«Շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից». Ալեն Սիմոնյան
«Արցախի անկախության հետ կապված՝ մենք պետք է հասկանանք դրա նպատակահարմարությունը, դրա տեխնիկապես իրագործումը, դրա հետևանքները և հետագա գործողությունները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Արցախի ճանաչման հարց քննարկվում է, քանի որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր է՝ դիմի Հայաստանին:
«Պարզ է, որ այդ անկախացումը մեզ համար, բոլորիս համար, Հայաստանի համար, հայաստանցիների համար ամենակարևոր հարցն է: Գիտեմ, որ մենք բոլոր ուղղություններով նաև մեր գործընկերների հետ աշխատում ենք այդ ուղղությամբ և գնալու ենք ու գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով, նույնիսկ ամենացածր մակարդակում շփումների մեջ մենք այսօր այդ հարցը բարձրացնում ենք, բայց շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի կողմից, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր, այլ ուղղակի ինչ-որ գործողություն չլինի, որը որ կվատթարացնի, բայց այդ հարցը, այո, քննարկման մեջ է, և, այո, դա օրհասական հարց է»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, որ Լավրովն այսօր հայտարարեց՝ չպետք է ձգձգել բանակցային գործընթացին վերադառնալու այդ հարցը, հիմա որքանո՞վ է հավանականությունը մեծ, որ կկարողանանք այդ փուլին հասնել, և ո՞ր փուլից են բանակցությունները սկսվելու, դա քննարկե՞լ եք, Սիմոնյանը պատասխանեց.
«Հրապարակվել է փաստաթուղթ հենց Լավրովի կողմից, եթե վերջում ուշադրություն դարձնեք, բովանդակության մեջ կա այդ քայլերի հերթականությունը, և այսօր մենք պետք է հասնենք այն բանին, որ այն լայնամասշտաբ հարձակումը, որն ի փառս մեր զինվորների, ի փառս մեր ժողովրդի՝ մենք կարողացել ենք զսպել, մենք կանգնեցնենք և անցնենք արդեն նշված փաստաթղթի մնացած կետերի իրագործմանը, հետագայում մեր կողմից արդեն իսկ հայտարարված վերջնական նպատակին հասնելուն ուղղված մեր գործողություններն անելու»: