«Ադրբեջանը նախապես փորձում է իր գալիք սադրանքի համար պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ հերթական մեղադրանքներն է ուղղել հայկական կողմին: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը մասնավորապես նշել է, որ Հայաստանը պատրաստվում է սադրանքների, և, որ Արցախում «ապօրինի» վերաբնակեցում է իրականացնում:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով այս հայտարարություններին՝ նշել է, որ դրանք խորապես հիասթափեցնող են և ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում.
«Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։ Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 թ. հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։
Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը:
Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»։
Այսօր Անկախության օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նորից ընդգծել է՝ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով. «Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ։ Հայաստանն ու Արցախը հզոր են և պատրաստ պաշտպանելու իրենց և իրենց ժողովուրդների շահերը։ Մենք մնում են բացարձակ հավատարիմ գործընթացի` խաղաղ կարգավորմանը»:
Հարցին, թե երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո բանակցությունների սեղան վերադառնալու հստակություն կա՞, Մնացականյանը պատասխանել է.
«Մեր կողմից կա հստակություն. պատրաստ ենք շատ արագ դա անել: Հիմա խորհրդակցում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել և անմիջապես կհայտարարենք դրա մասին»:
Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունը, նախարարը չցանկացավ մեկնաբանել՝ այն որակելով շատ հուզական:
Ո՞ւմ էին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ արտաքի՞ն, թե՞ ներքին լսարանին, ինչքանո՞վ էին հուզական և ինչքանո՞վ պրագմատիկ, և որքանո՞վ էր համարժեք հայկական կողմի պաշտոնական արձագանքը ալիևյան հայտարարություններին՝ 168.am-ն այս հարցադրումների պատասխանները լսեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայից:
«Այդ սփիչի մեջ կա երկու բաղադրիչ՝ և՛ հուզական, և՛ շատ պրագմատիկ: Հուզականը՝ բավականին տգեղ և լկտի արտահայտություններն են, որն Իլհամ Ալիևն օգտագործում է մեր իշխանությունների և վարչապետի հասցեին. դա ներքին աուդիտորիայի համար հուզականություն ապահովելու ֆոնն է:
Իր խոսքում կա նաև շատ պրագմատիկ մաս, որտեղ հստակ տալիս է քարոզչական այն թեզերը, որոնցով առաջնորդվելու է Ադրբեջանը դրսում, այդ թվում՝ նաև դրսի լսարանի համար»,- ասաց ադրբեջանագետը:
Նա նաև առանձնացրեց Ադրբեջանի նախագահի հնչեցրած երկու հիմնական թեզերը՝ թե Հայաստանն է պատրաստվում պատերազմի, և Ադրբեջանն իբր ստիպված է լինելու պաշտպանվել, և, թե հայկական կողմն է տապալում բանակցային գործընթացը.
«Այսինքն՝ Ադրբեջանը նախապես փորձում է իր գալիք սադրանքի համար պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա, և բերում է բավականին հիմար փաստարկներ, որոնք, սակայն, ընկալելի են հասարակ քաղաքացիներին, թե իբր ինչ-որ ահաբեկիչներ է Հայաստանը բերում Արցախում բնակեցնում, ինչ-որ ահաբեկչական գործողություններ է այնտեղ պատրաստում:
Դա պետք է ջախջախիչ պատասխան ստանար և բոլոր փաստարկներով շատ հստակ ցույց տրվեր, թե դա ինչու է սուտ և ինչու է լկտիաբար ստում Իլհամ Ալիևը, Արցախում ի՞նչ ահաբեկիչների մասին առհասարակ կարող է խոսք լինել: Բայց ԱԳՆ-ն բավականին մեղմ գնահատականներ տվեց, որ հիասթափեցնող է, և այլն»:
Հարցին, թե հայկական կողմն ինչ-որ սպասելիքնե՞ր է ունեցել, որ հիասթափեցնող է որակել Ի. Ալիևի հայտարարությունը, Անժլա Էլիբեգովան պատասխանեց.
«Չեմ կարող ասել՝ առհասարակ ի՞նչ սպասելիքներ մենք ունենք Իլհամ Ալիևից, որովհետև իր հռետորաբանությունը տարիներ շարունակ նույնն է: Այսինքն՝ ի՞նչ դրական դինամիկա էինք մենք ակնկալում Ալիևից, որ մի հատ էլ հիասթափվել ենք՝ սա՝ մի կողմից, և երկրորդ՝ գնահատական տալ հուզականությանը, կարծում եմ՝ չարժե:
Պետք է ավելի կենտրոնանալ հակափաստարկների վրա և հստակ ջախջախիչ պատասխան տալ, որովհետև Ալիևն իր քարոզչական երկրորդ թեզում փաստացի պնդում է, որ հայկական կողմն է տապալում բանակցային գործընթացը, բայց չէ՞ որ հենց Ադրբեջանն է Տավուշից հետո փոխում արտգործնախարար և բացարձակ պարալիզացնում այդ պրոցեսը. ո՞վ պիտի դրա մասին խոսի: Այսինքն՝ դա հայկական կողմի պաշտոնական հայտարարությունների մեջ պետք է արտացոլված լինի, թե ով է հստակ տապալում գործընթացը և ով է հստակ պատրաստվում պատերազմի, ով է անընդհատ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անում և զորք կուտակում առաջնագծում:
Եթե մենք սահմանափակվում ենք ուղղակի արձանագրելով, որ հերթական անգամ հիասթափված ենք Ադրբեջանից, ուրեմն պետք չէր նման լուրջ սպասումներ ունենալ, որ հետո չհիասթափվեին»:
Անդրադառնալով հայկական կողմի՝ հակամարտության խաղաղ կարգավորման մասին թեզերին՝ ադրբեջանագետը վստահեցրեց. «Մենք իսկապես պատրաստ ենք, այո՛, մենք խնդիր չունենք խաղաղ բանակցային գործընթացի մասնակցության, խնդիրներ ստեղծում է Ադրբեջանը, ուղղակի դա միջազգային հանրությանը պետք է հասցնել, որ կոնստրուկտիվը հայկական կողմն է, իսկ դեստրուկտիվը՝ ադրբեջանական, որովհետև հիմա Ալիևը հակառակ քարոզչական ֆոնն է ստեղծում մեր շուրջ»: