«Զանգում եմ սոցապ՝ ասում են՝ չէ, չի լինի». 74-ամյա թոշակառուն խնայբանկում ներդրած դրամական ավանդը հետ է ուզում կառավարությունից
74-ամյա Թովմասյան Արեգնազը, ով բնակվում է Մասիս քաղաքի Նիզամի գյուղում, գտնվում է սոցիալապես ծանր վիճակում և ստիպված խնդրում է կառավարությանը՝ ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տալ:
«40 տարի աշխատել եմ, որից 30 տարի մենակ աշխատել եմ տնտեսագետ Վեդիի մթերման գրասենյակում: 40 օրականից աղջկաս միայնակ եմ մեծացրել: Փեսաս էլ է մահացել, երկու թոռնիկներին էլ եմ պահում: Աշխատել, պահել, մեծացրել եմ: Տղաս, 5-6 տարի է՝ արտագնա աշխատանքի է մեկնում, այս տարի էլ կորոնավիրուսի պատճառով մնացել է Ռուսաստանում: Ինքն էլ երկու երեխա ունի, մեկն այս տարի դպրոց է գնում: Հիմա ես այնքան ծանր վիճակում եմ, որ 7000 ռուբլին, որ ներդրել էի՝ որպես ավանդ, դա է մնացել: Գիտեմ, 100.000 դրամից մի փոքր ավելի գումար է կազմում, բայց էլ ոչինչ չունեմ, որ այդ երեխաներին պահեմ: Զանգում եմ սոցապ՝ ասում են՝ չէ, չի լինի: Վարձով եմ ապրում, 44.000 թոշակից 25.000-ը տան վարձ եմ տալիս, բա ես ինչո՞վ ապրեմ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:
Նա նշեց, որ ունի նաև առողջական խնդիրներ:
«Կառավարությանը խնդրում եմ հնարավորության սահմաններում 7000 ռուբլին տա, որը, 30-40 տարի է՝ տվել եմ պետությանը: Խնդրում եմ՝ շուտ տան, քանի որ աչքերս վիրահատել եմ, ու, եթե դեղ չօգտագործեմ՝ կկուրանամ: Ես դեղերի համար պարտք եմ արել, գումար է պետք, որ պարտքերը վճարեմ»,- հավելեց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրվում է մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին:
«Ամեն տարի Կառավարության որոշում է լինում դրա համար ու սահմանվում է, թե որ թվականին ծնվածներին են տալիս: Կարգ չկա, որ նաև, օրինակ, 1946 թվականին ծնվածներին տան: Արտահերթ լինում է, ինչ-որ արտոնություններ կան, եթե, օրինակ, սահմանամերձ շրջանում են բնակվում, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Հավելենք, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
– մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որը ներկայացվում է ստորև.
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀդրամով) |
1000-ից ոչ ավելի | Ավանդի գումարը x 84 |
1001-ից մինչև 3000 (ներառյալ) | 84000+ (ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4) |
3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+ (ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8) |
5001-ից մինչև 10000 (ներառյալ) | 176400+ (ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8) |
10000-ից ավելի | 216400+ (ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4) |