«Թե՛ նախարարը, թե՛ վարչապետը այս խնդրին միևնույն է՝ չեն անդրադառնալու. միակ տուժողը ուսանողն է». ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ
«Այստեղ միակ տուժողն ուսանողն է: Երբ դասապրոցեսը խանգարվում է, ուսանողը չի ստանում իր հասանելիք գիտելիքը: Բոլորս էլ տեղյակ ենք, որ ուսանողի վարձավճարից է ձևավորվում դասախոսի աշխատավարձը, և դասախոսը պարտավոր է գիտելիք տրամադրել ուսանողին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակի մասին, ասաց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը:
Նրա խոսքով՝ արտակարգ դրության ընթացքում դասապրոցեսի օնլայն անցկացումից հետո նոր ուսումնական տարում ուսանողները շատ ոգևորված էին, որ լսարանային դասեր են անցկացվելու. «Շրջանից եկած ուսանողները վարձակալում են տներ, մեծ դժվարությամբ աշխատանք են գտնում, որպեսզի այդ բնակարանի վարձը վճարեն, գալիս են համալսարան և տեսնում են, որ դասապրոցես չկա: Սփյուռքի ուսանողների հետ եմ անմիջական կապի մեջ. սահմանում 4-5 ժամ սպասելուց հետո վերադառնում են Հայաստան, որպեսզի համալսարան հաճախեն, և գալիս են համալսարան ու նույն արդյունքն են տեսնում, որ դասապրոցես չկա: Ուսանողների կողմից դժգոհությունը շատ մեծ է»:
ՀՊՏՀ ՈւԽ նախագահի կարծիքով՝ անկայունությունն է ստիպել ՀՊՏՀ կոլեկտիվին դադարեցնել ուսումնական գործընթացը. «Նրանք էլ են ուզում հասկանալ, թե իրենց ղեկավարն ո՞վ է լինելու մոտակա 5 տարին, իրենք ի՞նչ եղանակով են աշխատելու, աշխատելո՞ւ են, թե՞ ոչ»:
Հարցին՝ այլ տարբերակ չկա՞ր, օրինակ՝ փորձել հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ, քննարկել այս հարցը, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ եթե նախարարին հետաքրքրեր այս հարցը, նա կհրավիրեր հանդիպման՝ տեսնելով մեծաքանակ թվով դասախոսների, վարչական աշխատողների՝ կառավարության շենքի դիմաց»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ նրանք փորձում են հանդիպել վարչապետի հետ, որովհետև հույսները կտրե՞լ են նախարարից, նա այսպես պատասխանեց. «Թե՛ նախարարը, թե՛ վարչապետն այս խնդրին, միևնույն է՝ չեն անդրադառնալու, իսկ թե իրենք ինչ են կարծում, այս պահին տեղեկատվություն չունեմ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում