Համանախագահների հայտարարությունը՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի համար․ Լուկիանով

Հուլիս ամսվա առաջին կեսին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված լարվածությունից երկու ամիս անց, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ միջնորդությամբ, չի հաջողվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։

Սեպտեմբերի 14-ին Փարիզում կայացած ինտենսիվ խորհրդակցությունների արդյունքներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուշագրավ հայտարարություն տարածեցին։ Հաղորդագրության համաձայն՝ համանախագահները զգուշությամբ վերանայել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հաղորդագրությունները և մտահոգությունները, իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը համանախագահներին ներկայացրել է տեղում առկա անվտանգային իրավիճակը, և վերջիններս ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները մշտադիտարկման գործունեությունը վերսկսելու ուղղությամբ:

«Համանախագահները հեռախոսային առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և հրավիրել են նախարարներին առանձին հանդիպումներ ունենալ անձնապես համանախագահների հետ գալիք շաբաթների ընթացքում` ճշտելու նրանց համապատասխան դիրքորոշումները` նպատակ ունենալով վերսկսել լուրջ բովանդակային բանակցություններն առանց նախապայմանների»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ համանախագահները, համաձայն իրենց ԵԱՀԿ մանդատի, շարունակում են ակտիվ և ամբողջական ներգրավվածությունը բանակցությունների մեջ` խաղաղ և համապարփակ լուծման հասնելու համար: Համանախագահների հայտարարությանը նախորդել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մի շարք հետաքրքրական անդրադարձներ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, որոնց միջոցով նա բացահայտել էր, որ կողմերն առաջարկում են կարգավորման գործընթացը սկսել զրոյից, մաքուր էջից՝ անցյալում թողնելով բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում բանակցված և առաջարկված փաթեթները, ինչին ռուսական համանախագահությունն ակնհայտորեն դեմ է և վստահ, որ արդեն իսկ կան լավ առաջարկներ բանակցային սեղանին։

Սերգեյ Լավրովը կրկին խոսել էր 2019 թվականի ապրիլին Ռուսաստանի կողմից կողմերին արված առաջարկների մասին։ Նա նաև հույս էր հայտնել, որ մթնոլորտը փոխվում է կողմերի միջև դեպի դրականը։

Արցախյան կողմը նախագահի և արտգործնախարարի մակարդակով նշում է, որ Մադրիդյան սկզբունքները և որևէ այլ փաթեթ այժմ չկա բանակցային սեղանին, և լավ կլինի ձևավորել նոր առաջարկներ, իսկ պաշտոնական Երևանը՝ ի դեմս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսպանական «Efe» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․

«Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.-ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին»՝ ըստ էության փորձելով վերադառնալ մինչհեղափոխական բանակցային դիրքերին, երբ քննարկվում էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։

Թեև իշխանությունները նշում են, որ այս բաղադրիչը երբեք դուրս չի եղել հայկական կողմի առաջնահերթությունների շարքից, սակայն հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը սկսում է ոչ թե այն կետից, որի վրա կանգ էին առել նախորդ իշխանությունները, այլ սեփական՝ նոր կետից, և այս հայտարարությունից երկու տարի անց կրկին դիվանագիտական բառապաշար են ներառվել վերահսկողական մեխանիզմների ներդրման պահանջները։

Նախօրեին էլ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով համանախագահների հայտարարության մասին, նշել է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը մեր բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին համապատասխանում է: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց ասել ենք նաև, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մենք՝ ա՛յ, մինչև այս հարցերը չլուծվեն, չենք բանակցի, որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա: Իմ ընկալումը հետևյալն է, որ նախապայման ունի Ադրբեջանը, ով ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: Ես այդպես եմ ընկալում»:

Իսկ թե իրականում ի՞նչ է նշանակում համանախագահների հայտարարությունը, 168am-ը քննարկել է ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովի հետ, ով նշել է, որ համանախագահները և հատկապես ՌԴ-ն ջանում են հնարավորինս շուտ և հնարավորինս արդյունավետորեն հաղթահարել այն իրավիճակը, որը ստեղծվել է և կարող է ստեղծվել տարածաշրջանում հուլիսյան զարգացումներից հետո։

Նրա գնահատմամբ՝ դժվար է ասել, որ քիչ ջանքեր են գործադրվում, և վերջին երկու ամսվա ընթացքում միայն ՌԴ ԱԳ նախարարն իր բոլոր հանրային ելույթներում անդրադարձել է իրավիճակին խորքային առումով՝ և իրավիճակը հանդարտեցնելու, և կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեքստում։

«Մենք հասկանում ենք, որ միջադեպեր եղել ու լինելու են, դրանք կարծես անհաղթահարելի խոչընդոտ են դարձել այս հակամարտությունում, և դա նաև բնորոշ է բոլոր հակամարտություններին։ Սակայն խնդիրը այս պահին գլոբալ լուրջ սպառնալիքը վերացնելն է, արտաքին ուժերից պատերազմ պետք չէ ոչ մեկին, և մենք տեսնում ենք, որ կան մաքսիմում ջանքեր, որպեսզի միջադեպերը, բռնկումները չվերաճեն պատերազմի։ Այնքան շատ են խնդիրները, որ դրանց պակասում է հայ-ադրբեջանական և Արցախյան հակամարտությունը, ուստի դիվանագիտական բոլոր ջանքերը ներդրվում են, այդ թվում՝ հրապարակային, ոչ հրապարակային և ռուսական դիվանագիտության նպատակն է՝ թույլ չտալ, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա մեկ նկատառում ևս անեմ, Ռուսաստանը և մյուս համանախագահները հիանալի աշխատում են միմյանց հետ՝ առանց որևէ տարաձայնության, իսկ համանախագահները ոչ հրապարակային գործունեությունից անցան հրապարակայինի՝ այս հայտարարությամբ կոչ անելով անցնել հստակ քայլերի՝ մի կողմ դնել նախապայմանները, ավելորդ թեմաները և բանակցել։ Այդպես եմ ընկալում»,- ասաց Լուկիանովը։

Նրա կարծիքով՝ հայտարարությունն ուղղված էր թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին, որովհետև ըստ էության երկու կողմերն էլ նախապայմաններ են ներկայացնում մինչ բանակցային գործընթացի վերսկսումը։

«Կողմերից մեկը ցանկանում է միանգամից բովանդակային բանակցություններ, մյուսը՝ միջավայրի բարելավում և դրանից հետո հարցերի քննարկում։ Համանախագահներն ասում են՝ այդ պայմանները դրեք մի կողմ և սկսեք աշխատել, հանդիպել, կարգավորելով իրավիճակը, քանի որ այդ նախապայմանները գործընթացը փակուղի են մտցնում, իսկ համանախագահների խնդիրն է՝ վերացնել այդ փակուղային գործոնները, և ընդհանրապես նախապայմանների առկայության պայմաններում կառուցողական բանակցային գործընթաց չի կարող ծավալվել: Մինսկի խմբի հայտարարությունը պետք է դիտարկել իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակում։ Ողջունելի է, որ հայտարարությունը մի փոքր ավելի սուր էր, քան նախորդ հայտարարությունները, քանի որ իրավիճակն էլ ոչ ստանդարտ է, քանի որ նախկինում գոնե նմանատիպ բռնկումներից հետո հաջողվում էր կողմերին մոտեցնել շփման, իսկ ներկայումս դա դժվար խնդիր է դարձել, քանի որ ղեկավարներն ի սկզբանե հրաժարվել են հանդիպել, իսկ նախարարները պայմաններ են ներկայացրել։ Անձամբ այն կարծիքին եմ, որ ո՛չ համանախագահները, ո՛չ առանձին դիվանագետները, որոնք ջանքեր են ներդնում, պատրանքներ չունեն բանակցային գործընթացի այս փուլում բեկումնային բանակցությունների վերաբերյալ, սակայն կա խնդիր՝ թույլ չտալ պատերազմ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառման պահանջին վերադառնալը լավ է։ «Ավելի դրական կլինի, եթե այն ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, ինչը մինչև կարգավորում շփման գծում իրավիճակը կդարձնի քիչ թե շատ վերահսկելի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս