Արայիկ Հարությունյանի մարտահրավերը Նիկոլ Փաշինյանին
«Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ինձ թող հրաժարականով չվախեցնեն»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, որը հնչում է ոչ միայն հանրության ամենատարբեր շերտերի շրջանում ամենատարբեր հարթակներում, այլ նաև որպես պահանջ՝ այսօր ներկայացվել է խորհրդարանի ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը հիմնավորող փաստարկները կարելի է հաշվել տասնյակներով, նա ընդհանուր առմամբ ձախողել ու տապալել է իր ղեկավարած ոլորտներում պետական քաղաքականությունը, ինչի մասին խոստովանում են անգամ իշխանության շատ ներկայացուցիչներ։ Բայց խնդիրը, մեծ հաշվով, ոչ Արայիկ Հարությունյանի անձն է, ոչ էլ նրա ձախողած պաշտոնավարումը։ Խնդիրների, ընդ որում, ոչ միայն ԿԳՄՍ ոլորտի, այլ նաև պետության ու հասարակության կենսագործունեության մյուս ասպարեզներում առկա համակարգային խնդիրների խորքային պատճառն Արայիկ Հարությունյանի արտաբերած վերը նշված նախադասությունն է՝ «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ինձ թող հրաժարականով չվախեցնեն»։
Սա մտածողություն է, աշխարհայացք, որը, ըստ ամենայնի, մեխված է իշխանության բոլոր ներկայացուցիչների գիտակցության ու ենթագիտակցության մեջ։ Իսկ այդ մտածողության իմաստն այն է, որ հեղափոխությունն իրենց համար ինդուլգենցիա է՝ անելու կարելի ու անկարելի ամեն ինչ՝ առանց պատասխանատվության նշույլի։
Հեղափոխականներին կարելի է ամեն ինչ, հեղափոխականը վեր է սահմանադրությունից ու օրենքներից, հեղափոխությունը կեցության բարձրագույն ձևն է։ Սա է Արայիկ Հարությունյանի ներկայացրած դոկտրինի իմաստը, որը վստահաբար տիրապետող է հեղափոխական ողջ թիմում։
Սա չափազանց վտանգավոր, կործանարար մոլորություն է, քանի որ նման մտածողություն կրողների համար գործնականում չկան զսպումներ ու հակակշիռներ, գրված ու չգրված նորմեր, նրանց համար որևէ երևույթի գնահատման միակ չափորոշիչը հեղափոխությունն է ու հեղափոխականությունը։ Եվ եթե սա քայլարշավի օրերին Չալոյի հետ նույն շարքում քայլող Արայիկ Հարությունյանի ինքնագնահատականն է, պատկերացնել կարելի է, թե ինչպես է ինքզինքը գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նույն քայլարշավին քայլել է բոլորից, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանից ու Չալոյից առաջ։
Նորմալ պայմաններում հեղափոխական թիմի՝ իշխանական աշխատասենյակներ տեղափոխվելուց հետո, նրանց հեղափոխական պաթոսը պետք է վերածվեր պետական մտածողության, որի հիմնական չափորոշիչները պետք է դառնային օրինականությունն ու իրավականությունը։ Սակայն հեղափոխականները՝ նույն Արայիկ Հարությունյանի օրինակով, ապացուցում են, որ իրենք դեռ մնացել են Գյումրի-Երևան մայրուղու ճամփեզրին, որտեղից էլ իրականացնում են պետական կառավարումը բոլոր ոլորտներում։
Արայիկ Հարությունյանի արտահայտած միտքը, որը ոչ այլ ինչ է, քան ամենաթողության մասին ինքնախոստովանանք, իրականում հեղափոխության անթույլատրելի ֆետիշացման հետևանքն է, որը կոռոզիայի է ենթարկում պետական կառավարման համակարգն ու պետությունն ընդհանուր առմամբ։ Եվ դա տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ Արայիկ Հարությունյանն ու նրա ընկերները չեն իջել հեղափոխության ամպերից ու իրենց չեն գտել ժամանակի ու տարածության մեջ։ Ինչպես, օրինակ, Արայիկ Հարությունյանի քայլընկեր Չալոն, ով բավարարվում է էլիտար բույն տեղափոխվելու իր հեղափոխական պարգևով։
Հարություն Ավետիսյան
Հ․Գ․ Բացի այն, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն իր մեջ պարունակում է հեղափոխական ամենաթողության մասին ինքնախոստովանություն, այն նաև ունի կոնկրետ հասցեատերեր, որոնք ոչ թե նրա հրաժարականը պահանջողներն են, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ «Հեղափոխության առաջնորդ» լինելու մասին հայտարարությամբ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, որ վերջինս հանկարծ չմտածի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ իրեն զոհաբերելու մասին, քանի որ ինքը ոչ թե հեղափոխության շարքային մասնակից է, այլ առաջնորդ։ ԿԳՍՄ նախարարը կոտրում է նաև երկուսուկես տարվա այն քարոզչական թեզը, որ Նիկոլ Փաշինյանն է հեղափոխության առաջնորդը։ Հարությունյանը, այսպիսով, մարտահրավեր է նետում Նիկոլ Փաշինյանին։ Գնդակը, ինչպես ասում են, վարչապետի դաշտում է։