«Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առաջ, ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք». Արայիկ Հարությունյան
«Ուզում եմ, որ լինենք, առաջին հերթին, դուխով, վճռական, և հաղթանակն ապահովված է լինելու»,- իր տեսաուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա պարզաբանեց, թե ինչու է գնացել առաջնագիծ. «Մտահոգվելու բան չի եղել, մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ: Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը՝ հրամանատարից, գեներալ Հարությունյանից՝ մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում: Ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը: Ոչ թե ամենասպառազինված, ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը: Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առաջ, ուզում եմ ասել՝ ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը, ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք: Ուզում եմ գոհունակությամբ նշել մեր սպայական անձնակազմի հերոսության մասին՝ իրականում հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը, և մեզ դա է պետք»:
Արցախի նախագահի հրամանագրով այսօր 5 հոգի ևս արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման:
«Դավիթ Լյովայի Գրիգորյան՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ Կարախանդիլի և Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա, շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
Էդգար Էդվարդի Մարկոսյան՝ այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
Յուրա Հայկարամի Ալավերդյան, բոլորը զինվորներ են, ի դեպ, այս երեքը Կարախանդիլի, Ֆիզուլիի հատվածում՝ 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա: Փառք մեր այս հերոսներին, մեր զինվոր հերոսներին:
Գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ: Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, Ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, Դուք իրական Արցախի հերոս եք:
Եվ վերջինը՝ Դավիթ Վանիկի Ղազարյան, ցավոք, հետմահու, որը վարել է մարտը ոչ մի քայլ հետ սկզբունքով, որն իրականում հերոսություն է կատարել: Ցավակցում եմ մեր բոլորին, բայց հպարտ եմ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ: Իհարկե, շարունակվելու է իմ կողմից, պետության կողմից մեր հայրենակիցների հետագա հերոսությունների գնահատման աշխատանքը: Փառք բոլորին, բոլորն էլ հերոս են»: