Հաղթող Յուրին. Գինեսի նոր ռեկորդներ՝ հայ մարզիկից
Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցն օրեր առաջ Ստեփանակերտում նոր ռեկորդ է սահմանել: Ձեռքերի վրա քայլելով, ատամներով բռնած ճոպանը՝ քաշել է 4 տոննա 100 կգ կշռող մեքենա: Մինչ դուք կմտածեք, որ ինքներդ էլ կարող եք, շտապեմ հիասթափեցնել, նախորդ ռեկորդակիրը նույն դիրքով մոտ երկու անգամ ավելի թեթև մեքենա է քաշել:
«Շրջանցեցի ադրբեջանցի մարզիկին, որը նույն ռեկորդը սահմանել էր՝ 1,5-2 տոննա մեքենա տեղաշարժելով»:
Ստեփանակերտում Գինեսի մեկ այլ ռեկորդ էլ սահմանել է Յուրիի եղբայրը՝ Արթուր Սաքունցը: Նա ատամներով քաշել է 12,5 տոննա կշռող ավտոբուս: Վայրի և օրվա ընտրությունը պատահական չի եղել: Եղբայրները ռեկորդները նվիրել են Արցախի օրվան և պնդել, որ հավաստագրում գրված լինի, թե որտեղ են դրանք կատարվել:
«Որոշել էինք Արցախում սահմանել, որ ես ու եղբայրս էլ մեր ներդրումն ունենանք Արցախի ճանաչման հարցում աշխարհում»:
Մարզիկը պատմում է, որ բացում է Գինեսի ռեկորդների գիրքը, կամ հեռուստացույցով ու համացանցով դիտում, թե ի՞նչ ռեկորդներ կան, և ըստ դրա որոշում, թե ո՞րն է լինելու իր հաջորդ ռեկորդը: Ասում է՝ հետաքրքիր է ոչ թե նոր ռեկորդներ սահմանելը, այլ արդեն եղածները գերազանցելը, քանի որ այսպես մրցակցությունը մեծ է լինում: Մեքենա տեղաշարժելուց մեկ շաբաթ առաջ Գինեսի ևս 3 ռեկորդ է գերազանցել Յուրին:
«Հենում-ծալում, այսպես ասած, ժիմ վարժությունն էի կատարում շշերի վրա՝ ափսեների օգնությամբ շշերի վրա և երեքական շիշ իրար վրա հենած: Ձեռքերս ետևում պահած պատռում էի 10 տուփ խաղաքարտեր: Ես գերազանցեցի ռուս մարզիկին, որն այդ ռեկորդները սահմանել էր՝ կատարելով 2-3 անգամ: Ես կատարեցի 10 անգամ՝ ափսեների օգնությամբ, և 11 անգամ՝ իրար հենած շշերի վրա: Կարելի է ասել՝ 5 անգամ գերազանցեցի ռեկորդները»:
6 տարեկանից մարզվում է Յուրին: Գինեսի եռակի, աշխարհի քառակի և Դյուզազնագրքի քսանակի ռեկորդակիր է: Առաջին ռեկորդը սահմանել է 16 տարեկանում: Կատարել է հենում-ծալում վարժությունը՝ հենված 3 գնդակի վրա.
«Հեռուստատեսությամբ տեսա գերմանացի մարզիկին, ով նույն վարժությունը կատարում էր 47 անգամ մեկ րոպե ժամանակահատվածում: Ինձ համար դա զարմանալի չէր: Փորձեցի և կարողացա: Առաջին ռեկորդը 53 անգամ կատարեցի»:
25-ամյա մարզիկը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում է սովորում: Կրթությանը զուգահեռ՝ նաև աշխատում է ու պարապում: Ասում է՝ ավելի հեշտ կլիներ, եթե պետական աջակցություն ունենար: Այն ստանալու համար բազմիցս է դիմել ԿԳՄՍ նախարարությանը:
«Չկա նորմալ հովանավորչություն: Դա է ամբողջ խնդիրը, որ ես չեմ կարողանում արագ հասցնել ռեկորդները, կատարում եմ 6 ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ: Իսկ եթե լինի հովանավորչություն, ավելի հաճախ ու ավելի էքստրեմալ ռեկորդներ կսահմանեմ, որն ամբողջ աշխարհը կտեսնի: Հովանավորի խնդիրը միայն ֆինանսական է, որ ես կարողանամ մարզումներ անցկացնել, իմ առողջությանը հետևել: Այսքան ժամանակ 20 ռեկորդ եմ սահմանել, 20-ի ժամանակ էլ եղել է միայն իմ և ծնողներիս հովանավորչությունը: Եղել եմ շատ-շատ պետություններում, երկիր եմ ներկայացրել, ամբողջը եղել է իմ և իմ ընտանիքի հովանավորչությունը»:
Յուրին եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթակիր: Զբաղվում է նաև ուժային ըմբշամարտով: Այս մարզաձևից դեռ ոսկե մեդալ չունի:
«Ես միայն ոսկու համար եմ պայքարում: Ես պարտավորվածություն եմ զգում ինքս իմ առջև, չէ՞ որ ես քրտնաջան մարզվում եմ, սպառում եմ էներգիա, քրտինք, արյուն, առողջություն: Իմ բարեկամները, ծնողները, իմ հարազատները բոլորը նստած սպասում են ոչ թե բրոնզի կամ արծաթի, այլ ոսկու: Ոսկու հետևից եմ ես գնում»: