«Ամեն օր հեռանում ենք ԼՂ խնդրի խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունից և մոտենում ռազմաճակատային տրամաբանության փուլին». Տիգրան Աբրահամյան

168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Որքանո՞վ է հնարավոր արցախյան կամ հայաստանյան հատվածում հուլիսյան դեպքերի կրկնությունը, նույնիսկ՝ ավելի մասշտաբային տարբերակով՝ հաշվի առնելով Ադրբեջանից և Թուրքիայից եկող ազդակները, Ադրբեջանի՝ սահմանի երկայնքով ուժերի կուտակումը, երկամսյա զորահավաքը, համանախագահների լռությունը, ԱՄՆ դեսպանության պաշտոնական զգուշացումն իր քաղաքացիներին հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածության մասին, ինչո՞ւ չէ՝ նաև ՀՀ ներքաղաքական զարգացումները:

– Ձեր շարադրած գործոններն արդեն իսկ խոսում են այն մասին, որ տարածաշրջանային սպառնալիքների կտրուկ աճ կա, ու սա այն դեպքն է, երբ դրա մասին խոսում են և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ դրսում:

Ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստությունն առավել ակտիվ փուլ մտավ այս տարվա հուլիսին Տավուշում ծավալված գործողություններից հետո: Ընդ որում, այդ նախապատրաստությունը Թուրքիան ու Ադրբեջանը ծավալում են համատեղ՝ միաժամանակ ներդաշնակեցնելով իրենց անելիքները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, քարոզչական դաշտերում:

Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը և՛ իրենց երկրների ներսում, և՛ դրսում ակտիվ աշխատում են, որը նպատակ ունի՝ մի կողմից՝ Հայաստանին որպես թշնամի ներկայացնելու, ագրեսորի պիտակ փակցնելու, մյուս կողմից՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու ուղղությամբ:

– Բանակցային գործընթացի շուրջ ի՞նչ զարգացումների ականատեսը կարող ենք լինել՝ հաշվի առնելով տեղեկատվական պատերազմի տրամաբանության շրջանակում ադրբեջանական «բացահայտումները», Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ում հայտարարությունները, հայկական կողմի պաշտոնական արձագանքները, որոնք որոշ դեպքերում առավել շատ հարցեր են առաջացնում: 

– Բանակցային գործընթացն անորոշ փուլում է, և չնայած միջնորդ երկրները վերջին շրջանում փորձում են վերակենդանացնել այն, նոր թարմություն հաղորդել, սակայն, ի հեճուկս այդ փորձերի, իրադարձություները լրիվ այլ ուղիով են զարգանում:

Ամեն օր հեռանում ենք խնդրի խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունից և մոտենում ռազմաճակատային տրամաբանության փուլին: Կարծում եմ՝ դեռևս հնարավոր է կանխել հավանական պատերազմը, բայց դրա համար միջնորդ երկրները պետք է մեծ ջանքեր գործադրեն, ինչը գոնե արտաքինից տեսանելի չէ:

ՀՀ-Ադրբեջան էմիսարային գաղտնի բանակցությունների թեման դավադրությունների տեսությո՞ւն է, թե՞ ամեն դեպքում, «կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման» հետ գործ ունենք: Ի դեպ, դուք ի՞նչ եք հասկանում ՀՀ վարչապետի հնչեցրած՝ Ադրբեջանի կողմից կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման մասին հայտարարության տակ:

– Երևի վարչապետն առիթ կունենա փակագծեր բացելու, ամեն դեպքում, այս ամենը շատ տարօրինակ է, և այդ հրապարակումներից հետո հնչած պարզաբանումներն ավելի են խճճել իրավիճակը: Մի կողմից՝ գործ ունենք ադրբեջանական ամենակեղտոտ մանիպուլյացիաներն արտադրող լրատվամիջոցի հետ, մյուս կողմից՝ անհասկանալի արձագանքներ հայկական կողմից: Ես, ամեն դեպքում,  խուսափում եմ այս թեմատիկայի տակ մտնելուց՝ հույս ունենալով, որ այն առավել հասկանալի ձևով դեռևս կմեկնաբանվի:

– Իսկ գլոբալ առումով որքանո՞վ ենք կարողանում հակազդել Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարի խաղի կանոններին, հնարքներին, ի՞նչ պետք է անել դրա համար, ի՞նչ խաղաքարտեր ունենք, որոնք կարող ենք օգտագործել և չենք օգտագործում: ՀՀ վարչապետի խոսքով, եթե մտնենք տեղեկատվական պայքարի, «կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման» դաշտ, կարող ենք անգամ Ադրբեջանի ներքաղաքական վիճակն ապակայունացնել:

– Մենք մտել ենք այնպիսի ժամանակաշրջան, երբ քարոզչական պատերազմներն առավել ընդգծված և սուր բնույթ են ստանալու: Ես հակված եմ նրան, որ իշխող թիմը պարտավոր է օր առաջ կարգավորել ներքին խմորումները, երկխոսություն սկսել քաղաքական, հասարակական շրջանակների հետ, որովհետև իրադրությունն է այդպես պարտադրում:

Այս ներքին ինտրիգները, շանտաժները, սպառնալիքները միայն խորացնում են առանց այդ էլ՝ քաղաքական, հասարակական բևեռացումը, ավելին, Ադրբեջանի և Թուրքիայի առաջադրած պայքարում թուլացնում են մեր դիմադրողականությունը:

Վարչապետը պետք է խոսի, բայց դուրս գա ներքաղաքական ինտրիգների հարթությունից:  Նա պետք է հանրության հետ տարբեր հարթակների միջոցով խոսի երկրում, մեր շուրջ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին, մեր քայլերի, մեր անելիքների:

Տեղեկատվական քաղաքականությունը պետք է կառուցել ակտիվ նախաձեռնողականության վրա, այլ ոչ թե զոհի, հետապնդողի դիրքերից: Պետք է անհրաժեշտ դիրքավորում ապահովել ներքին և արտաքին տարբեր տեղեկատվական հարթակներում և աշխարհի համար ընկալելի դաշտ մտնել:

– Արդեն խոսեցինք, թե պատերազմին տանող ինչ քայլեր են արվում Ադրբեջանի կողմից, Հայաստանը որքանո՞վ է պատրաստվում  պատերազմի, իրավիճակի նման զարգացմանը: Ի դեպ, մի տեսակ պասիվացում է նկատվում ՀՀ-ում աշխարհազորի ստեղծման գործընթացում:

– Այո, Ադրբեջանն ու Թուրքիան ակնհայտորեն պատրաստվում են պատերազմի: Իսկ Հայաստանի Զինված ուժերը, հատկապես վերջին փուլում, ակտիվ զորավարժությունների, հավաքների, մարտավարական պարապմունքների մեջ են: Դրան զուգահեռ՝ պահեստազորայինների հավաքներ են ընթանում, որի մասնակիցների թիվը, կարծում եմ, պետք է կտրուկ մեծացնել:

Ինչ վերաբերում է աշխարհազորայինի ստեղծման նախագծին, կարծում եմ, որ կառավարությունն այստեղ հապաղում է, մինչդեռ  հատկապես հիմա պետք է գործել շատ արագ, իսկ այդ նախագծի կյանքի կոչումը մեզ թույլ կտա մեծացնել մեր ռեզերվային ուժերը, ինչը թույլ կտա ավելի մեծ խնդիրներ լուծել:

Կրկնում եմ՝ ԱԺ-ում խոսում են ամեն ինչից, սակայն զարմանալի է, որ այս նախագիծը մի տեսակ երկրորդ պլանում է, այնինչ դա արդեն պետք է ընդունված լիներ, իսկ գլխավոր շտաբը պետք է կարողանար դա իրագործել:

– Ժամանակին հաճախ ենք լսել՝ եթե տարածաշրջանի խաղացողները չցանկանան՝ պատերազմ չի լինի, արդյո՞ք այսօրվա պայմաններում այս թեզը նույն «ուժգնությամբ» կարող ենք առաջ տանել՝ տարածաշրջանային խաղացողների մրցակցության, փոփոխության պայմաններում, թեպետ ԼՂ հարցի դեպքում դերակատարները նույնն են:

– Պետք է գիտակցել, որ մեր տարածաշրջանում մեծ հետաքրքրություն և ամբիցիաներ ունեցող ուժեր կան, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն ու սկզբունքներն ունի: Ում հետ հնարավոր է՝ պետք է համադրել շահերն ու աշխատել, նաև՝ չեզոքացնել մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի ակտիվությունը:

Այս փուլում անչափ կարևորում եմ՝ ինչպես մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ սերտ համագործակցությունը, այնպես էլ՝ մեր երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի: Տարածաշրջանում նոր անկայունության վտանգ կա, և բոլոր առողջ ուժերը պետք է մոբիլիզացնել և  ուղղել առկա սպառնալիքները նվազագույնի հասցնելու կամ, հնարավորության դեպքում, չեզոքացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս