ՀՊՏՀ-ն շանտա՞ժ է անում պետությանը. ե՞րբ կխոսի ԿԳՄՍ նախարարը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ առաջացած աղմուկը չի դադարում: Երեկ համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը հանդես եկան չափազանց տարօրինակ հայտարարությամբ.
«Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ այլ շահառուներ, տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը»:
Ի դեպ, սույն հայտարարությամբ ուսանողներին սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին հրավիրում են ՀՊՏՀ բակ՝ հարցի առնչությամբ բաց քննարկման:
Նկատենք՝ շանտաժի լեզվով խոսում է ոչ թե՝ մասնավոր ինչ-որ կառույց, ինչ-որ կազմակերպություն, այլ բուհ, որտեղ սովորում են շուրջ 6000 ուսանողներ, և նրանց մեծ մասը վճարում են իրենց կրթության համար:
Փաստորեն, խոչընդոտվում է այս ուսանողների կրթություն ստանալու իրավունքը, ու առնվազն տարօրինակ է` ԿԳՄՍ նախարարը, որ ֆեյսբուքյան իր էջում ակտիվ արձագանքում է տեղի ունեցող այս կամ այն իրադարձություններին, իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող բուհում տեղի ունեցողի հանդեպ պահպանում է լռություն:
168.am-ը ԿԳՄՍ նախարարության հանրային կապերի վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք լինելո՞ւ է նախարարության դիրքորոշումը՝ ՀՊՏՀ-ում տեղի ունեցողի վերաբերյալ: Նաև հետաքրքրվեցինք՝ նախարարության համար որքանո՞վ է ընդունելի, երբ պետական բուհը շանտաժի լեզվով է խոսում, ԿԳՄՍ նախարարությանը Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ՝ մեկնաբանելով, որ նախարարը Կառավարության նիստի է և պետք է զրուցի փոխնախարարների հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով, որ կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքներն օրենքով սահմանված կարգով: Կառավարությունից ցուցարարներին տեղեկացրել են, որ հարցը կզեկուցեն վարչապետին:
Լրագրողների հետ զրույցում բողոքի մասնակիցները հերքել էին ցույցի՝ համալսարանի ղեկավարության կողմից կազմակերպված լինելու մասին լուրերը՝ պնդելով, որ հավաքն ինքնաբուխ է:
«Միայն հիվանդ երևակայությամբ մարդը կաներ պնդում առ այն, որ առավոտյան իր քաղաքական թիմի կողմից պահված նախարարն իր քաղաքական թիմի և իր վաղեմի ընկերոջ դեմ ինչ-որ ցույց կպլանավորի, կհորդորի…»,- ասել էր ՀՊՏՀ-ում այս պահին ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, ում Դիանա Գալոյանը նշանակել էր ուսումնական գծով պրոռեկտոր:
Նկատենք՝ «ՀՊՏՀ ուսանողները» դեռ օրեր առաջ էին տեղեկացրել այս հավաքի մասին, մասնավորապես՝ գրելով. «Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»»: