ՀՊՏՀ-ի անձնակազմի պահվածքը դրա հստակ նշանն է՝ իրենք իմացել են, որ Դիանա Գալոյանը չի նշանակվելու. Սմբատ Գոգյան
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նկատենք՝ Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին, իսկ աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել էր 2020թ․ մայիսի 14-ին, ապա ֆեյսբուքի իր էջում անդրադարձել իր հրաժարականի պատճառներին՝ մասնավորապես գրելով.
«1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։
2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»։
Հետո արդեն Սմբատ Գոգյանը տարբեր հարթակներում մանրամասնել էր խնդիրը, ինչին ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ նկատել էր.
«Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։
Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։
Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։
Այս հրապարակային քննարկումներից հետո իրավիճակը շարունակեց մնալ առկախ՝ Սմբատ Գոգյանի դիմումը այդպես էլ չստորագրվեց վարչապետ Ն. Փաշինյանի կողմից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ աղմուկն էլ չպակասեց:
ՀՊՏՀ ներկայացուցիչներն արդեն օրեր շարունակ տարբեր ակցիաներով պահանջում են, որ ՀՀ կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքները և դրա համար չեն խնայում անգամ ուսանողների կրթություն ստանալու իրավունքը:
Այս ընթացքում սյուժետային հաջորդ գիծն արդեն զարգացավ ԿԳՄՍ նախարարությունում, որտեղ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ում անունն այս պատմության սկզբից էլ հոլովվում է, որոշեց հրաժարականի դիմում ներկայացրել:
Ու այս համատեքստում լրատվամիջոցները կրկին հիշեցրին, որ փոխնախարարը մտերիմ հարաբերություններ ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանի հետ:
Հետաքրքրական է, որ հենց այս շրջանում վարչապետը ստորագրեց Սմբատ Գոգյանի դիմումը:
168.am–ի հետ զրույցում Սմբատ Գոգյանը բացել է փակագծերը.
– Պարոն Գոգյան, փաստորեն Ձեր դիմումն, ի վերջո, ստորագրվեց վարչապետի կողմից:
– Առաջինը չի ստորագրել. Թամրազյանի հեռանալուց հետո երկրորդ դիմումն էի գրել, որը և ստորագրել է:
– Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Թամրազյանի հեռանալուց հետո երկրորդ դիմումը գրելը:
– Որովհետև փաստորեն ընդունվեց, որ ես ճիշտ եմ, բայց ընդհանուր գնահատական չտրվեց երևույթին:
– Եթե ընդունվել է, որ ճիշտ եք, գուցե կարելի՞ էր համագործակցության եզրեր փնտրել:
– Ինձ այդ հարցը տվել են, ասել եմ՝ ոչ:
– Ո՞վ է տվել այդ հարցը, պարոն Գոգյան:
-Կառավարությունից:
-Դուք այդպես էլ չհանդիպեցի՞ք պարոն վարչապետին:
– Ոչ:
– Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այս իրավիճակով պայմանավորված՝ կառավարությունը նաև Դիանա Գալոյանի ընտրությունն այդպես էլ չհաստատի:
– Ես հավատում եմ դրան… Որ չի հաստատելու, որովհետև վերջին օրերի այս հոգևարքը դրա նշանն էր. ՀՊՏՀ-ի անձնակազմի այդ պահվածքը դրա հստակ նշանն է, որ իրենք իմացել են, որ չի նշանակվելու:
– Պարոն Գոգյան, Կառավարությունից աշխատանքային համագործակցության այլ առաջարկներ կընդունե՞ք:
– Ես մոտակա մի ամիսն ուզում եմ հանգստանալ: