Արցախյան հակամարտությունում առանց այդ էլ շատ աշխարհաքաղաքական կենտրոններ են արդեն խառնված, որպեսզի ևս մեկ նման կենտրոն ի դեմս ՆԱՏՕ-ի հրավիրվի տարածաշրջան. Արմեն Աշոտյան

«ՀՀ նոր իշխանությունների դրույքը, այսպես կոչված, ժողովրդավարության վրա, որպես արտաքին քաղաքական և անվտանգային խաղաքարտ, այս պատերազմով ապացուցվեց, որ իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին արևմտյան կառույցների արձագանքի համարժեքությանն ու ՆԱՏՕ-ի հնարավոր դերակատարությանը։

Արմեն Աշոտյանն ասաց, որ ակնհայտ է՝ աշխարհաքաղաքական լուրջ դերակատարություն ունեցող, իրական քաղաքականության մեջ ազդեցություն ունեցող միջազգային կառույցները և գերտերությունները դեռևս սահմանափակվում են ընդհանուր մտահոգություններ հայտնելով և խաղաղարար կոչերով։

«Առանձին հարց է՝ արդյո՞ք այս պահի դրությամբ Հայաստանին և Արցախին ձեռնտու է ռազմաճակատային իրավիճակում սառեցնել պատերազմը և ադրբեջանական ագրեսիային տուրք տալ։ Ես չգիտեմ՝ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը պատերազմական գոտում արդյո՞ք տրամադրող է, որպեսզի երկարաժամկետ առումով Հայաստանի և Արցախի անվտանգությանը վնաս պատճառող հետևանքներ չլինեն։

Եկեք այս հարցը բաց թողնենք և խոսենք այն հանգամանքի մասին, որ միջազգային ինստիտուտները, այն լուրջ դերակատարները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում իրական քաղաքականության մեջ, գործուն քայլեր չեն ձեռնարկում, տեսանելի չեն նման քայլեր։ Գործուն քայլ կհամարեմ այն, որ, ենթադրենք, հնարավոր զինադադարի դեպքում ադրբեջանական զորքերը ետ քաշվեն սեպտեմբերի 27-ի դրությամբ իրենց դիրքեր։ Երկարաժամկետ առումով բացասական հետևանքներով պատերազմը չի կարող կանգնեցվել՝ ի հաշիվ հայկական կողմերի անվտանգային շահերի»,- նման դիրքորոշում հայտնեց Արմեն Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է նաև՝ եվրոպական քաղաքական շրջանակները, ունենալով ադրբեջանական էներգակիրների, Հարավային էներգետիկ միջանցքի հարցում հետաքրքրվածություն, այս պահի դրությամբ բավականին երկդիմի կեցվածք են դրսևորում՝ նաև իրենց աչքը փակելով թուրքական կողմի այս հակամարտությունում ակներև ներգրավվածության վրա։

Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ մի կողմից՝ Եվրոպական միությունը վատթարացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման հետ կապված, առհասարակ երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունենալով նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից, բավականին իրենց համար՝ ռացիոնալ, մեր տեսանկյունից՝ ցինիկ պահվածք է դրսևորվում եվրոպական ղեկավար կառույցների կողմից ակնհայտ ադրբեջանական ագրեսիայի պարագայում։

«Ես չեմ հավատում, որ եվրոպական լուրջ պաշտոնյաների շարքում կա մարդ, որը ոչ ֆորմալ միջավայրում կամ իր մեջ չգիտի, որ այս պատերազմի հրահրողն Ադրբեջանն է, ու չգիտի, որ Թուրքիան էլ կանգնած է այդ պատերազմի ետևում։ Դա ակնհայտ ճշմարտություն է, համադրելի բոլոր փաստերի հիման վրա, էլ չասեմ, որ նման պաշտոնյաները վստահաբար նաև հնարավորություն ունեն իրենց անվտանգային ծառայություններից ավելի խորը տեղեկանքներ ստանալ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ նոր իշխանությունների դրույքը, այսպես կոչված, ժողովրդավարության վրա, որպես արտաքին քաղաքական և անվտանգային խաղաքարտ, այս պատերազմով ապացուցվեց, որ իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի։ Եվրոպական կամ միջազգային այլ կառույցները որևէ տարբերակում չեն դնում ավտորիտար և պատերազմ հարուցած Ալիևի և համեմատաբար ժողովրդավար ու այս դեպքում պաշտպանվող Հայաստանի միջև»,- նման արձանագրում արեց Արմեն Աշոտյանը։

Արձագանքելով հարցին, թե ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ն հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու գործում, եթե ՀՀ իշխանությունները նման հարցով դիմեն այդ կառույցին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ ՆԱՏՕ-ն ինքը մխրճվել է բազմաթիվ ներքին խնդիրների մեջ՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, և Հունաստանի, Կիպրոսի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը դրա ամենավառ ապացույցն է՝ հատկապես հաշվի առնելով իրավիճակն Արևելյան Միջերկրական ծովում։

Ըստ նրա, դժվար է ասել՝ ՆԱՏՕ-ն, չկարողանալով ամբողջությամբ հարթել իր ներքին խնդիրները, ի վիճակի կլինի՞ լուրջ դերակատարություն ստանձնել մեր տարածաշրջանում։

ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ առհասարակ պետք է զգուշավոր լինել ՆԱՏՕ-ին ռազմաքաղաքական առումով տարածաշրջան հրավիրելիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, և ինչ դերակատարություն է ստանձնել Արցախյան հակամարտության գոտում ներկայումս։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում և Արցախյան հակամարտության շուրջ, առանց այդ էլ չափից ավելի մեծ քանակությամբ, չափից ավելի մեծ ազդեցությամբ աշխարհաքաղաքական կենտրոններ են արդեն խառնված, որպեսզի ևս մեկ նման կենտրոն հրավիրվի տարածաշրջանում խնդիր լուծելու համար։ Խնդիր լուծող լինեին՝ իրենց ներսի խնդիրները կկարգավորեին, իրենց դաշինքի ներսում ևս կկարգավորեին խնդիրները։ ԵՄ-ն պետք է շատ լավ հասկանա, որ Թուրքիան Թուրքիա է, Էրդողանն Էրդողան է՝ անկախ նրանից՝ իր ատամը ցույց է տալիս Միջերկրական ծովո՞ւմ, Հյուսիսային Աֆրիկայո՞ւմ, Բալկաններո՞ւմ, թե՞ Հարավային Կովկասում։ Չի կարող մեկ հակամարտության դեպքում Թուրքիան լինել վատը, իսկ նմանատիպ լկտի, ագրեսորին խրախուսող և անթաքույց խառնվող պահվածքով Հարավային Կովկասում Թուրքիան չմատնանշվի եվրոպական քաղաքական գնահատականներում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Տեսանյութեր

Լրահոս