համավարակին: Հոկտեմբերից հետո արդեն ամեն ինչ պարզ է, թե «կռուտիտների» ինչ լայն դաշտ է բացվում: Հիմա դիտարկենք մեր գյուղատնտեսության վիճակը պաշտոնական վիճակագրության տվյալներով:

Դիտարկենք՝ նախապես հիշելով, որ գյուղատնտեսության ոլորտը միջազգային չափորոշիչներին համահունչ ամփոփվում է եռամսյակային կտրվածքով: Երրորդ եռամսյակի տվյալների հրապարակումից հետո, պատերազմի օրերին նախարարներից մեկը գյուղատնտեսության «արծրունաբարո» այնպիսի գնահատականներ հնչեցրեց, որ բոլորովին չեն համընկնում պաշտոնական թվերի հետ: Նախ՝ հարկավոր է արձանագրել, որ գյուղոլորտը հնարավորինս քիչ էր կախված համավարակի թելադրած կանոններից:

Հետևաբար՝ իսկապես մեծ սպասումներ կային: Բայց գյուղատնտեսական դրախտ նկարագրող նախարարին ոգեշնչել էր ոլորտի կես տոկոսանոց «հսկայական» աճը: Գյուղատնտեսությունը մեր վիճակագրությունը ներկայացնում է հետևյալ պաշտոնական անվանմամբ՝ «գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանք»: Այդ անվան դիմաց այս տարվա հունվար-սեպտեմբերի աճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 0.6 տոկոսով:

Դա արձանագրվել է ձկնորսության (հասկանալի լինելու համար կարելի է նաև օգտագործել ձկնաբուծություն անունը) 3 տոկոսանոց աճի շնորհիվ: Իրական գյուղատնտեսության աճը կես տոկոս է:

Ընդ որում՝ բուսաբուծությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0.4 տոկոսով, իսկ անասնապահությունն աճել 1.6 տոկոսով: Պարզ ասած, պատերազմի օրերին նախարարի նկարագրած հնարավոր բարձր ցուցանիշները ավելի շուտ քարոզչության պարզունակ հնարք էր, քան իրականության հետ աղերս ունեցող սպասում: Որովհետև խաղողի հնարավոր մեծ բերքի ակնարկը հնարավոր չէ համադրել «պտուղ-հատապտուղ» տողով հրապարակված տվյալի հետ: Այս տարի այն կրճատվել է: Ընդ որում՝ կրճատվել է երկնիշ ցուցանիշով՝ 15.4 տոկոս: Նույն երկնիշ կրճատումը նաև բոստանային կուլտուրաների գծով է արձանագրվել՝ 12.1 տոկոս: Նախորդ տարվա հետ համեմատած, բնականաբար: Այլ կերպ ասած, նախապատերազմյան՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-սեպտեմբերին» պաշտոնական հաշվետվությունը համարյա ամբողջությամբ տնտեսական անկում էր արձանագրել: Արդյունաբերությունը 1 տոկոսանոց աճ էր արձանագրել՝ հանքարդյունաբերության 16.7 տոկոսանոց աճի շնորհիվ: Տնտեսության մյուս ոլորտները կրճատվել են՝  շինարարությունը՝ 15.7 տոկոսով, կապը՝ 3.9 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 11.7 տոկոսով, արտաքին ապրանքաշրջանառությունը՝ 10.5 տոկոսով, իսկ ներքին առևտրի ծավալները՝ 11.4 տոկոսով:

Սոցիալ-տնտեսական ցուցանիշների հետ, բնականաբար, ժողովրդագրական ցուցանիշներ են հրապարակվում: Դրանց համաձայն՝ այս տարի երեք մարզում մահերի քանակը գերազանցել է ծնունդների թվաքանակին: Բնական հավելաճ ասվածը նախորդ տարվա նման բացասական է Լոռու մարզում՝ բացարձակ թիվը -113 է: Այս տարի բացասական է Տավուշի մարզում՝ -161, և Վայոց ձորում՝ -48: Իսկ ամենացածր դրական հավելաճ ունի Սյունիքի մարզը՝ ընդամենը +13:

Տեսանյութեր

Լրահոս