Դպրոցում դիմակ կրելու պարտադիր պահանջն ու կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը

Երկրորդ շաբաթն է, ինչ հանրապետությունում մեկնարկել է հանրակրթական ուսումնական գործընթացը, ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներդրված Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով սահմանված վարքականոնները դպրոցականների ծնողներին բաժանել են երկու մասի:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում դիմակի կրման, դասամիջոցների ընթացքում դասասենյակները չլքելու պարտադիր պահանջները, սովորողներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը ծնողների մի մասը համարում է կորոնավիրուսի տարածման կանխելուն ուղղված քայլ, մյուսներն էլ դիտարկում են՝ որպես երեխաների նկատմամբ կիրառվող պարտադրանք, որը կարող է հանգեցնել երեխայի իրավունքների խախտման:

Ու մինչ առօրյայում կամ սոցիալական ցանցերում ընթանում էին նման բանավեճեր, փաստաբան Գեղամ Սիմոնյանի՝ իր ֆեյսբուքյան էջում  սեպտեմբերի 16-ին արված հրապարակումը՝ ուղղված ծնողներին, դարձավ բանավեճի նոր թեմա: Փաստաբանը մասնավորապես գրել էր.

«Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՆ այլևս հաստատված է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Հարգելի ծնողներ

Սույն թվականի սեպտեմբերի 10-ի իմ դիմումի հիման վրա ՎԴ/6107/05/20 վարչական գործով՝ վարչական դատարանը 5 դատավորի կազմով հաստատված է համարել, որ Կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը (այսուհետ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ) նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման և կատարման։ Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են, և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։

Թեման քննարկման բուռն շրջանում էր, երբ  Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 17-ին տարածեց հաղորդագրություն՝ հերթական ապատեղեկատվությունը վերտառությամբ:

«Հարկ է նշել, որ տվյալ դիտարկումներն ապատեղեկատվություն են, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, չունեն ոչ մի իրավական հիմք, և չեն վերաբերում դպրոցներում իրականացվող սահմանափակումներին, քանի որ սահմանափակումները կիրառվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշումը (դպրոցների մասով, հավելվածի 20-րդ կետի հիման վրա) և ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը։

Այնուամենայնիվ, հեղինակին՝ որպես փաստաբան և իրավաբան, պետք է հայտնի լիներ, որ նշված ուղեցույցը չի էլ հանդիսացել նորմատիվ իրավական ակտ, և այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին հակասելու մասով վիճարկելը առարկայազուրկ է»,- նշված էր հայտարարության մեջ:

Նույն օրը նաև հրապարակվեց Տեղեկատվության ստուգման կենտրոնի հայտարարությունը, որում փաստաբանը ներկայացված էր՝ որպես ապակողմնորոշող: Հայտարարության համաձայն՝ դիմակների կրման պահանջի ապօրինի լինելու մասին դատարանի որոշում չկա, իսկ դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է:

««Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով հարցը, պարզել է, որ փաստաբանի՝ սեպտեմբերի 10-ին ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով»,- նշված էր հայտարարության մեջ:

Ստացվում է իրավիճակ, երբ դատարանի՝ գուցե շատերի համար պարզ ու միանգամայն հասկանալի որոշումը մեկնաբանվում է իրար հակադարձող հայտարարություններով:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ի՞նչ որոշում է կայացրել Վարչական դատարանն ու ի՞նչ է արձանագրել:

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահող դատավոր Արգիշտ Ղազարյան և դատավորներ Դանիել Դանիելյան, Գևորգ Սոսյան, Կարեն Զարիկյան, Սամվել Հովակիմյան կազմով, «Գեղամ Սիմոնյանն՝ ընդդեմ ՀՀ կառավարության» հայցի շրջանակներում սեպտեմբերի 10-ին հրապարակել է որոշում՝ դիմումը վերադարձնելու մասին: Որոշման հիմքերին անդրադառնալով՝ դատարանը, ի թիվս այլ հիմքերի, որոնց այս հոդվածում չենք անդրադառնա, սևով սպիտակի վրա կատարել է հետևյալ արձանագրությունը.

