ԱԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ մշտական կապի մեջ է Արցախի ճանաչման հարցի շուրջ. փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և այլ հարցերի շուրջ: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից: Մնացած կետերը վերաբերում են պատժամիջոցներին և հումանիտար օգնությանը, որը լինի շատ հասցեական և վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավական մեծ է»,- ասաց Ադոնցը:

Փոխնախարարը նշեց, որ այս օրերին կան բազմաթիվ եվրոպական քաղաքներ, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, ինչը շատ կարևոր քայլ է այս համատեքստում հետագա զարգացումներն ապահովելու համար:

«Պետություններում տեղական ինքնակառավարման մակարդակով են ճանաչում Արցախի անկախությունը: Մենք համարում ենք սա շատ կարևոր քայլ` ապահովելու հետագա զարգացումները: Կան նախնական պայմանավորվածություններ, բավական լուրջ քննարկումներ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար»,- նշեց փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս