Տնտեսությունը՝ պատերազմի շեմին
Այս օրերին դժվար է մտածել պատերազմից զատ՝ որևէ այլ թեմայի մասին: Կենտրոնանալ, մտածել ու գոնե փորձել վերլուծել: Հարցն ամենևին էլ հրապարակվելիք տեքստի հասարակական ընկալումը չի: «Ամբոխահաճո» լինել-չլինելու հարցը լրատվության ոլորտում հավանաբար սկսնակին հուզող թեմա է։ Հետո արդեն առաջնային դառնում են մարդկային ու մասնագիտական արժեհամակարգերը:
Հիմա՝ պատերազմական այս օրերին, հրապարակվում են նախապատերազմյան շրջանի տնտեսական ցուցանիշները: Դրանց վերլուծությունն այսօր ձևավորված իրավիճակի բացատրություն կարող է լինել: Ուստի առանձնահատուկ կարևոր է: Ահա այս օրերին մեր վիճկոմը, իր աշխատանքային օրացույցի համաձայն, հրապարակեց մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի ցուցանիշները հունվար-օգոստոս ամիսներին: Նախ՝ մեր իշխանությունների ամենասիրելի մակրոտնտեսական՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով իրավիճակը գոհացուցիչ չէ: Առնվազն:
2020թ․ օգոստոսն անցած տարվա օգոստոսի համեմատ նկատելի ցածր է՝ 9.8 տոկոսով: Իսկ այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ՏԱՑ-ն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «նահանջել է» 6.4 տոկոսով: Ու այդ ամենը նկատելի է տնտեսության իրական ու «ոչ այնքան իրական» հատվածների բոլոր հիմնական ցուցանիշներում:
Մեր տնտեսական իշխանությունները համարյա ամբողջությամբ չլսելու տվեցին փորձագիտական առաջարկները և փորձեցին տնտեսական խնդիրները լուծել՝ առանց պլան-ծրագիր-տեսլական մշակելու: Արդյունքում, օրինակ, տնտեսության «ամենաիրական» հատվածն անցած տարվա առաջին ութ ամիսների արդյունքում 0.9 տոկոս աճ է արձանագրել: Ընդ որում, աճի տեմպն ամիս առ ամիս ավելի ու ավելի «համեստ» է դառնում: Աճի տեմպի նվազումը բացատրվում է հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի նվազումով: Դիտարկենք արդյունաբերության աճի ցուցանիշը՝ զուգահեռ ներկայացնելով հանքարդյունաբերության ցուցանիշը համապատասխան ամսվա ընթացքում: Հունվար-մայիսին արդյունաբերության աճի ցուցանիշը 2.4 տոկոս էր, որովհետև հանքարդյունաբերությունն աճել էր 25.7 տոկոսով: Հունվար-հունիսին արդյունաբերության աճը 1.5 տոկոս էր (զուգահեռաբար նվազում էր հանքարդյունաբերության աճը՝ կազմելով 24.3 տոկոս):
Հունվար-հուլիսին արդյունաբերության աճը նվազելով՝ կազմեց 1.3 տոկոս, իսկ հանքարդյունաբերության թիվը նվազելով՝ կազմեց 20.9: Հունվար օգոստոսին ևս կրճատումների տենդենցը պահպանվել է. արդյունաբերության 0.9 տոկոսի դիմաց հանքարդյունաբերությունը 17.3 տոկոս է գրանցել: Այս թվերից ակնհայտ է, որ արդյունաբերության ոլորտի «պուճուրիկ» 0.9 տոկոսանոց աճը շարունակում է պայմանավորված լինել հանքերի շահագործման ծավալներով:
Ասվածի լրացուցիչ ապացույց է այն, որ արդյունաբերության ամենամեծ ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը, անցած տարվա համեմատ՝ 3.2 տոկոս կրճատում է արձանագրել: Մշակող արդյունաբերության վիճակագրությունը ներկայացվում է 17 ուղղություններով: Դրանցից 8-ն անկումը են գրանցել, 9 ոլորտները՝ աճ: Դիտարկենք մշակող արդյունաբերության ոլորտի առաջին խոշոր հնգյակը: Ամենամեծը սննդամթերքի արտադրության ոլորտն է: Այն մշակող արդյունաբերության 33.7 տոկոսն է. այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա համեմատ, պակասել է 2.7 տոկոսով:
Ծավալով երկրորդը (մշակող արդյունաբերության 16.6 տոկոս)՝ հիմնային մետաղների արտադրությունը, աճել է 11.2 տոկոս: Ծավալով երրորդը խմիչքների արտադրությունն է (ընդհանուրից 12 տոկոս), որն անցած տարվա համեմատ կրճատվել է 10.5 տոկոսով: Չորրորդ խոշոր ոլորտը ծխախոտի արտադրությունն է (ընդհանուրի 11.7 տոկոս):
Հինգերորդը ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունն է (ընդհանուրից 5.5 տոկոս): Այն աճել է 6.6 տոկոսի չափով: Այս կառուցվածքային դիտարկումը ևս ի ցույց է դնում այն փաստը, որ մեր արդյունաբերության ոլորտի աճը բացառապես հանքահումքային ոլորտի աճով է պայմանավորված: «Որքանո՞վ է սա ընդունելի» հարցը հավանաբար արժե քննարկել ռազմական գործողությունների դադարից հետո: