Ես սպասում եմ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի, դա հրատապ է. Անուշավան Դանիելյան

 168.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

– Պարոն Դանիելյան, վաղ առավոտից տագնապով հետևում ենք Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին: Ինչպե՞ս եք գնահատում այն և ինչպիսի՞ քաղաքական քայլերի անհրաժեշտություն եք տեսնում այս պահին:

– Ես և, կարծում եմ, նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, այդ թվում՝ պետական քաղաքական գործիչները, կարծես թե սպասում էին նրան, ինչ այսօր կատարվում է: Ինքս տեսնում էի նման սցենարի հնարավորություն, համեմատելով և վերլուծելով նախկին և վերջին շրջանի իրադարձությունների զարգացումը, կարծում էի՝ վաղ թե ուշ սկսվելու է:

Կարծում եմ, որ մեր բանակը պետք է պատրաստ լինի և առաջին ժամերի գործողությունները հենց դրա մասին են վկայում, որ բանակը կարողանում է համարժեք գործողություններով պատասխանել Ադրբեջանի ագրեսիային: Կոչով հանդես եկա անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, մենք վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, մի քանի անգամ այսպիսի առիթներ ունեցել ենք ճանաչելու ԱՀ անկախությունը և ներկայումս չի կարելի առիթը բաց թողնել, անհապաղ պետք է ճանաչել Արցախի անկախությունը:

Եթե մինչ այս պահն իշխանությունների միակ փաստարկն այն էր, որ եթե ճանաչեն, ապա պատերազմ կարող է սկսվել և այդ դեպքում ինչի՞ շուրջ պետք է բանակցեն, քանի որ եթե ճանաչեն, կարող է սկսվել պատերազմ: Այսօր այդ պատերազմը սկսվել է և դա լավագույն առիթն է 1994 թվականի հրադադարից հետո, որովհետև այսպիսի լայնածավալ ռազմական գործողություններ չեն եղել նույնիսկ 2016 թվականի քառօրյա պատերազմին:

Ընդհանրապես Արցախի հարցի քաղաքական լուծումը ես տեսնում եմ միջազգային ճանաչման հարցի առաջմղման կոնտեքստում, իսկ դա շատ դժվար է, որովհետև երբ Հայաստանը դիմում է իր գործընկեր պետություններին, նրանք ասում են, որ դեռևս Դուք չեք ճանաչել Արցախի անկախությունը: Ուստի ես դիմեցի նաև քաղաքական կուսակցություններին, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, որպեսզի նրանք դիմեն քաղաքական ղեկավարությանը մի կողմից, մյուս կողմից, որպեսզի քաղաքական ղեկավարությունը հիմք ունենա հենվելու այդ քաղաքական ուժերի տեսակետի վրա հայտարարելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին:

– Նշեցիք, որ սպասելի էր այն, ինչ տեղի է ունենում: Ինչո՞ւ:

– Ես նկատի ունեմ Ադրբեջանի ղեկավարության շատ ագրեսիվ հայտարարությունները, Տավուշի շրջանի ռազմական միջադեպի արձագանքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, հետագա զորավարժությունները Նախիջևանում, թուրքական զինուժի տեղափոխումը Ադրբեջանի տարածք, թուրքական էլիտայի արձագանքը սկսած նախագահից, ԱԳ նախարարից մինչև Պաշտպանության նախարար, այդ թվում Ադրբեջանի ռազմական ղեկավարության հայտարարությունները: Այդ ամենն ի մի բերելով՝ ինձ մոտ այդ տպավորությունը և սպասելիքները կային: Մենք այդ մասին քննարկումներ ունեցել ենք հայաստանյան քաղաքական գործիչների հետ և տպավորւթյունս այնպիսին էր, որ կարծիքս շատերը կիսում են:

– Հուլիսյան սրացումից հետո Թուրքիան նորովի է ներկայանում, նոր ագրեսիվ հայտարարություններով, աջակցության կոչերով հանդես գալիս, ու շատ փորձագետներ, քաղաքական շրջանակներ չեն բացառում, որ Թուրքիան ռազմական միջամտություն կցուցաբերի, ինչպես և նշում է, մենք ունենք Ռուսաստանը, որը նման իրավիճակներում մշտապես փորձում է գլխավոր շտաբի պետերի մակարդակով միջամտել, հանդարտեցնել իրավիճակը: Ի՞նչ դասավորություն կարող է ստեղծվել տարածաշրջանում,եթե այս իրավիճակը շարունակվի և եթե Թուրքիան միջամտի:

-Առաջին հայացքից է միայն թվում, թե Թուրքիան կտրուկ է փոխել իր դիրքորոշումը Արցախյան հարցի և ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների նկատմամբ: Եթե գլոբալ դիտարկենք այդ հարցը, ապա Թուրքիան փոխել է իր վերաբերմունքը ոչ միայն հայ-ադրբեջանական հարցում, այլև ընդհանրապես իր դերն է վերանայել տարածաշրջանում: Դրա մասին է վկայում թուրքական զորքերի ներխուժումը Իդլիբ՝ Սիրիայի հյուսիսային հատված, Իրաք, Լիբիայի գործընթացներ, ինչպես նաև միջերկրական ծովում թուրք-հունական տարածքների նկատմամբ թուրքական նկրտումներ:

Ինչ մնում է մեր տարածաշրջանին, էրդողանը Նախիջևանում թուրքալեզու պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևի ելույթից հետո այն մասին, որ Զանգեզուրն իրենց պատմական տարածքն է և այն բռնագրավված է Հայաստանի կողմից, որը տարանջատում է թուրքալեզու պետություններին, իր ելույթով Էրդողանն ասաց, որ պետք է բարեկամ Ադրբեջանին օգնեն վերացնելու համար այդ խոչընդոտը թուրքալեզու պետությունների մեջ: Հետագայում Էրդողանը մեկ անգամ ևս անդրադարձավ այդ հարցին արդեն նախագահի կարգավիճակով Բաքվում նույն ձևաչափով հանդիպման ժամանակ մոտ 2-3 տարի առաջ, Զանգեզուրի հարցը բարձրացրեց Ալիևը, Էրդողանը միանշանակ նշեց, որ դա պատմական անճշտություն է, որը պետք է վերականգնեն: Խոսքը այսօր միայն Արցախի մասին չէ, խոսքը Թուրքիայի նկրտումներն են միացնել Միջին Ասիայի թուրքալեզու պետությունները, Թուրքիայի ազդեցությունը տարածել մինչև Միջին Ասիա և Չինաստան, պատահական չեն տարաձայոնւթյունները Չինաստանի հետ, մեկ անգամ Էրդողանը խոսել է այդ մասին:

Այստեղ միայն Արցախի հարցը չէ, հարձակումները ընթանում են Զանգելանի և Ջաբրայիլի ուղղությամբ, նրանց համար դա ռազմական մեծ նշանակություն ունի, որովհետև եթե նրանք մտնում են այդ տարածք Թուրքիայի այդ նկրտումները իրականացնելու համար, նրանց մնում է ընդհամենը 45-50 կմ լայնությամբ Զանգեզուր, որն Ադրբեջանից Զանգելան Կուբաթլի տարածքներից հարձակման դեպքում կես ժամվա հարց է, այսօր խոսքը Հայստանի անվատնգության մասին է, ոչ միայն Արցախի: Սա ընդհանուր համահայկական հարց է, դա բոլորս պետք է գիտակցենք:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին: Տարածաշրջանում կա երկու պետություն Թուրքիա և Ռուսաստան, որոնք ունեն իրենց սեփական շահերը և մենք պետք է վաղուց իմանայինք մենք ում հետ ենք և ով կարող է մեր շահերը պաշտպանել ելնելով սեփական շահերից: Երբ Դուք ասում էիք, որ հարցերը քննարկվում են շտաբի պետերի մակարդակով, շատ ցավալի է, որ քննարկվում է շտաբի պետերի մակարդակով:

Եթե հիշում եք, տավուշյան դեպքերը քննարկվեցին ոչ միայն շտաբի պետերի մակարդակով, այլև Պուտին-Էրդողան, Պուտին-Ալիև հեռախոսազանգերով: Ցավոք սրտի, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց տեղի չունեցավ և, օրինակ, ես հիմա եմ սպասում նման զանգ, դա հրատապ է: Ունենալ նմանատիպ ռազմավարական գործընկեր, որը համաշխարհային մասշտաբով քաղաքական և ռազմական նշանակություն ունի և նրա հետ չքննարկե՞լ այս լայնածավալ ռազմական գործողությունները, իսկ այն, որ զորահավաք է հայտարարվել և ռազմական դրություն, դրա մասին են վկայում: Ուստի նման հեռախոսազրույց, ըստ իս, պետք է տեղի ունենա:

Տեսանյութեր

Լրահոս