«Վիճակը ծայրահեղ ծանր է՝ այս իրավիճակում որևէ սթափ մարդ, երկիր բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցություններից». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը եղել է իրենց օրակարգում։ Թե ինչու այդ քայլին չեն գնացել, ըստ նրա, դա եղել է Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության հորդորով, որ այս փուլում նման քայլը կարող է փակել խաղաղ բանակցային գործընթացը։

«Հիմա հարց եմ տալիս, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան։ Վիճակը ծայրահեղ ծանր է, հիմա այս իրավիճակում որևէ սթափ մարդ, երկիր բարոյական իրավունք ո՞ւնի խոսելու խաղաղ բանակցություններից։ Երեկվանից հետևում եմ միջազգային հանրության հեզաճկուն, լղոզած գնահատականներին և երկու կողմերի միջև հավասար նշան դնելուն։ Անկեղծ, երեկ սպասում էի, որ, երբ Թուրքիայի էլիտայի ներկայացուցիչների մեկը՝ Արտաքին գործերի նախարարը, թվիթերյան իր էջում բացարձակ ցինիկ գրառում էր  արել, ասելով, թե հայերը ստացան այն, ինչ ուզում էին, և իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, միջազգային որևէ կառույց կարձագանքեր նրա հայտարարությանը, բայց, ցավոք, չեղավ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա կարծիքով՝ ժամանակն է, որպեսզի խորհրդարանում քննարկվի Արցախի ճանաչումը, և ընդունեն այն, այդ թվում՝ Հայաստան-Արցախ հուշագրի ստորագրումը։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ սրանով հանդերձ՝ չեն ցանկանում սեպարատ գործընթաց սկսել, քանի որ հասկանում են, որ այժմ այնպիսի իրավիճակ է, որ պետք է իրենց բոլոր քայլերը, առնվազն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ լինեն համակցված։

«Մենք պատրաստ ենք առաջիկայում նախաձեռնելու փակ նիստ, պատրաստ ենք լսել նաև մտահոգությունները, ռիսկերը։ Ադրբեջանն իրեն պահում է իսլամական պետության մարդակերների պես։ Երեկ կարդացի Մինսկի խմբի լղոզած հայտարարությունը, և այստեղ պետք է համաձայնեմ Արցախի նախագահի հետ, որ մեզ չի բավարարում միջազգային հանրության արձագանքը»,- շեշտեց նա։

Նաիրա Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օր առաջ պետք է լինի ազատության մեջ, քանի որ այն միջազգային կապերը, որոնք ունի նա, և այն խնդիրը, որը կարող է նա լուծել՝ պետք է գնալ ազգային համաձայնության։

«Այն, ինչ կարող է անել Գագիկ Ծառուկյանը, մեզանից որևէ մեկը չի կարող անել։ Ես միշտ ասել եմ, որ մենք շատ ավելի գրագետ պետք է կարողանանք աշխատեցնել խորհրդարանական դիվանագիտությունը, ԱԳՆ-ն և սփյուռքում լոբբիստական կառույցները»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս