Դավաճանություն փաշինյանական արքունիքում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ՝ դա պատճառաբանելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով։
Այսպիսով, իշխող քաղաքական թիմից հեռանում է արդեն երկրորդ պատգամավորը՝ թիմի այլ անդամի կամ անդամների հետ ունեցած տարաձայնության պատճառով։
Ջուլֆալակյանի, դրանից առաջ՝ Էդգար Առաքելյանի հեռացումն «Իմ քայլից» վկայում են իշխանության որակի, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին: Խոսքը ոչ թե իշխանության գործառութային աշխատանքի որակի մասին է, որը գրեթե զրոյական է, այլ այն գաղափարական-քաղաքական առանցքի, որը միավորում է իշխանության ներկայացուցիչներին։ Իրականում նման առանցք՝ որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետև այս իշխանությունն ապագաղափարական ու ապաքաղաքական է անպատկերացնելիության աստճանի։ Իշխանության ներկայացուցիչներին միավորում է ոչ թե գաղափարների, արժեքների, սկզբունքների ընդհանրությունը, ինչը պարտադիր է քաղաքական գործունեության, առավել ևս՝ իշխանության իրացման համար, այլ ընդամենը՝ Նիկոլ Փաշինյանի անձը։
Իշխանության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ պատգամավորները, համախմբվել են ոչ թե՝ այս կամ այն գաղափարի կամ արժեքի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Այսինքն՝ իշխանությանը շաղախողը ոչ թե գաղափարներն ու սկզբունքներն են, այլ առանձին վերցրած անհատ, որի կամայական ճաշակով ու նախասիրություններով էլ ձևավորվել է իշխանական թիմը։ Հակառակ պարագայում, գաղափարների ու սկզբունքների առկայության պարագայում իշխանության ներկայացուցիչների միջև ծրագրային, հայեցակարգային տարաձայնությունները կհարթվեին կամ կլուծվեին քաղաքական, գաղափարական տիրույթում։ Բայց քանի որ չկա գաղափարական առանցք, տարաձայնությունները հարթվում են իշխանության միակ միավորողի՝ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ։
Փաշինյանն այդ իմաստով արբիտր է, նա է որոշում, թե իր թիմակիցներից ով է ճիշտ կամ սխալ այս կամ այն հարցում։ Ջուլֆալակյանի բախտը չի բերել, նա համարձակվել է տարաձայնություն ունենալ Փաշինյանի ֆավորիտ Արայիկ Հարությունյանի հետ, և, բնականաբար, վարչապետը որոշել է պաշտպանել իր հովանավորյալին՝ զոհաբերելով նրան, ով իր թիմում է հայտնվել պատահական ընտրության արդյունքում։ Այսինքն՝ իրականության մեջ ոչ թե Արսեն Ջուլֆալակյանն է հեռացել «Իմ քայլից», այլ նրան հեռացրել են, հեռացրել են Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Ընդ որում, կոնկրետ Ջուլֆալակյանի պարագայում կա անարդարության ու անազնվության զգալի բաղադրիչ։ Եթե «Իմ քայլի»՝ մարդկությանն ու հասարակությանն անհայտ անդամների մեծ մասը պատգամավոր է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ապա նույնը չի կարելի ասել ճանաչված մարզիկ Ջուլֆալակյանի մասին։
Այսինքն՝ տվյալ դեպքում ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ Նիկոլ Փաշինյանն է աջակցել Ջուլֆալակյանին, որքան վերջինս իր հեղինակությամբ նպաստել է՝ «Իմ քայլի» իշխանության գալուն։ Բայց քանի որ քաղաքականությունը, որպես կանոն, անազնիվ ու անարդար գործունեության տեսակ է, Նիկոլ Փաշինյանը Ջուլֆալակյանի ներդրման դիմաց նրան փոխհատուցում է՝ «Իմ քայլից» հեռացնելով։ Հեռանալով, սակայն, Ջուլֆալակյանը մեծագույն նվեր է մատուցում Նիկոլ Փաշինյանին, ոչ թե՝ ազատված պատգամավորական մանդատով, այլ՝ նախադեպ ստեղծելով․ այսուհետ բոլորը կտեսնեն ու կլսեն, թե ինչ ճակատագրի է արժանանում Նիկոլ Փաշինյանի ֆավորիտների հետ անհամաձայնություն հայտնել համարձակվողը։ Արքունիքում նման համարձակությունները ոչ միայն չեն ներվում, այլև հավասարազոր են դավաճանությանը։
Հարություն Ավետիսյան