Տնտեսությունը՝ որպես հայելի
Համավարակի երկրորդ, կամ հերթական ալիքը լրացուցիչ ճշգրտում է համաշխարհային տնտեսական գործընթացները: Արժույթի միջազգային հիմնադրամն այս օրերին հրապարակեց իր ուսումնասիրություն-կանխատեսումը: Կանխատեսումն այն մասին՝ ինչ մակրոտնտեսական ցուցանիշներ կարձանագրվեն տարբեր երկրներում այս տարի, և ինչ գործընթացներ ակնկալել 2021-ին: Կարծես ոչ մի երկրի եկող տարի չի հաջողվի վերականգնել այս տարվա անկումների ծավալը: Համաշխարհային տնտեսությունը 2021թ. չի հասնի վերականգնել այն ծավալները, որ ուներ 2019-ին: Բայց ես առաջին անգամ ԱՄՀ-ի կանխատեսումների թվերը չէի համեմատում:
Ավելին՝ անգամ մեր տնտեսության գնահատական-կանխատեսումը չեմ ընթերցել: Առաջին պատճառը պատերազմն է, որ թույլ չի տալիս կենտրոնանալ որևէ այլ խնդրի վրա: Երկրորդ պատճառն այն է, որ մեր տնտեսության գնահատականները տրվել են նախապատերազմյան տվյալների վերլուծությամբ: Հետևաբար՝ արդեն իսկ վերանայման կարիք ունեն: Փոխարենը՝ շատ ավելի մանրակրկիտ փորձեցի թվեր ու տվյալներ գտնել հարևան երկրի տնտեսության մասին:
ԱՄՀ-ն կանխատեսում է, որ ադրբեջանական տնտեսության անկումը կկազմի 4 տոկոս, գնաճն այնտեղ այս տարի կկազմի 3 տոկոս (իսկ եկող տարվա համար մի փոքր ավելի մեծ թիվ է ենթադրվում): Բնականաբար, մեծանում է նաև գործազրկությունը: Հասկանալի է, որ ադրբեջանական վիճակագրական տվյալների նկատմամբ վերապահ պետք է լինել: Բայց դրանք իրական պատկերը թաքցնելով, միևնույն է՝ ընդհանուր տենդենցները սքողել չեն կարող: Ի վերջո, էներգակիրների «ասեղի վրա նստած» երկրների տնտեսությունների նկարագրությունները կարելի է գտնել նաև այլ վերլուծություններում:
Օրինակ, ներդրումների ընդհանուր ուսումնասիրությունները համարյա միաբերան փաստում են, որ նավթարդյունաբերության ոլորտում այս տարի ներդրումները կրճատվել են մեկ երրորդի չափով: Եթե այս փաստի հետ համադրենք նավթի գնանկման թվերը՝ պարզ կդառնա, որ ադրբեջանական տնտեսությունը ծանր գործընթաց է ներքաշվել: Հավանաբար հենց դրանով կարելի է բացատրել թուրք-ադրբեջանական ռազմական հիստերիան: Պարզ ասած, հասցնենք, քանի hետ գցված փողերը չեն պրծել: Հատկապես, որ նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հաշվարկել է, որ համավարակային գործընթացների արդյունքում նավթի պահանջարկը ոչ միայն այս տարի կկրճատվի, այլ նաև 2021-ին: Տարօրինակորեն համահունչ վիճակ է Թուրքիայի տնտեսությունում:
Չնայած պաշտոնական վիճակագրության հավաստիացումներին, որ երկրի տնտեսությունը համավարակի պատճառով չի կրճատվելու, բոլորովին այլ փաստեր կան:
Օրինակ, գնաճն այս երկրում պաշտոնապես 8.1 տոկոս է (միջազգային կազմակերպությունները եկող տարվա համար մոտ 12 տոկոս գնաճ են կանխատեսում): Իսկ թուրքական լիրան անցած տարվա նոյեմբերից սկսած արժեզրկվել է 37 տոկոսով: Երկրի ԿԲ-ի ակտիվները տարեսկզբից կրճատվել են 26 տոկոսով: Սրան գումարած այն, որ նույն ԿԲ-ն մոտ մեկ ամիս առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 2 կետով (հիմա այն 10.22 տոկոս է): Տնտեսական այս վիճակում հայտնված երկրներին հավանաբար հրատապ արտաքին հակառակորդ է պետք: «Բլից-կրիգը» չստացվեց: Տեսնենք՝ այդ երկրների ղեկավարներն ինչ եզրակացության կգան առաջիկա օրերին: