«Ապրիլյան պատերազմը տեղեկատվական դաշտում անսպասելի էր՝ այս անգամ Ալիևը հստակ ասում էր, որ սկսում են պատերազմ». Ադրբեջանական հարցերով փորձագետ

Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած  ռազմական այս ագրեսիան 2016 թվականի ապրիլյան պատերազմից տարբերվում է նրանով, որ այս անգամ Ադրբեջանը սադրանքի դիմեց բացահայտ՝ նախապես հայտարարելով, որ պատերազմ է սկսում։

«Ապրիլյան պատերազմը տեղեկատվական դաշտում շատ անսպասելի էր, չգիտեմ՝ ռազմականում այդպե՞ս էր, թե՞ ոչ, բայց տեղեկատվականում անսպասելի էր։ Իսկ այս անգամ Ալիևը երկու շաբաթ շատ հստակ, առանց ոչինչ թաքցնելու՝ ասում էր, որ դուրս են գալու բանակցային գործընթացից, չեն բանակցելու և սկսում են պատերազմ։ Ալիևի խորհրդականը՝ ռազմական հարցերով, բացեիբաց հայտնեց, որ սկսում են պատերազմ, ինչն էլ Հայաստանին բերելու է լուրջ կորուստների և հարցականի տակ է դնելու նրա գոյությունը։ Այս ամենից 48 ժամ հետո սկսեցին ռմբակոծել Ստեփանակերտը։ Այսինքն՝ բոլոր նախադրյալները, որ այսօր կամ վաղը նրանք հարձակվելու են՝ կային»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։

Անդրադառնալով տեղեկատվական քարոզչությանը, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ հայկական կողմի տեղեկատվական քարոզչությունը բացարձակապես չի գոհացնում, քանի որ ավելի շատ ռեսուրսներ կային, որոնք հայկական կողմը կարող էր գործածել, սակայն չարեց։ Իսկ Ադրբեջանը պլանավորելով պատերազմ և շատ երկար պատրաստվելով՝ վերլուծելով ապրիլյան պատերազմի բոլոր սխալները, Թուրքիայի հետ սեպտեմբերի 7-ին ստեղծել է տեղեկատվական հարթակ, որից հետո Թուրքիան իր վրա է վերցրել քարոզչության և տեղեկատվության ապահովումն այս ռազմական գործողություններին։

«Այսինքն՝ Ադրբեջանի հետ, կասեի՝ նաև Ադրբեջանի փոխարեն, ամբողջ տեղեկատվական պատերազմը և խոսքը վարում է Թուրքիան՝ առաջին դեմքի մակարդակով»,- շեշտեց նա։

Փորձագետը դժվարացավ ասել, թե այս ռազմական ագրեսիան ինչ զարգացումներ կարող է ունենալ, քանի որ կանխատեսումներ անելն անհեթեթություն է, որովհետև ցանկացած պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։

Նրա խոսքով՝ռազմական ագրեսիայի հետ կապված, երեկվանից Ադրբեջանում ինտերնետն  անջատած է, երեկ երեկոյան, երբ մի պահ միացրել են, համացանցում ադրբեջանցիներն արդեն տեսել են զոհվածների դիերը, որից հետո էյֆորիան սկսել է փոխվել հուսահատության։

«Չնայած կան ֆանատիկներ, որոնք մշտապես հայտարարում են, թե հաղթելու են, ջարդելու են, դե, իրենց ավանդական քարոզչության մեջ են»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս