«Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով կոպտորեն խախտել է միջազգային հումանիտար իրավունքը». Օտտո Լուխթերհանդթ

Լեռնային Ղարաբաղում մղվող պատերազմի դեպքում իրականում գործ ունենք ոչ թե Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության միջև կոնֆլիկտի, այլ այն իրողության հետ, որ Ադրբեջանը կիրակի՝ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հետ 180 կիլոմետրանոց սահմանի ամբողջ երկարությամբ պատերազմով զանգվածաբար խախտել է միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքով ամրագրված բռնության կիրառման արգելքը և, ռմբակոծելով Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, խախտել է հումանիտար միջազգային իրավունքը։

Լեռնային Ղարաբաղն ինչ-որ տարածք չէ, այլ ունի հատուկ միջազգային-իրավական կարգավիճակ՝ այն դե ֆակտո պետություն է, քանի որ համապատասխանում է պետությանը բնորոշող երեք դասական չափանիշներին՝ պետություն կազմող ժողովուրդ, պետության տարածք և պետական իշխանություն։ Այս հանրապետությունն ունի շուրջ 145.000 քաղաքացի։ Նրանք ապրում են մի տարածքում, որը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ: 1990-ական թվականներից հանրապետությունն ունի այնպիսի պետական կարգ, որն ունի ժողովրդավարական իրավական պետության որակը, ունի բազմակուսակցական համակարգ, պարբերաբար սահմանված ժամկետներում խորհրդարանական և նախագահական ընտրութուններ է անցկացնում, ունեցել է իշխանափոխություն և ունի աշխատող դատական իշխանություն։ Հանրապետությունն ունի մարտական փորձառություն ունեցող և մարտունակ բանակ։ Թեև Լեռնային Ղարաբաղն ապրում է արտակարգ իրավիճակի պայմաններում, Freedom House-ը արդեն տարիներ ի վեր նրան բնութագրում է որպես «կիսաազատ», մինչ ավտոկրատ և կլեպտոկրատ եղանակով կառավարվող Ադրբեջանը չի կարողանում ազատվել «անազատ» բնութագրից։

Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, բայց միջազգային սովորութային իրավունքի ուժով համընդհանուր գործողություն ունեցող բռնության արգելքը պաշտպանում է նաև դե ֆակտո պետություններին դրսից եկող հարձակումներից, այսինքն՝ այս դեպքում Լեռնային Ղարաբաղին՝ Ադրբեջանից։
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հետ իր հարաբերությունում կարող է վկայակոչել բռնության հատուկ արգելքը՝ անժամկետ հրադարարի մասին համաձայնագրի հիման վրա, որը կնքել են Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը 1994թ. մայիսի 11-ին, և որն ավարտել է Ղարաբաղի հայերի անկախության համար մղված պատերազմը։ Այդ համաձայնագիրը գրեթե երբեք չի հիշատակվում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված տեքստերում, թեև դա այս հակամարտության կարգավորման և լուծման համար բոլորի համար պարտադիր միակ միջազգային-իրավական հիմքն է։ 1994-1995թթ. դրան հաջորդել են այլ եռակողմ համաձայնագրեր։

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի օրոք զինադադարի մասին համաձայանագրերի դրույթները հիմնականում պահպանվել են: Սակայն այդ իրավիճակը փոխվել է այս դարի առաջին տարիներից սկսած նրա որդու՝ Իլհամ Ալիևի պաշտոնավարման պայմաններում։ Աստիճանաբար հաճախակի դրաձան փոխհրաձգությունները և համեմատաբար փոքր մարտերը։ Դրանց համար հենարան էին երկնիշ միլիարդավոր դոլարներով ֆինանսավորվող՝ զինուժի վերազինումը և Ղարաբաղյան կոնֆլիկտն ուժով լուծելու՝ նախագահ Իլհամ Ալիևի բերանից ավելի ու ավելի հաճախ լսվող սպառնալիքները, եթե հայկական կողմը պատրաստ չլինի ընդունելու Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Ռազմաշունչ հայտարարությունները բնավ էլ սոսկ հռետորաբանություն չէին, այլ զանգվածային վերազինման հետ կապի մեջ հստակորեն խախտում էին դե ֆակտո պետություն Լեռնային Ղարաբաղին սպառնալու արգելքը։

Սպառնալիքով Ադրբեջանը չբավարարվեց։ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանը կայծակնային պատերազմով Լեռնային Ղարաբաղը նվաճելու փորձ ձեռնարկեց։ Այդ փորձը ձախողվեց, որովհետև Ղարաբաղի զինված ուժերը սկզբնական կորուստներից հետո արագ կարողացան հավաքվել և Ադրբեջանի զորքը հետ շպրտել դեպի զինադադարի գիծը։
Քառօրյա պատերազմը 1994-ի զինադադարի մասին համաձայնագրի աղաղակող խախտում էր։

Ճիշտ է, Ռուսաստանը ստիպեց Ադրբեջանին հաստատել համաձայնագրի գործողությունը, բայց նախագահ Ալիևը չփոխեց իր ռազմատենչ քաղաքականությունը։ Ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ո՛չ էլ այլ միջազգային դերակատարներ դրանից հետո նրա վրա ճնշում չգործադրեցին՝ պարտադրելով, որ ձեռնպահ մնա Ղարաբաղյան խնդիրը բռնությամբ լուծել սպառնալուց։ Նույնքան քիչ օգտագործվեց զինադադարի գծին ապառազմականացված միջանցք ստեղծելու հնարավորությունը։ Դրանով Ադրբեջանը հաստատվեց 1994-ի զինադադարի մասին համաձայնագիրը որպես ուղղակի մի թուղթ դիտելու և նոր «կայծակնային պատերազմի» համար առանց խոչընդոտների պատրաստություններ տեսնելու իր մտադրության մեջ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին պահը եկավ։ Այս պատերազմը ևս կանխատեսելի էր։ Դրանից կարելի էր խուսափել։ Բայց դրա համար ակնհայտորեն չկար գործող միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) օգտին կիրառելու քաղաքական կամք։

Համառոտագրեր

Լեռնային Ղարաբաղում մղվող պատերազմի դեպքում իրականում գործ ունենք ոչ թե Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության միջև կոնֆլիկտի, այլ այն իրողության հետ, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով կոպտորեն խախտել է միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքով ամրագրված՝ ուժի կիրառման արգելքի սկզբունքը, և, ռմբակոծելով Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, խախտել է միջազգային հումանիտար իրավունքը։
Լեռնային Ղարաբաղն պարզապես տարածք չէ, այլ ունի հատուկ միջազգային-իրավական կարգավիճակ՝ այն դե ֆակտո պետություն է, որի վրա միջազգային սովորութային իրավունքի ուժով տարածելի է համընդհանուր գործողություն ունեցող ուժի կիրառման արգելքի սկզբունքը։
Բացի այդ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հետ հարաբերությունում կարող է վկայակոչել ուժի կիրառման արգելքը՝ անժամկետ հրադարարի մասին համաձայնագրի հիման վրա, որը կնքել են Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը 1994 թ. մայիսի 11-ին և որով ավարտել է Ղարաբաղի հայերի անկախության համար մղված պատերազմը։ Այդ համաձայնագիրը հակամարտության կարգավորման և լուծման համար բոլորի համար պարտադիր և միջազգային-իրավական հիմքն է։ 2016 թ․ ապրիլի քառօրյա պատերազմը 1994-ի զինադադարի մասին համաձայնագրի ծանր խախտում էր։ Ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ո՛չ էլ այլ միջազգային դերակատարներ դրանից հետո Ադբեջանի վրա ճնշում չգործադրեցին՝ պարտադրելով ձեռնպահ մնալ ղարաբաղյան խնդիրը բռնությամբ լուծելու սպառնալիքից։ Այս առումով 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը կանխատեսելի էր։

Օտտո Լուխթերհանդթ
Համբուրգի համալսարանի պաշտոնաթող պրոֆեսոր

Տեսանյութեր

Լրահոս