
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը կրկնել է ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքը

Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Զինվորի սպանության» լուրի առնչությամբ արդեն, ի պաշտպանություն Ադրբեջանի, հայտարարություններ են արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ զանգահարել ու ցավակցություն է հայտնել Ալիևին:
Թեմայի վերաբերյալ հերթական հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը՝ Հայաստանին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու և բախումներ հրահրելու մեջ:
Վերջինս կրկնել է ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջի գրառման մեջ տեղ գտած սպառնալից ձևակերպումը՝ ասելով. «Հայաստանը թող իմանա, որ կրակի հետ է խաղում»:
Չելիքը նաև հավելել է, որ Թուրքիան ցանկացած պարագայում կանգնած է իր ադրբեջանցի եղբայրների ու Ադրբեջանի կողքին: