Նման ձևաչափ ստեղծելու անհարժեշտություն չկա. Իրանագետը՝ Իրանի ԱԳ նախարարի առաջարկի մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները քննարկվել են հինգշաբթի օրն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում:
Կրկնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները և ընդգծելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ Զrարիֆն ասել է. «Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում Թեհրանը պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծմանը` որպես Մինսկի խմբի մեխանիզմի լրացում»:
Իրանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներն ընդգծել են տարածաշրջանային նախաձեռնությունների կարևորությունն ու դերը՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում:
Իրանագետ Գագիկ Միսակյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ո՞րն է այս նախաձեռնության պատճառը, և արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը, վերջինը պատասխանեց.
«Նման ձևաչափ ստեղծելու անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնությունը և երկու երկրների Արտաքին գործերի նախարարները հայտարարեցին, որ մնալու է Մինսկի խմբի ձևաչափը, այն չի փոխվելու: Իսկ Իրանը նման առաջարկ արեց՝ ասելով, որ հանկարծ Թուրքիան առանց իրենց չընդգրկվի: Ուզում է ասել, որ, եթե ուզում եք հարցը տարածաշրջանային մակարդակով լուծել, ապա մենք ևս այս տարածաշրջանում հարց լուծող պետություններից ենք, միայն Թուրքիան չէ»:
Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, որոնք շարունակաբար հայտնվում են Իրանում, և հարցին՝ արդյո՞ք Իրանը չի պատրաստվում կտրուկ քայլի դիմել ընդդեմ Ադրբեջանի՝ իրանագետը նկատեց. «Ինչքան անօդաչու թռչող սարք հայտնվի Իրանի սահմանի մոտ, այնքան կխփեն»:
Հավելենք, որ Արաքսի ափամերձ շրջաններում՝ Իրանի սահմանի մոտ, հոկտեմբերի 17-ին խոցվել է մեկ ռազմական ինքնաթիռ և երկու անօդաչու թռչող սարք:
Իսկ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը պաշտոնապես ներողություն է խնդրել Թեհրանից՝ մարտական գործողությունների ընթացքում Իրանի տարածքը հրետակոծելու համար։ Այս մասին հաղորդել է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզաիին։
«Սահմանամերձ գոտում հանդիպում ունեցանք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և նրանք ներողություն խնդրեցին մի շարք արկերի և հրթիռների՝ սխալմամբ Իրանի տարածքին հարվածելու առթիվ»,- ասել է նա: