Ծառուկյանն արագացրեց պետության վախճանը
«Հասնում ա»։ Այս՝ ոչ այն է՝ միտքը, ոչ այն է՝ անմտությունն է ընկած Հայաստանում կատարվող գործընթացների հիմքում, առավել ևս՝ երբ դրանք վերաբերում են այս կամ այն անձի դատապարտմանը, ազատազրկմանը, ունեզրկմանը։
Գագիկ Ծառուկյանին կալանավորել են, կալանավորել են ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ Այս հարցի առնչությամբ հասարակական կարծիքը բաժանվել է երկու խոշոր խմբի՝ մարդկանց մի մասը տեսնում է տեղի ունեցող գործընթացում ակնհայտ քաղաքական բաղադրիչը և անթույլատրելի է համարում նման իրողությունը իրավական պետությունում։ Մարդկանց մյուս խումբը խնդրին վերաբերվում է այն մեկնակետից, որ Գագիկ Ծառուկյանին «հասնում ա»։ Ըստ ամենայնի, իշխանության մեծամասնության կարծիքը համընկնում է այս՝ որպես կանոն, պողոսաբովանդակ խմբի տեսակետի հետ, և նրանք այդպիսով արդարացնում են իրենց հակաիրավական քայլերը։
Գուցե իրականում Գագիկ Ծառուկյանին իսկապես «հասնում ա»՝ հաշվի առնելով նրա ֆինանսական ու ոչ միայն ֆինանսական կարողությունները, անցած տարիներին վստահաբար ոչ միշտ օրինականության հետ հաշտ գործողությունները։ Բայց դրանք ընդհանուր առմամբ ժողովրդական բանահյուսության ու լեգենդների տիրույթում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Համենայնդեպս, դա է իրավական պետություն կառուցելու ճանապարհը։ Հակառակ դեպքում կառուցվողը ոչ թե պետություն է, այլ՝ համքարություն, կոլխոզ, ցանկացած անվանումով կոնգլոմերատ, որտեղ որոշողը ոչ թե օրենքն է ու սահմանադրությունը, այլ՝ պախանը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։
Եվ Ծառուկյանի կալանավորումը, լայն իմաստով, արագացնում է այդ համքարության կառուցումն ու պետության վախճանը։ Որովհետև պետությունը դադարում է գոյություն ունենալ այն պահից, որ պահից մարդկանց ճակատագրերն օրենքի փոխարեն որոշում է իշխանության կամքը։ Կամ, եթե անգամ դա պետություն է, ապա իրավական չէ՝ հաստատապես, ու այնպիսին չէ հատկապես, ինչպիսին երկուսուկես տարի առաջ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը։
«Հասնում ա» մոտեցման կողմնակիցները, իհարկե, կարող են ասվածին հակադարձել՝ ասելով, որ՝ ահա այն, ինչ որ կատարվում է, կատարվում է հենց դա ապացուցելու, օրինական ուժի մեջ մտած դատավճռով Ծառուկյանին հասանելիքն ապացուցելու համար։ Ֆորմալ առումով դա այդպես է։
Սակայն այդ հակափաստարկը պայթում է այն պահին, երբ հիշում ենք, որ Ծառուկյանին կալանավորելու որոշում է կայացրել ոչ թե իրապես անկախ որևէ դատավոր, այլ Հայաստանի նորագույն պատմության մեջ բոլոր իշխանությունների ամենակամակատար Մնացականը։ Իսկ այնտեղ, որտեղ Մնացականն է, չի կարող լինել արդարադատություն, որովհետև դատավորի պատմուճանով սույն անձը ոչ թե օրենքի ու սահմանադրության, այլ պահի իշխանության կատարածուն է։ Այսինքն՝ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի կալանքի որոշումը քննելու է Մարտիրոսյանը, այդ պահից արձանագրվեց, որ Հայաստանն այլևս ունենալու է քաղբանտարկյալ՝ ի դեմս քաղաքականությունից իրականում հեռու, բայց ճակատագրի բերումով քաղաքականության կիզակետում հայտնված Գագիկ Ծառուկյանի։
Իրապես իրավական պետություն ու օրենքի երկիր կառուցելու համար, ամենայնից բացի ու առաջին հերթին, անհրաժեշտ է իշխանության քաղաքական կամքը, կամքը՝ հրաժարվելու իշխանության իմպերատիվը սեփական քաղաքական խնդիրներին ծառայեցնելու գայթակղությունից։ Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ ցույց է տալիս, որ չունի այդ քաղաքական կամք, որովհետև սա այն պարագաներից է, որ բավական է գայթակղությանը մի անգամ տուրք տալը, հետո ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար։
Ե՞րբ է առաջին անգամ ու ճակատագրորեն Նիկոլ Փաշինյանը սայթաքել ու տրվել գայթակղությանը, կիմանա ինքը։ Բայց սայթաքումը վաղուց թույլ է տրված ու շարունակվում է նորանոր դրսևորումներով։
Իրականում Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի անձնական կամ քաղաքական հարաբերությունները երկրորդական են։ Շատ ավելի անդառնալի է այն վնասը, որ Ծառուկյանին քաղբանտարկյալ դարձնելով՝ Նիկոլ Փաշինյանը հասցրել է Հայաստանի պետականությանը՝ թաղելով իրավական պետություն ունենալու բոլոր հեռանկարները։
Ծառուկյանը վաղ թե ուշ կազատվի կալանքից կամ ոչ, բայց նրա՝ ակնհայտ քաղաքականապես մոտիվացված կալանավորման խարանը Հայաստանի վրա մնալու է դեռ երկար, շատ երկար։ Մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հպարտ քաղաքացիներինն է, այլ հպարտության հետ որևէ աղերս չունեցող մնացականմարտիրոսյաններինը։
Ինչ վերաբերում է «հասնում ա» մտակաղապարին, որով այսօրվա իշխանությունն արդարացնում է իր հակապետական քայլերը, ապա այդ նույն մտակաղապարը վաղը տարածվելու է իրենց նկատմամբ, քանի որ բոլոր ժամանակներում էլ գտնվելու են մարդիկ, ովքեր համարելու են, որ «հասնում ա»։
Պատկերացնել կարելի է, թե ինչեր են «հասնելու» Նիկոլ Փաշինյանին։
Հարություն Ավետիսյան