
«Աշոտը շատ էր սիրում ռազմական ոլորտը, դեռ փոքր ժամանակից զենքեր էր «սարքում»՝ քանդում-հավաքում». համայնքի ղեկավար

«Աշոտն ապրում էր մոր, կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 41-ամյա Աշոտ Մնացականյանի համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանը:
«Երեխաները սովորում են՝ 4-րդ, 5-րդ դասարաններում, մեկն էլ ոնց որ դեռ դպրոց չի գնում: Ահագին ժամանակ է՝ 10 տարուց ավելի, ծառայում է հայոց բանակում: Կարելի է ասել՝ միակ եկամուտը, որով ընտանիքը պահում էր, դա էր: Շատ էր սիրում ռազմական ոլորտը, դեռ փոքր ժամանակից շատ էր սիրում, իր համար զենքեր էր «սարքում»՝ քանդում-հավաքում: Լավ հավեսով երեխա էր, շատ համեստ, վերին աստիճանի, նրա ձայնը բարձրացրած չեմ լսել»,- ասաց համայնքի ղեկավարը:
Համայնքի ղեկավարը փոխանցեց՝ այսօր տեղի կունենա Աշոտի հուղարկավորությունը:
«Ամբողջ համայնքով կանգնած ենք Աշոտի ընտանիքի կողքին, շատ ենք ցավում, և ոչ միայն Աշոտի համար, այլ բոլոր զոհվածների համար: Բոլորս մի մարդու պես կանգնած ենք, եթե պետք լինի՝ մի քանի բեռնատար մեքենաներով կգնանք ճակատ, մեր պետության, մեր երեխաների, մեր ապագայի համար»,- հավելեց Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը սեպտեմբերի 27-ին հրապարակել էր նահատակված 16 զինծառայողների ցանկը, որոնց թվում էր նաև Աշոտ Մնացականյանը: Երեկ առավոտյան հրապարակվեցին ևս 15 զոհերի անունները, կեսօրից հետո՝ ևս 27 նահատակվածների անունները, իսկ ավելի ուշ՝ կեսգիշերին մոտ, ՊՆ-ն հրապարակեց ևս 24 նահատակված զինծառայողների անունները: Այս պահի դրությամբ հայկական կողմն ունի ընդհանուր 84 զոհ: