«Եթե խաղաղապահների մասնակցությունն իրատեսական լիներ, ապա վաղուց դա տեղի կունենար». Միքայել Զոլյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին խոսվում է վաղուց, դեռևս Արցախի հակամարտության սկզբից, առաջին պատերազմի տարիներին, ապա նաև՝ բանակցությունների ընթացքում:

«Կարծում եմ, եթե խաղաղապահների մասնակցությունն իրատեսական լիներ, ապա վաղուց դա տեղի կունենար։ Եթե մինչև հիմա դա տեղի չի ունեցել, նշանակում է՝ իրավիճակն այնպիսին է, որ խաղաղապահների ներկայությունը գոնե առայժմ իրատեսական չէ։ Չեմ կարծում, որ այդ ռազմական գործողությունները որևէ ձևով նպաստել են նրան, որ խաղաղապահների ներկայություն լինի։ Ամեն դեպքում բոլոր հարցերը քննարկվում են, և չկա որևէ հարց, որի քննարկումը բացառված լինի, Մինսկի խմբի շրջանակներում ցանկացած հարց կարող է քննարկվել, սակայն այս պահին ես որևէ իրատեսական հեռանկար չեմ տեսնում խաղապահների առումով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Զոլյանը։

Անդրադառնալով մոնիտորինգային մեխանիզմների ներդրմանը, Միքայել Զոլյանն ասաց, որ հայկական կողմը միշտ դրական է արտահայտվել, քանի որ հայկական կողմը երբեք սեփական նախաձեռնությամբ ռազմական էսկալացիա չի սկսել, նախահարձակ չի եղել, ադրբեջանական կողմն է դրան դեմ եղել, պատճառը պարզ է, քանի որ կարծում է ՝ռազմական ճանապարհով պետք է հարցը լուծվի։

«Կարծում եմ՝ այս ռազմական գործողությունենրի արդյունքում ադրբեջանական կողմը կհամոզվի, որ ռազմական ճանապարհով այս խնդիրը լուծել հնարավոր չէ, և համապատասխանաբար գուցե նորից քննարկման առարկա կդառնա մոնիտորինգային մեխանիզմի կիրառման հարցը»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ ցանկացած պետություն, մասնավորապես՝ Ռուսաստանի նման գերտերություն, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, տարածքով աշխարհի ամենամեծ պետությունն է, եթե ինչ-որ մեսիջներ է ուղարկում, ապա այդ մեսիջներն ուղարկում է պաշտոնատար անձանց միջոցով, այդ պատճառով էլ նպատակահարմար չի քննարկել, թե խաղաղապահների մասով ինչ են ասում ռուսական լրատվամիջոցները, գործարարները։

«Ես որպես հիմք պետք է ընդունեմ պետական պաշտոնյաների հայտարարությունները, որոնք շատ հստակ են։ Այնպես որ, թեզը, թե խաղաղապահների մասով պաշտոնական Կրեմլն է լրատվամիջոցների միջոցով դաշտ նետում՝ քննարկելի չէ։ Կրկնում եմ՝ մենք աշխատում ենք պետական մակարդակով, մեզ համար հիմք են պետական հայտարարությունները, մնացածը, թե ով ինչ մեսիջ ուղարկեց, գուցե փորձագետների, լրագրողների համար է։ Մենք ամեն դեպքում ամբողջ տեղեկատվությունը հաղորդում ենք մեր գործընկերներին, մասնավորապես՝ մեր դաշնակից Ռուսաստանին։ Մեկ բան բոլորի համար ակնհայտ է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Արցախում, բխում է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլև ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մնացած երկրների շահերից։ Այսօր Ադրբեջանը փորձում է  Սիրիայից և այլ կոնֆլիկտային գոտիներից ահաբեկչությունը տեղափոխել նախկին Խորհրդային Միության տարածք»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս