«Մեզ մոտ խաղաղապահների վերաբերյալ  ոչ միանշանակ կարծիք  կա, քանի որ  կա  1991 թվականի դառը փորձը՝ «Կոլցո» օպերացիան»․ Մասիս Մայիլյան

Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE» յութուբյան հաղորդաշարի եթերում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում տիրող իրավիճակը՝  տեսակապի միջոցով հյուրընկալելով Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։  Մայիլյանն իրավիճակային մանրամասներ ներկայացնելով՝ պատասխանել է մեկնաբանի հարցին, թե ինչով էր տարբերվում 1990-ական թթ․ Ղարաբաղյան պատերազմը ներկայիս պատերազմից։

«Իհարկե, ներկայում  կիրառվում են այլ տեսակի սպառազինություններ։ Այն ժամանակ Արցախի Հանրապետության սպառազինվածության մակարդակը ևս  այնքան բարձր չէր, որքան  ներկայում։ Այն  ժամանակ մենք հիմնականում կռվում էինք գրավված սպառազինությամբ  և տանկերով, որոնք վերցնում էինք ադրբեջանական կողմից։ Ներկայում այդ առումով, իհարկե, նաև ադրբեջանական կողմն  ավելի լավ է  զինված սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։ Մենք ևս այդ հարցով նրանցից ետ չենք մնում, մենք ունենք  բոլոր հնարավորությունները  պաշտպանվելու,  առավել ևս՝ հակահարձակման  համար»,- ասաց Մայիլյանը։

Սոլովյովի հարցին, թե ի՞նչ աջակցություն է ակնկալում Ռուսաստանից Արցախը,  և ի՞նչ դերակատարություն պետք է ստանձնեն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները՝  դադարեցնելու համար զինված հակամարտությունը, ԱՀ ԱԳ նախարարն արձագանքեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկն է, ՌԴ-ն ունի կարևոր դերակատարություն։

«Երեկ և այսօր ՌԴ Նախագահը, Արտաքին գործերի նախարարը  և պատգամավորներ ներգրավված են  գործընթացում։ Գիտեք, որ եղել է հեռախոսային խոսակցություն  նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի միջև, ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը մշտական  կապի մեջ է պարոն Լավրովի հետ։ Ռուսաստանն իրականացնում է  իր գործառույթները՝ որպես միջնորդ։ Բայց ես պետք է ասեմ, որ այս երեք միջնորդներից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից,  ռազմական առումով, միայն Ռուսաստանն ունի  օպերատիվ գործիքակազմ՝  ներգրավվելու և ռազմական գործողությունները դադարեցնելու առումով։ Այս իմաստով մեզ հայտնի է 2016 թվականի փորձը, և ընդհանուր առմամբ նման իրավիճակներում մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և  Ֆրանսիան, պատվիրակում են այդ իրավունքը Ռուսաստանին»,- ասաց Մայիլյանը։

Ռուս լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե  գուցե Ռուսաստանը խաղաղապահնե՞ր մտցնի, ոչ թռիչքային գոտի ստեղծի և խաղաղապահնե՞ր մտցնի, Մասիս Մայիլյանն ասաց․

«Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա մեզ մոտ  ոչ միանշանակ կարծիք  կա, քանի որ  կա  1991 թվականի դառը փորձը՝ «Կոլցո» օպերացիան և այլն, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանն  այլ հնարավորություններ ունի Ադրբեջանին ագրեսիայի այս գործողությունից ետ պահելու համար»։

Վլադիմիր Սոլովյովը փորձեց հստակ պատասխան  ստանալ, թե ինչպիսի գործիքների մասին է խոսքը, արդյո՞ք դիվանագիտական՝  մի իրավիճակում, երբ Էրդողանը կոշտ հայտարարություններ է անում, երբ ադրբեջանական կողմը, նրա խոսքով, Ղարաբաղի տարածք է մտել, և երբ ինչ-որ հրատապ բան է  պետք ձեռնարկել: Ճշտող հարցին ի պատասխան՝ Մասիս Մայիլյանն ասաց, որ անհրաժեշտ են քաղաքական քայլեր։

«Մենք մեր  հայտարարության մեջ նշեցինք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, դա ևս կարող էր  ունենալ որոշիչ դերակատարություն՝ ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ Թուրքիային զսպելու առումով»,- ասաց ԱՀ ԱԳ նախարար Մայիլյանը։

Սոլովյովի մյուս ճշտող հարցին, թե՝ ճանաչում ո՞ւմ կողմից, Մասիս Մայիլյանը պատասխանեց, որ այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, հատկապես, երբ դրա օրինակը կա, և  Մասիս Մայիլյանը որպես օրինակ՝ նշեց Աբխազիայի անկախության  ճանաչումը Ռուսաստանի կողմից։

Զրույցի  ամփոփիչ հատվածում Սոլովյովը փորձեց նաև պարզել, թե արդյոք Ղարաբաղը ճանաչե՞լ է  Աբխազիայի, Հարավային  Օսիայի  անկախությունը, ինչպիսի՞ն է Ղրիմի վերաբերյալ դիրքորոշումը, որին ի պատասխան՝ Մայիլյանն ասաց, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ Արցախն ունի հարաբերություններ, այդ թվում՝ պայմանագրային, մասնակցում են տարբեր  համատեղ միջոցառումների, և շնորհակալություն հայտնեց այդ երկրների ԱԳ նախարարներին այս օրերին աջակցության հայտարարություններով հանդես գալու համար, որը, նրա որակմամբ, համակրանքի դրսևորում է։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս