Կլռե՞ն, արդյոք, հաշվետվությունները մուսաների հետ

Անցան այն ժամանակները, երբ թնդանոթների «խոսելուն» զուգընթաց մուսաներն ինքնաբուխ ու ինքնակամ լռում էին: Հիմա այդ լռությունը մուսաներին օրենքով է պարտադրվում: Ու դա հասկանալի է՝ պատերազմական իրավիճակում բովանդակային ցանկացած խոսք կարող է վնասել: Վնասել՝ բարոյահոգեբանական աննպաստ մթնոլորտ ձևավորելով, կամ կոնկրետ փաստի հրապարակմամբ՝ թշնամուն տեղեկություն փոխանցել:

Այս հիմնավորումով սահմանափակվում է խոսքի ազատություն ասվածը: Իհարկե, առաջին հերթին՝ լրատվամիջոցների համար: Եթե այս մոտեցումն ինքնանպատակ չէ, ապա պետք է, որ վերանայվի պաշտոնական ֆինանսատնտեսական տեղեկատվության հրապարակման սկզբունքները: Առաջին հերթին, հավանաբար, պետք վերանայել այդ հրապարակումների ժամանակացույցը:

Հոկտեմբեր ամսին Վիճակագրության կոմիտեն 10-15 հրապարակում էր ունենում: Մաքսային ու հարկային մարմինները ևս իրենց հերթին տվյալներ էին հրապարակում: Այս շաբաթ, օրինակ, արդեն հրապարակվել է երկրի ֆինանսների վիճակագրությունը և երրորդ եռամսյակի տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկ-տվյալները:

Իհարկե, չի կարելի ասել, որ մեր վիճակագիրներն ու տնտեսական տվյալներ մշակող-հրապարակողները պատերազմական իրավիճակում աշխատելու փորձ չունեն: Արցախյան առաջին պատերազմի տարիներին մեր վիճակագրությունը որոշակի արգելք-կանոններ սահմանեց:

Օրինակ, որոշվեց չհրապարակել (բնականաբար, հաշվառվում էր, բայց չէր հրապարակվում) երկրում առկա մարդատար ավտոբուսների կամ բեռնատար ավտոմեքենաների քանակը (կամ միջին տարիքը): Հիմնավորումը հասկանալի է՝ երկակի նշանակությամբ (խաղաղ ու ռազմական) պիտանի տեխնիկական միջոցների որակի ու քանակի մասին տվյալները ռազմական բովանդակություն ունեն: Ուստի հրապարակման ենթակա չեն: Անկեղծ ասած, միանշանակ պատասխան չունեմ «Չի վնասի՞ արդյոք տնտեսական ու վիճակագրական տվյալների հրապարակումն այսօր» հարցին: Օրինակ, նախորդ տարիներին հոկտեմբեր ամսին ժողովրդագրական լուրջ հաշվետվություններ էին հրապարակվում:

Օրինակ՝ նախորդ տարվա միգրացիոն պատկերը, ուր ներկայացվում են ներքին ու արտաքին միգրացիայի թվերը: Հոկտեմբերին էր հրապարակվում «ՀՀ մարզերն ու Երևան քաղաքը թվերով» հաշվետվությունը: Դրանց հրապարակային վերլուծությունները պիտանի ու անհրաժեշտ էին թե՛ կառավարիչների, թե՛ գործարարների, թե՛ փորձագետների, թե՛ հասարակական լայն շրջանակների համար: Հիմա այս հաշվետվություններն իսկապես կարող են «երկակի» օգտագործվել: Առաջին հերթին՝ թշնամու քարոզչամեքենայի կողմից:

Հասկանալի է, որ սոցիալ-տնտեսական, ֆինանսական ու ժողովրդագրական հաշվետվությունները, մեղմ ասած, հովվերգական պատկեր չեն ունենալու:

Անձամբ ես համաձայն եմ ձևացնել, որ այդ տխուր թվերը բացառապես համավարակի ու համաշխարհային տնտեսական ծանր իրավիճակի արդյունք են: Որ այդ գործում մեր իշխանությունները մաս չունեն:

Ուստի, կարծում եմ, որ այդ հաշվետվությունների հրապարակման ժամանակացույցը կարելի է խախտել: Ավելի պարզ ասած՝ հետաձգել մինչև պատերազմի հաղթական ավարտը:

Տեսանյութեր

Լրահոս