Բաժիններ՝

«Նախատեսվում է 646,787.5 հազար դրամ հատկացնել ՀՀ բոլոր պետական հանրակրթական դպրոցներին». ԿԳՄՍ նախարարություն

Հանրակրթական հաստատություններում դասերի վերսկսմանը մնացել են հաշված օրեր, սակայն բազմաթիվ հարցեր դեռ մնում են խնդրահարույց՝ ինչպես սովորողների ու նրանց ծնողների համար, այնպես էլ՝ ոլորտի փորձագետների:

168.am-ը բարձրաձայնված հարցերից մի քանիսն օգոստոսի 31-ին ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Ըստ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցի`https://168.am/2020/08/30/1359065.html

. Դպրոցներն ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով:

Հարց. Արդյո՞ք մեկ անձից գնման գործընթացի հետ կապված խնդիրներ չեն առաջանա 7 օրվա պահուստ ձեռք բերելու հարցում:

. Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:

Հարց. Սա չի՞ խախտում սովորողի կրթություն ստանալու իրավունքը:

. Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

Այդ հիվանդություններն են.

արյան բարձր ճնշում

շաքարային դիաբետ,

սրտի հիվանդություն,

սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),

քրոնիկ շնչառական հիվանդություն,

քաղցկեղ։

Հարց. Արդյո՞ք այս պարագայում չեն խախտվում ռիսկային խմբում գտնվող երեխաների անձնական կյանքի և առողջության գաղտնիության իրավունքը:

Նաև հաշվի առնելով հանգամանքը, որ նրանց տևական բացակայությունը դասարանում արդեն իսկ կվկայի, որ տվյալ աշակերտը ռիսկային խմբում է:

Եվ վերջում, պատրաստվո՞ւմ է արդյոք ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներին տրամադրել հատկացումներ՝ դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների ձեռքբերման համար, եթե փոխնախարարի կողմից նշված անցյալ ուստարվա երկրորդ կիսամյակի խնայողությունները չբավականացնեն»,- գրել էինք մեր հարցման մեջ:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխան նամակում մասնավորապես տեղեկացրել է. «Հաշվի առնելով եկող շաբաթվանից հանրակրթական դպրոցներում առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի վերսկսման հանգամանքը՝ որոշվել է անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցների գնումների գործընթացն իրականացնել մեկ անձից, քանզի այլ պարագայում, պարզապես, հնարավոր չի լինի հավուր պատշաճի (հակառակ դեպքում՝ նվազագույնը կպահանջվի 1 ամիս) կազմակերպել հանրակրթական ուսումնական հաստատություններին անհրաժեշտ նյութերով և պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործընթացը։

Դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ դասարանը երկու խմբի բաժանելու և շաբաթական երեք օր դպրոց հաճախելու պարագայում առհասարակ չի խախտվում սովորողի կրթության իրավունքը, ավելին, համավարակի պայմաններում ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ երեխաների համար արդյունավետ և անվտանգ առկա ուսուցում ապահովելու համար:

Համաձայն COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի՝ յուրաքանչյուր առարկայի թեմատիկ պլանը տվյալ դասարանի համար կազմվում է ծրագրի ժամերին համապատասխան: Դասարանը երկու խմբի բաժանելու դեպքում՝ առարկայի ծրագիրը բաժանվում է երկու մասի: Առաջին մասն ուսուցիչն իրականացնում է դասի ընթացքում, իսկ երկրորդը մասը հանձնարարում է սովորողներին՝ որպես ինքնուրույն աշխատանք: Առարկայի թեմատիկ պլանը տվյալ դասի համար կազմվում է ծրագրի ժամերին համապատասխան այնպես, որ դասերի ընթացքում յուրացված նյութի հիման վրա սովորողը կատարի հանձնարարված ինքնուրույն աշխատանքը:

Ինչ վերաբերում է ռիսկային խմբում գտնվող սովորողների անձնական կյանքի և առողջության գաղտնիության իրավունքի խախտմանը՝ նշեմ, որ վերոնշյալ ուղեցույցով հստակ սահմանված է, որ բացառվում է սովորողի հաճախումը դպրոց (ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից համապատասխան դիմումի առկայությունը պարտադիր է), եթե.

Սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի,

Տանն առկա է, կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ,

Տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

Վերոնշյալ բոլոր դեպքերում էլ սովորողը մասնակցում է ԿՏԱԿ-ի կողմից իրականացվող կենտրոնացված հեռավար կրթությանը և չի հաճախում դպրոց:

Հետևաբար՝ սովորողը կարող է չհաճախել դպրոց՝ իր ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը չվտանգելու նպատակով: Ուստի, սովորողների անձնական կյանքի և առողջական գաղտնիության իրավունքի պահպանման համար պատասխանատվությունը հավասարապես կրում են թե՛ հաստատության տնօրենն ու ուսուցիչները, և թե՛ ծնողներն ու աշակերտները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է 646,787.5 հազար դրամ հատկացնել ՀՀ բոլոր պետական հանրակրթական դպրոցներին, ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության հատուկ և մասնագիտացված դպրոցներին, արտադպրոցական հաստատություններին, մարզադպրոցներին և ՆՄՄԿՈՒ հաստատություններին դիմակներով, ձեռքերի ախտահանիչներով և շենքերի ախտահանիչներով ապահովելու համար:

Միայն հանրակրթական դպրոցներին հատկացվող գումարը կազմում է 580,226.4 հազար դրամ: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի նիստին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս