Ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Պուտինը 4-րդ անգամ, և ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի Արցախի ՊԲ-ն․ մեկնաբանում է Անդրեյ Արեշևը
«Ինձ համար բարդ է ընդհանրապես պատկերացնել Թուրքիայի կողմից որևէ կառուցողական դերակատարություն Արցախյան հակամարտությունում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակին ու դիվանագիտական ջանքերին։
Հիշեցնենք, որ դիվանագիտական գործընթացն Արցախյան պատերազմի շուրջ նախօրեին ակտիվացավ։ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ստեղծված իրավիճակին Արցախյան հակամարտության գոտում անհապաղ կրակի դադարեցման կոչ անելով և որոշակի ուղերձներ հնչեցնելով Թուրքիայի համար։ Արդեն երեկոյան կայացավ Փաշինյանի-Պուտին թվով չորրորդ հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ, առանց ըստ էության լուրջ բովանդակության, ավելին, սրան զուգահեռ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ ՌԴ նախագահն առայժմ չի պլանավորում շփումներ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ։
Հոկտեմբերի 4-ին կայացել էր Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, իսկ 5-ին՝ Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվայում բանակցությունների նպատակով։ Նախօրեին նաև տարածվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որում նրանք, վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը, կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:
«Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց՝ առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին»,- ասված է հայտարարությունում։
Նախարարական հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, կարևորելով այն և նշելով, որ Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին: «Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծման, վճռականորեն կասեցվելու է»,- ասված էր ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Սրան զուգահեռ՝ չեն դադարում թուրք-ադրբեջանական փորձերը՝ լիովին տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, իբրև թե նոր կարգավորման գործընթաց ներքաշելով Թուրքիային։ Գործընթացում Թուրքիայի մասնակցության անհրաժեշտության մասին բացեիբաց հայտարարություններ են անում թե Ադրբեջանի, թե Թուրքիայի իշխանությունները։ Այսօր կայացել է նաև Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Թուրքիա, առաջին հաղորդագրությունների համաձայն, նա Բաքվում շարունակել է թիրախավորել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը։ Սրան հաջորդել էր նաև խորհրդակցություն Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում, որտեղ քննարկվել էր հայկական «Իսկանդերի» և դրա կիրառման դեպքում համարժեք պատասխանի հարցը։
Անդրեյ Արեշևը նախ փորձեց բացատրել, թե ինչ են զրուցում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին օրերին իրենց թվով չորրորդ հեռախոսային զրույցի ընթացքում, հատկապես, երբ դրանք չեն ազդում հակամարտության գոտում իրավիճակի վրա։
Ըստ Արեշևի, քննարկվում են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և դրա հետ կապված բազմաթիվ հարցեր։
«Սակայն մենք շատ լավ հասկանում ենք, որ բացի Ռուսաստանից, կան այլ երկրներ, որոնք հետաքրքրված են այս ամենի շարունակմամբ, խոսքն առաջին հերթին՝ Թուրքիայի մասին է, որի գործողություններն էականորեն անկայունացնում են իրավիճակն ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանում։ Ռուսաստանի և այլ երկրների ջանքերն ուղղված են նրան, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ դադարեն ռազմական գործողությունները, որոնք ծայրահեղ բացասական հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի համար։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության թեմայով միջազգային շփումների ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն սիրիացի ահաբեկիչներին, որոնք Թուրքիան Մերձավոր Արևելքից բերում է Ադրբեջան ռազմագործողություններին մասնակցության համար՝ դրանով իսկ մերձավորարևելյան անկայունությունը մոտեցնելով Ռուսաստանի հարևանության գոտի»,- ասաց Արեշևը։
Խոսելով բանակցային գործընթացից և դրանում մասնակցելու Թուրքիայի նկրտումներից՝ ռուս քաղաքագետն ասաց, որ Թուրքիան վաղուց էր ցանկանում միանալ այս գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շարքում, և դա արվում էր շատ տարբեր եղանակներով։
Իսկ այսօր, նրա խոսքով, տեսնում ենք, որ Անկարան բարձրացնում է խաղադրույքները և դա անում է ծայրահեղ կոպիտ և անշնորհք ձևով։
«Ինձ համար բարդ է ընդհանրապես պատկերացնել Թուրքիայի կողմից որևէ կառուցողական դերակատարություն՝ հաշվի առնելով իր դիրքորոշումը, որը նա ունի ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, այլև այլ հակամարտություններում, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ եվրասիական, որտեղ Թուրքիան մտնում է բացառապես այս հակամարտության միջոցով՝ նպաստելով բռնությանն ու պատերազմներին։ Թուրքիայի այս քաղաքականությունն արդեն լուրջ արձագանքի է արժանանում արաբական երկրներում, այդ թվում՝ այնպիսի, որոնք նախկինում Թուրքիայի հետ մեկ նպատակ էին հետապնդում, խոսքը սիրիական հակամարտության մասին է։
Ուշադրություն հրավիրեմ Արաբական երկրների լիգայի հայտարարության վրա, չեմ խոսում արդեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այսօրվա հարցազրույցից։ Կարծում եմ, որ ձևավորվելու է կոալիցիա՝ ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանի նեոօսմանյան նկրտումների զսպմանը, և այդ ժամանակ մենք մոտ կլինենք խաղաղությանը»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը՝ անթույլատրելի համարելով որևէ ձևաչափով Թուրքիայի մասնակցությունն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Ռուս քաղաքական վերլուծաբանը, սակայն, կարծում է, որ միջազգային հանրության արձագանքից պակաս կարևոր չէ Արցախի ՊԲ-ի պրոֆեսիոնալ և կիրթ գործողությունները՝ ուղղված հակառակորդի զսպմանը և խաղաղության պարտադրմանը։
«Այսինքն՝ հարձակվող կողմին այնպիսի վնաս պետք է հասցվի, որպեսզի այն վնասները, որոնք նա կրում է, ավելի ծանր լինեն, քան այն քարոզչական օգուտները, որոնք նրանք ցանկանում են վաստակել իրենց ագրեսիվ հռետորաբանությամբ ու գործողություններով Հայաստանի և Արցախի դեմ»,- ասաց Արեշևը։
Մեր դիտարկմանը, որ այս ընթացքում եղել են միջադեպեր նաև Հայաստանի ուղղությամբ, և ինչպես ու երբ կգործեն ՀԱՊԿ-ի և ռուսական անվտանգային երաշխիքները տրված Հայաստանին երկկողմ պայմանագրերով, Արեշևն ասաց, որ ուզում է ուշադրություն հրավիրել փաստաթղթերի այն համակարգի վրա, որոնք ստորագրվել են Մոսկվայի և Երևանի միջև տարբեր ժամանակաշրջաններում, որոնք ենթադրում են նաև կովկասյան միացյալ ՀՕՊ ձևավորում, միացյալ հայ-ռուսական խմբավորում, որոնք նախատեսված են նման խնդիրների դեպքում կիրառման համար։
«Կարծում եմ, որ այդ բոլոր պարտավորություններն ուժի մեջ են, և եթե ագրեսիան տեղափոխվի Հայաստանի տարածք, ապա ռուսական բոլոր պարտավորություններն ուժի մեջ կմտնեն և դրանք համապատասխան կերպով կիրագործվեն»,- ասաց Արեշևը։