ՀՊՏՀ-ի ուսանողները դեմ են դասադուլին, դասախոսներն այլ ճանապարհ չեն տեսնում
Տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Երեկ հայտարարություն էին տարածել, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ՀՊՏՀ-ն դադարեցնում է ուսումնական գործընթացն այնքան ժամանակով, մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը՝ օրենքով սահմանված կարգով նշանակվի։ Այսօր համալսարանի բակում բաց քննարկում էին հրավիրել: 168.am-ը զրուցեց ուսանողների հետ՝ իմանալու, թե կո՞ղմ են դասերի դադարեցման տարբերակով խնդրի կարգավորմանը՝ Դիանա Գալոյանի նշանակմանը:
«Մենք ուզում ենք, որ ոչ թե դասադուլ լինի ռեկտորի կամ կոնկրետ մարդու համար, այլ այնպես լինի, որ լինեն դասերը, ու լինի մեկը, ով կլինի մեր ղեկավարը: Այս պահին կարևոր չէ, թե ո՞վ կլինի, մենք չենք ասում, որ ինչ-որ մեկին կողմ ենք կամ ինչ-որ մեկին դեմ ենք: Զուտ ունենանք ղեկավար, ու դասերն էլ շարունակվեն: Կարող է հնարավոր լինի ուրիշ ձև այս ամենը շարունակել»,- ասաց ուսանողուհիներից մեկը:
Ուսանողական խորհրդի անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ են դասադուլին:
«Ուսանողական խորհուրդը միշտ կանգնած է ուսանողների կողքին, և այժմ ուսանողների պահանջը դասերի վերսկսումն է: Բնականաբար, ցանկացած գործընթացի համատեքստում՝ դասապրոցեսի չեղարկումը չի կարող դրական դիտվել, այս անգամ նույնպես ուսանողների կողմից չի կարող դրական դիտվել: Այստեղ սովորում է 5000-ից ավելի ուսանող, և բոլորի կարծիքը նույնը չի կարող լինել: Բոլոր ուսանողների անունից չեմ կարող խոսել, բայց կարող եմ խոսել ՈւԽ-ի անունից, ՈւԽ-ն երբեք չի կանգնում անձերի կողքին, միակ մարդը, ում ուսանողական խորհուրդը պաշտպանում է, դա ուսանողն է»,- ասաց ՈւԽ ներկայացուցիչը:
Այս տարի առաջին կուրս ընդունված ուսանողուհիներից մեկն էլ ասաց, որ ինքը համալսարան եկել է կրթություն ստանալու, և իր համար մեծ հաշվով մեկ է, թե ո՞վ կլինի ռեկտորի պաշտոնում:
«Ես առաջին կուրսի ուսանող եմ և ուղղակի ցանկանում եմ որակյալ կրթություն ստանալ: Եթե իմ կոլեկտիվը, ղեկավարությունը որոշի, որ պետք է դասադուլի միջոցով այս հարցը լուծվի, ես խնդիր չեմ տեսնում, բայց եթե փորձեն ինչ-որ ուրիշ, ավելի լավ մոտեցումներով, ավելի հարմար, այնպիսի որոշումներով, որ կրթությանը չվնասի, ես դրան ավելի կողմ կլինեմ, բայց առայժմ ամբոխի էֆեկտի տակ եկել եմ և փորձում եմ իմ առաջարկությունները ներկայացնել: Կոնկրետ անձը, թե ո՞վ կլինի, ինձ համար միևնույն է»,- ասաց առաջին կուրսի ուսանողուհին:
Դասախոսներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դասադուլը ճարահատյալ քայլ է, իրենք շատ երկար են սպասել, որ իրենց բուհի ռեկտորի հարցը լուծվի: Արդեն երկու տարի է, ինչ համալսարանում պաշտոնավարում են միայն ժամանակավոր պաշտոնակատարներ:
«Համբերատար սպասել ենք, էլ գրավոր դիմումներ, էլ ստորագրություններ, չկա լուծում: Մեր ամբողջ կոլեկտիվի նպատակն այն է, որ որոշակիություն լինի, սրան չեք ուզո՞ւմ, ո՞ւմ եք ուզում: Նախ՝ օրինականությունը պահպանեք, եթե օրինական ընտրվել է, ապա պետք է հիմնավորեք, թե ինչո՞ւ ինքը չպետք է լինի, հետո ասեք՝ էսինչին ենք ուզում»,- ասաց դասախոսը:
Նրա խոսքով՝ Դիանա Գալոյանը հավասարը հավասարի պես է նայում բոլորին, ուսանողների հարցերին լուծումներ է տալիս:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է փոխհատուցվելու այն ժամանակահատվածը, որի համար ուսանողները վճարել են, սակայն դաս չեն արել, դասախոսը պատասխանեց, որ դրանք լրացվելու են լրացուցիչ դասերի միջոցով:
«Այս ընթացքում ամեն առարկան մեկ անգամ է տուժել, հազարավոր ճանապարհներ կան դրանք լրացնելու: 2018-ին ինչքան ժամանակ դասեր չէր լինում, աշխարհը չտուժեց»,- ասաց դասախոսը:
Ռեկտորի պարտականությունները կատարող պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, ով ներկա պահին պատասխանատու է ուսումնական գործընթացի կազմակերպման համար, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի կարող դասախոսներին պարտադրել դասադուլ անել, կամ հակառակը, սա անձնակազմի որոշումն է:
«Կոլեկտիվն ուղղակի ասում է, որ, եթե մեր նկատմամբ այս աստիճանի անլուրջ են վերաբերվում ուղիղ երկու տարի, մենք էլ մի թեթև անլրջացնենք պրոցեսը, տեսնենք՝ ի՞նչ կլինի: Ես առնվազն շատ անլուրջ եմ համարում, որ Հայաստանի առաջատար բուհերից մեկը երկու տարվա ընթացքում երեք փաստացի ղեկավար է փոխել, ես էլ պարտականությունները կատարողն եմ: Դա հիվանդ և վատ պրոցես է, անորոշություններ է ձևավորում մարդկանց մոտ»,- ասաց Գրիգորյանը:
Պրոռեկտորի խոսքով՝ իրենք շանտաժ են որակում այն շահարկումները, որ այս կերպ խախտվում է ուսանողի կրթության իրավունքը:
168.am-ի հարցին, թե իրենք շանտաժի լեզվո՞վ չեն խոսում Կառավարության հետ, երբ ասում են՝ «ռեկտոր նշանակեք, թե չէ չենք աշխատի», Գրիգորյանն արձագանքեց, որ իրենք ընդամենն ասում են, որ ժամանակավորապես դադարեցնում են դասապրոցեսը, մինչև օրենքով սահմանված պահանջները կատարվեն: