Ռուսաստանը գուցե ստիպված լինի հօգուտ Հայաստանի ուժային միջամտություն ցույց տալ․ Ալեքսանդր Խրամչիխին

«Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմական գործողությունների ուղղությամբ զուսպ չէ, այն ավանդական է, այս փուլում ավելին ակնկալելն անիմաստ է։ Ինչպես կարելի է նկատել, ողջ աշխարհի դիրքորոշումն է նմանատիպ, միայն Ռուսաստանը չէ»,- նման կարծիք հայտնեց 168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում տիրող ռազմական իրավիճակին, ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնմանը, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառմանը, ինչպես նաև Վարդենիսի թիրախավորմանն Ադրբեջանի կողմից։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողություններն Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՊՆ-ի հաղորդմամբ, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: Նշենք նաև, որ հակառակորդն այսօր թիրախավորում է նաև Վարդենիսը։

Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ վաղուց է կանխատեսել Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսում բանակցային գործընթացի ապակառուցողականության և տարածաշրջանի ռազմականացման պայմաններում, հատկապես, երբ Ղարաբաղից չի հրաժարվում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը։ Ուստի, նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, անսպասելի ու զարմանալի չէ։

Խրամչիխինի կարծիքով, առանց այդ էլ բարդ ԼՂ հակամարտությունը վերջին շրջանում իր խաղով բարդացնում է Թուրքիան, և դա հեշտ խաղ չէ, քանի որ դրանում առկա են Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները, Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական կրկին բարդ հարաբերությունները, և այն, ինչ անում է Թուրքիան այս հակամարտության գոտում, նաև Ռուսաստանի դեմ է, քանի որ Ռուսաստանը խոչընդոտել է թուրքական պլանների իրագործմանը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբիայում: Ռուսաստանն ու Թուրքիան գործում են հակադիր բևեռներում, իսկ ռուս-թուրքական նման մակարդակի հարաբերությունները պահպանվում են միմիայն տնտեսության և դրանից բխող շահերի շնորհիվ։

«Իրավիճակը բավականին անկանխատեսելի է, և հնարավոր է ամեն սցենար, մինչև անգամ տեսականորեն հնարավոր է և պետք է խոսել նաև տարածաշրջանային պատերազմի հավանականությունից, որը կներառի Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, և հայտնի չէ նաև, թե այլ ինչ կենտրոններ։ Ներկայիս իրավիճակը դեռ բավականին սահմանափակ է, թեև տեղի է ունենում կիրառվող սպառազինության տրամաչափի փոփոխություն, աշխարհագրության փոփոխություն, և չի բացառվում, որ այո, ավելի ինտենսիվ ռազմագործողություններ լինեն նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Սակայն մինչ այս պահն այն, ինչ տեղի է ունենում, այդ թվում՝ Վարդենիսի ուղղությամբ, այնքան ոչ էական է, գործողությունների մասշտաբը, եթե դիտարկում ենք դինամիկայի մեջ, փոխվում է, բայց իրականում Հայաստանի ուղղությամբ լուրջ գործողություններ դեռ չկան։ Այս դեպքում Ռուսաստանը չունի որևէ առիթ միջամտելու, բացի դիվանագիտական կոչերը, որոնք որևէ բան չեն փոխելու այս իրավիճակում։ Եթե լայնամասշտաբ ռազմագործողություններ սկսվեն Հայաստանի տարածքում, ծանր սպառազինության գործադրմամբ ՀՀ ԶՈՒ-ի դեմ և Թուրքիայի ուղիղ միջամտությամբ, այդ դեպքում, կարծում եմ, Ռուսաստանը կսկսի լրջորեն անհանգստանալ և իր գործողությունները կսկսի զգուշացմամբ, եթե դա չօգնի, ապա կտեսնենք, թե ինչ որոշումներ են կայացվում։

Կարող են կայացվել, այո՛, լուրջ որոշումներ, բայց ասել, թե դրանք կոնկրետ ինչ որոշումներ կլինեն, անհնար է։ Մինչ այս պահը բոլորը հետևում են և արձանագրում, որ դեռ իրավիճակը չունի մեծ աշխարհագրություն և էական մասշտաբներ, որից ելնելով էլ՝ կայացվում են որոշումները»,- ասաց Խրամչիխինը։

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում գործողությունների դեպքում ՀԱՊԿ-ը չի կարող գործել այնպես, ինչպես հարկն է այդ կառույցում առկա անդամ երկրների և նրանց ունեցած հարաբերությունների պատճառով։

«Բայց, ինչպես նշեցի, չի բացառվում, որ կլինի սցենար, երբ Ռուսաստանը չի կարողանա անմասն մնալ իրավիճակից, թեև սա անցանկալի սցենար է Ռուսաստանի համար ցանկացած տեսքով։ Ներկայումս կոչերը անիմաստ եմ համարում, ամեն ինչ որոշվում է պատերազմի դաշտում, և դրա հետագա մասշտաբներից կախված կլինի արտաքին խաղացողների պահվածքը»,- ասաց Խրամչիխինը։

 

Տեսանյութեր

Լրահոս