«Ուսումնասիրելով դիմումին կից որպես վիճարկվող նորմատիվ իրավական ակտ ներկայացված՝ ‹‹Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց›› վերտառությամբ փաստաթղթի տեքստը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ նույն ուղեցույցի տեքստը՝ Դատարանն արձանագրում է, որ այն չունի նորմատիվ իրավական ակտի ձևակերպում, մասնավորապես, դրանում նշված չէ ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական (գրանցման) համարը և նշում դրա բնույթի մասին, տեսակի անվանումը, ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Ոչ դիմումին կից ներկայացված տեքստում և ոչ էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ նույն ուղեցույցի տեքստում նշված չէ, որ տվյալ ուղեցույցը հաստատված է որևէ նորմատիվ իրավական ակտով: Ընդ որում, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում ևս նման նորմատիվ իրավական ակտ հրապարակված չէ, իսկ դիմումում, այս մասով, որևէ փաստարկ բերված չէ: Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի հիմքով Դատարանը մատնանշում է, որ այս մասով դիմումատուն պետք է հստակեցնի իր փաստարկներն ու պահանջը, իր պահանջով ներկայացնի նորմատիվ իրավական ակտի վիճարկման պահանջ, եթե առկա է համապատասխան նորմատիվ իրավական ակտը»:

ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե եթե նշում են, որ ուղեցույցը նորմատիվ իրավական ակտ չէ, ապա ի՞նչ փաստաթուղթ է դիտարկվում, ասաց.

«Այժմ այդ ամեն ինչը կարգավորում է առողջապահության նախարարի հրամանով՝ ոչ միայն դպրոցներում, այլև ընդհանուր առմամբ սանիտարահիգիենիկ նորմերը, որ կան: Այն  իրավական տեսակետից առողջապահության նախարարի հրամանով է կարգավորվում: Այսինքն, այստեղ անօրինական որևէ բան չկա: Այն պահից, երբ որ դադարել է պարետատան գտործունեությունը, նույն օրը միաժամանակ դա փոխարինվել է նրանով, այսինքն՝ իրավական ակտը, որը որ պարտադիր է,  եղել է առողջապահության նախարարի հրամանը: Ուղեցույցը հիմա կարգավորվում է հրամանով»:

Սեպտեմբերի 11-ին, այսինքն՝ այն օրը, երբ ՀՀ-ում ավարտվեց շուրջ 6 ամիս տևած արտակարգ դրությունը ու դադարեց գործել պարետատունը, հրապարակվեց  ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը։ Հրամանում որևէ բան նշված չէ հանրակրթական ուսումնական հաստատությունների մասին, սակայն ֆիքսված է փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը:

Փաստաբան Աշխեն Դաշյանը, որ ունի մասնագիտացում նաև վարչական գործերով, 168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ դատարանն այս դեպքում որպես փաստ արձանագրել է, որ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը նորմատիվ իրավական ակտ չի  պատասխանեց.

«ՎԴ/6107/05/20 գործով դատարանը անդրադարձել է այդ ուղեցույցին,  և  վերադարձի որոշումը օրինական ուժ ստանալուց հետո  կարող ենք համարել, որ կա դատարանի կողմից որոշման տեսքով արձանագրված փաստ, որ դա նորմատիվ իրավական ակտ չի, որի հետ համակարծիք եմ:  Դատարանը նորմատիվ իրավական ակտ չի դիտել ուղեցույցը, որի 17-րդ կետը մի շարք օրենքներին /«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասին, 7-րդ հոդվածին, 8-րդ հոդվածին, 10-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին, 8-րդ հոդվածին և «Երեխայի իրավունքների մասին»  ՀՀ օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներին/  հակասող և անվավեր ճանաչելու պահանջով հայց էր ներկայացվել դատարան, ու դատարանը որոշման կայացման հիմքում իրավաչափորեն դրել է  Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումների քննության կարգը, որը  սահմանված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով,  որտեղ հստակ օրենսդիրն արձանագրել է, թե որ նորմատիվ իրավական ակտերը կարող են օրենքին հակասող և անվավեր ճանաչվել, մասնավորապես դրանք պետք է լինեն նախագահի, կառավարության, վարչապետի նորմատիվ իրավական ակտերը, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կամ համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը:

Դատարանը ուղեցույցը, որը հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքների կազմակերպման համար էր մշակվել, չի դիտարկել՝ որպես նորմատիվ իրավական ակտ, քանի որ  այն չունի նորմատիվ իրավական ակտի ձևակերպում, ենթադրյալ փաստաթղթում բացակայում է  ընդունող մարմնի անվանումը,  հերթական գրանցման համար,  նշում դրա բնույթի մասին, տեսակի անվանումը, ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, ստորագրությունը  և մի շարք այլ նորմատիվ ակտին բնորոշ հատկանիշներ, որոնց առկայությունը օրենքով  պարտադիր է: Ավելին, ուղեցույցի տեքստում նշված չէ, որ տվյալ ուղեցույցը հաստատված է որևէ նորմատիվ իրավական ակտով: Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում նման նորմատիվ իրավական ակտ հրապարակված չէ, ինչպես որ կարգի համաձայն՝ պետք է լինի»:

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց»-ը նորմատիվ իրավական ակտ չէ, և այլ պնդում չեն անում նաև դատարանի այս որոշումն այլ կերպ մեկնաբանողները:

Հ.Գ. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով  սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտը ՀՀ ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:

Հետևաբար, եթե մի փաստաթուղթը նորմատիվ իրավական ակտ չէ, այն չի կարող պարունակել վարքագծի պարտադիր կանոններ: Ստացվում է՝ սխալ չէ այն պնդումը, թե ոչ ոք չի կարող պարտադրել երեխային դպրոցում դիմակ կրել, որովհետև դրանով կխախտվի նրա սահմանադրական իրավունքը: Սխալ չէ նաև պնդումը, որ ծնողները պարտավորվում են ապահովել երեխաների կրթությունն ու կրթության իրավունքը: Կարելի է ասել, որ ոչ ոք իրավունք չունի դպրոցում դիմակի կրման պարտադիր պահանջին դեմ ծնողին կամ նրա երեխային ստիպել կրել դիմակ այնպես, ինչպես ոչ ոք չի կարող ստիպել դպրոցում դիմակ կրելուն կողմ ծնողին ու նրա երեխային դասասենյակում նստել առանց դիմակի:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ դպրոցում դիմակ չկրելու համար դպրոց մտնել թույլ չտալ կամ ստիպել որևէ կերպ այն կրել գուցե ֆիզիկական ուժի կիրառմամբ կարող են, բայց այդ կերպ կխախտեն երեխաների սահմանադրական իրավունքը, նրա կրթություն ստանալու իրավունքը:

Սրան զուգահեռ՝ ուսումնական հաստատություններն ունեն վարքագծի որոշակի սահմանված կանոններ, որոնց թվում այսօր ներառված է նաև դիմակի կրման պարտադիր պահանջը, դասամիջոցների ընթացքում դասասենյակները չլքելու պարտադիր պահանջը, սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելելը: Այս կերպ են ուսումնական հաստատությունները իրականացնում քաղաքականությունը, որը հանձնարարված է քաղաքականությունը «գծագրողի»՝ ԿԳՄՍՆ-ի կողմից: Ու այս կազուսային իրավիճակում որ ծնողն ինչպիսի որոշում կկայացնի, մնում է երեխայի, ծնողի  սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, նրանց անձնական որոշումների տիրույթում:

Տեսանյութեր

Լրահոս