Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում հայտարարել են կորոնավիրուսի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին։ Նա նշել է, որ բնակչության առնվազն 8 տոկոսը հակամարմիներ ունի կորոնավիրուսի նկատմամբ, իսկ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճը կապված է ոչ միայն թեստավորման ծավալի ավելացման հետ:

«Մենք կրկին խնդրում ենք՝ ովքեր կարող են տնից աշխատել, թող դա անեն»,-ասել է Ջոնսոնը՝ դրանով իսկ հերթական «շրջադարձը» կատարելով, քանի որ դեռ անցած շաբաթ կառավարությունը մարդկանց կոչ էր արել վերադառնալ գրասենյակներ: Անգլիայում փաբերը եւ ռեստորանները փակվելու են սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամը 10-ից, իսկ պատվերները կընդունվեն միայն սեղանների շուրջը նստած այցելուներից:

«Խոսքը երեկոյան ժամը 10-ին փակվելու, այլ ոչ թե վերջին պատվերի մասին է»,-ընդգծել է վարչապետը: Այժմ դիմակներ կկրեն խանութների ու ռեստորանների բոլոր աշխատակիցները: Նաեւ Ջոնսոնը կոչ է արել երկրի բնակիչներին՝ խուսափել ավելորդ սոցիալիզացումից եւ շենքում տարբեր ընտանիքների հանդիպման արգելք է սահմանել: Հարսանիքներում հյուրերի քանակը նույնպես սեպտեմբերի 21-ից նվազեցված է՝ 30-ից մինչեւ 15 հոգի, հուղարկավորություններին առաջվա պես կարող է 30 մարդ մասնակցել: Նախօրյակին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 4368, մահացել է 11 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել է 398 հազար 625-ի, մահացածներինը՝ 41 հազար 788-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս