Բաժիններ՝

26-ամյա ավագ-լեյտենանտ Վարդգես Մինասյանը զոհվել է՝ փրկելով իր զինվորի կյանքը

Արցախում արկի պայթյունից զոհված 26-ամյա Վարդգես Վահագնի Մինասյանը  Գյումրիից էր, ընտանիքի միակ որդին: Վարդգեսի հորեղբորորդին՝ Յուրա Մինասյանը, 168.am-ի հետ զրույցում եղբորը բնութագրեց՝  որպես չափազանց բարի անձնավորություն:

«Ահավոր ուրախ մարդ էր, ինչ խնդիր լիներ, թե տանը, թե զորամասում, շատ թեթև էր նայում, ասում էր՝ դե, ոչինչ, կլուծվի: Բարի էր ահավոր, բոլորի մասին մտածող մարդ էր»,- ասաց Յուրան:

Վարդգեսը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտելուց հետո, որպես սպա՝ ծառայության էր անցել Արցախում՝ Ջաբրայիլում.

«Ինքը կամավոր էր գրվել ու գնացել Ջաբրայիլ, մոտ 4.5 տարի արդեն այնտեղ էր ծառայում: Շատ էր սիրում Ջաբրայիլը, այնտեղ ավելի շատ էր լինում, քան թե Գյումրիում, այնպես չէր, որ ամեն արձակուրդին անպայման գալիս էր Գյումրի: Այստեղ՝ Գյումրիում, մայրն ու քույրն են ապրում, հայրն էլ Ֆրանսիայում է ապրում, չկարողացավ հուղարկավորությանը հասնել, 2 թռիչքներն էլ չեղարկվեցին: Վարդգեսն ուզում էր այս տարի ամուսնանար, մտքին կար, արդեն 26 տարեկան էր, բայց չհասցրեց: Ավագ-լեյտենանտ էր, բայց արդեն պետք է կապիտանի կոչում ստանար»:

Վարդգեսը վերջին անգամ օգոստոսին էր Գյումրի գնացել և մինչև սեպտեմբերի կեսը մնացել էր այնտեղ.

«Եկել էր արձակուրդ, համ քրոջ նշանադրությունն էր, համ էլ իմ: Իրեն 20 քանի օր արձակուրդ էր հասնում, եկավ, մասնակցեց միջոցառումներին, ասաց՝ մյուս գալուցս արդեն կապիտան են տալու: Մինչև գնալն ասաց՝ մի քիչ Գյումրիում ման գամ, սաղին տեսնեմ, կարոտս առնեմ, գնամ… Զինվորների համար ամեն ինչ անում էր, թույլ չէր տալիս, որ մեկը մյուսին նեղացներ: Իր փողով տանում դիրքերը սարքում էր, ինքն այդպես էր ուզում, պատմում էր, որ քարերով ամբողջը սարքել էր: Վերջին անգամ էլ, որ եկել էր, ահագին ծածկոցներ տարավ հետը, ասաց՝ դեմը ձմեռ է, տանեմ, որ զինվորներս չմրսեն»:

Յուրայի խոսքով՝ Վարդգեսին ճանաչողները միայն լավ բաներ են պատմել նրա մասին, պատմել են, որ զինվորների համար ամեն ինչ արել է, անգամ կյանքն է տվել իր զինվորի համար.

«Իրենք դիրքերում են եղել, նահանջել են, ով որ ռացիայով իր հետ կապի մեջ էր եղել, եկել էր հուղարկավորությանը, պատմեց, որ այնտեղ խայտառակ վիճակ է եղել, հետ են իջել, քանի որ թուրքերը սնկի պես աճել են: Զինվորների պատմելով՝ առանց զոհ՝ իրենք իջել են ներքև, հետո, որ նորից տագնապ են տալիս, որ բարձրանան և դիրքը հետ վերցնեն, զինվորներից մեկը ճանապարհին բրոնեժիլետը մոռացած է լինում, մեքենայի մեջ ինքն իր բրոնեժիլետն է տալիս այդ տղային. Սնարյադ է ընկնում, ու սրտի կողքը բեկորային վնասվածք է ստանում, զոհվում է, բայց այդ զինվորը ողջ է մնացել…»:

Վարդգեսի հետ վերջին անգամ հենց հորեղբորորդին է խոսել՝ պատերազմը սկսվելու օրը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա, հենց լուրերը տեսա՝ միանգամից զանգեցի Վարդգեսին, պատասխանեց, բայց գոռում էր հեռախոսով, ասաց՝ Յուրա, սա վերջն է, ահավոր ձև վրա են տվել… Դրանից հետո էլ չխոսեցինք… Ամսի 28-ին ժամը 17:00 արդեն մեզ ասացին, որ իր դեպքը եղել է… Վարդգեսը շատ նպատակներ ուներ, բայց առաջնայինը՝ մինչև գեներալ հասնելն էր, ուզում էր մինչև վերջ գնար իր ընտրած ուղիով, մենք էլ կատակում էինք, ասում էինք՝ մինչև գեներալ չլինես, չգաս…»:

Վարդգես Մինասյանին հուղարկավորել են հոկտեմբերի 2-ին՝ Շիրակի գերեզմանատանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս