«Շատ կարևոր է այդ պայմանավորվածությունը, փաստորեն վերականգնվում է զինադադարի ռեժիմը». Դավիթ Բաբայանը՝ հումանիտար հրադադարի մասին

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների  համատեղ հանդիպումից հետո, որը տևեց մոտավորապես 10 ժամ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այսօր ժամը 12։00-ին Արցախի և Ադրբեջանի սահմանում հաստատել հումանիտար հրադադար՝ դիերի և գերիների փոխանակման նպատակով։

«1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:

2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։

3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշել է Ս. Լավրովը։

168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ շատ կարևոր է այդ պայմանավորվածությունը, փաստորեն մի քանի րոպեից «վերականագնվում է զինադադարի ռեժիմը»։

«Նախ և առաջ շատ կարևոր է այդ պայմանավորվածությունը, փաստորեն վերականգնվում է զինադադարի ռեժիմը։ Իհարկե, այս ընթացքում հակառակորդից ամեն ինչ պետք է սպասել, չնայած միշտ էլ սպասել ենք և դրա մասին միշտ էլ ասել ենք։ Մեր կանխատեսումներին ասել ենք, որ հակառակորդն ամեն ինչի պատրաստ է, սակայն պատրաստ չէ երկարատև պատերազմի, որքան պատերազմը երկարում է, այնքան կողմնակի ուժեր միջամտում են։ Մենք պետք է տարանաջատենք և այդ բոլոր գործընթացները դիտարկենք մի շարք հարթություններում։ Առաջինն ու ամենակարևորն այս պահի դրությամբ՝ մարդասիրական հարթությունն է, մարդկանց, երիտասարդների կյանքերի փրկությունն է։ Այս տեսակետից զինադադարի ռեժիմի վերահաստատումը, անկասկած, շատ կարևոր է, մեզ համար ամենակարևորը մեր երիտասարդների կյանքն է։

Երկրորդը՝ քաղաքական խնդիրն է, մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում իսկապես նոր իրավիճակ է ստեղծվել։ Թուրքիան շատ բիրտ ձևով ներխուժել է Անդրկովկասի աշխարհաքաղաքական  տարածք, մի բան, որը չէր կարողանում անել 1920 թվականից ի վեր, փորձեր արել է, բայց անուղղակի ձևով՝ Ադրբեջանին սատարելով։ Հիմա Թուրքիան այստեղ է և չեմ կարծում, որ դուրս է գալու, նա մնալու է տարածաշրջանում, շարունակելու է օկուպացված պահել Նախիջևանը, որը փաստորեն դե ֆակտո այդպես է, քանի որ Թուրքիայի վերահսկողության տակ է»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ մի շարք հայտարարություններ վկայում են այն մասին, որ Թուրքիան անկախ ամեն ինչից մնալու է այստեղ՝ անկախ Արցախի բանակցային ձևաչափից։ Չնայած նրան, որ բանակցությունների ձևաչափը վերահաստատվել է, որտեղ Թուրքիա գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատակամ են և թույլ չեն տալու, որպեսզի բանակցությունների ձևաչափը փոխվի։

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի հետագայում իր մեղքը քավի Միացյալ Նահանգների մոտ, քանի որ նրան մեծ հարված է հասցրել՝ տեղյակ չպահելով իր պլանների մասին, նաև դրանով ցույց տալով, որ Միացյալ Նահանգները թուլացել է։

«Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ նենգ ու արկածախնդիր թշնամու հետ։ Սա հաշվի առնելով՝ մի շարք ոլորտներում պետք է լուրջ փոփոխություններ կատարենք՝ արդիականացնենք և՛ մեր բանակաշինության գործընթացին նոր որոակ հաղորդենք և՛ արտաքին քաղաքականությանը, և՛ պետակաշինությանը։ Մեկ բան ակնհայտ է, որ մեր բանակը, մեր երիտասարդ հերոսներն իսկապես սխրագործություններ են կատարել՝ կանգնեցրել են թուրք-ադրբեջանական ահաբեկչական կոալիցիայի հարձակումը։ Միևնույն ժամանակ, որպեսզի սա տեղի չունենա, մենք պետք է վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն և այնպես անենք, որ եղբայրական երկրների հետ մեր հարաբերությունները միշտ գտնվեն զգացմունքային տիրույթում։ Այսինքն, եթե նրանք մտնեն հաշվարկների տիրույթ, այստեղ արդեն բարդություններ լինելուն են, մեր եղբայրները չպետք է հաշվարկներ անեն։ Այնպես պետք է անենք, որ այնպիսի հարաբերություններ ունենանք մեր եղբայրական երկրների հետ, որ հաշվարկի կարիք չլինի ու երբ մեզ վտանգ սպառնա, իրենք արագ առանց հաշվարկների կանգնեն մեր կողքին»,- հավելեց նա։

Հարցին՝ հաշվի առնելով Ադրբեջանի գործողությունները, իրատեսակա՞ն եք համարում, որ հումանիտար հրադադարին կհաջորդի ռազմական հրադադար, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ Ալիևն էլ ինչպե՞ս կարող է ասել, որ ռազմական գործողությունները դադարեցնում է.

«Ալիևն էլ ինչպես ասի, որ ձախողվել է, չի ձախողվել, ինչ է արել, այդ ամենը պետք է ներկայացնի մարդասիրության տակ։ Հիմա ժամկտետներ նշված չեն, իսկ դա նշանակում է, որ անժամկետ է։ Սակայն սա չի նշանակում, որ մենք հանգիստ նստենք, յուրաքանչյուր պահի կարող են ինչ-որ բաներ լինել, բայց այն, որ գերտերությունները հաստատակամ են և այստեղ թույլ չեն տալու, որպեսզի Թուրքիան այստեղ հաստատվի»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս