«Տաքսիստների կեղծ օրակարգը․․․»․ Արմեն Մինասյան
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տաքսիստների կեղծ օրակարգը․․․
Օդում կախված է հարց, որը մեր հայրենակիցների զգալի մասը, հատկապես «քաղաքի տաքսիստներն» են տալիս. «եթե Նիկոլը գնա, ո՞վ է գալու նրա տեղը»։ Այս հարցին հետևում է կտրուկ պատասխանը՝ «եթե պիտի նախկինները գան, ուրեմն…»։
Այսինքն՝ հայրենիքի, պետության, առհասարակ մեր գոյության սպառնալիքն ու դրա հաղթահարման հնարավորությունը ոմանք՝ գիտակցաբար կամ մոլորության հետևանքով, չափում են «նախկիններից» վախով կամ ատելությամբ։
Մեկ այլ իրավիճակում կարելի էր այս հարցադրումը քննարկման առարկա դարձնել։ Բայց այսօր դրա ժամանակը չէ։ Այսօր իսկապես մեր երկիրը փրկելու, նրա գլխին կախված էքզիստենցիալ սպառնալիքը չեզոքացնելու ժամանակն է։ «Եթե Նիկոլը գնա, ո՞վ է գալու նրա տեղը» հարցը գեներացնողները, տարածողները ու անգամ դրա շուրջ մտորողները, եթե կուզեք՝ «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»։
Բացատրեմ, թե ինչու։
Արդեն փաստ է, որ մինչև դեկտեմբերի 1-ը հակամարտության գոտում ունենալու ենք կոնֆիգուրացիա, որը բազմապատիկ անգամ ավելի վատն է, քան այսպես կոչված Լավրովի պլանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բազմահազար զոհերի ու վիրավորների, տասնյակ հազարավոր փախստականների, սոցիալ-տնտեսական կոլապսի գնով ստանալու է մի բան, որն ավելի վատն է, քան բանակցությունների սեղանին դրված մեզ համար ամենաանցանկալի տարբերակը։
Կրկնեմ՝ եթե մինչև դեկտեմբերի 1-ը մենք չձեռնարկենք քայլեր, ունենալու ենք ավելի վատ դրություն, քան կարող էինք ունենալ առանց որևէ մեկ կրակոցի։
Սա կանխելու հնարավորություն կա։ Իսկ կանխելուն խանգարում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գտնվելը։ Նա այլևս ի վիճակի չէ որևէ բանակցություն վարել, որևէ նոր պայմանավորվածության հասնել։ Աշխարհը նրա հետ հաշիվներն այլևս փակել է։ Իսկ Ալիևը փակել է ծայրահեղ լկտի արտահայտություններով։ Ակնկալել, որ Նիկոլը որևէ նոր ձեռքբերում կապահովի այս իրավիճակում, միամտություն է։ Հետևաբար՝ նա եղած չնչին հնարավորություններն օգտագործելու ճանապարհին թիվ մեկ խոչընդոտն է և պետք է հաղթահարվի։
Վերադառնալով հարցին՝ պատասխանեմ տաքսիստներին. կարևոր չէ, թե ո՞վ կգա Նիկոլից հետո, այդ աթոռը կարող է նույնիսկ թափուր մնալ։ Բայց Նիկոլի գնալն ազդանշան կլինի, որ Հայաստանում այլևս իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակի հետ պետք է հարմարվել ու գոնե համաձայնություններին հանձնառությունը ստուգելու նպատակով բանակցությունների մեջ մտնել։ «Ո՞վ է գալու» հարցից առաջ պետք է հոգալ «երբ է գնալու» հարցի պատասխանը օր առաջ ստանալը։
Ժամանակ չունենք, մեր դատարկ խոսակցություններով հնարավորություն ենք կորցնում։ Գործել է պետք»։