Բաժիններ՝

Տեխզննության կտրոնը, որը մեքենաները փակցնում են դիմապակուն՝ կդառնա էլեկտրոնային. ԱԺ հանձնաժողովն ընդունեց օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթ։

Կառավարության ներկայացուցիչը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով օրենքի նախագծերը՝ նշեց, որ փոփոխություններ են նախատեսվում հետևյալ օրենքներում՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հարկային օրենսգրքում:

«Ներկայացվող փոփոխությունները նպատակ են հետապնդում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։ Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է  վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն։

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում։ Սա ճանապարհային ոստիկանությանը հնարավորոթյուն կտա վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու։ Տեխնիկական զննության պարբերականության հետ կապված առաջարկվում է  տեխնիկական զննություն անցկացնել թողարկման 4-րդ տարում։ Մինչև թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարի և ավելի  բարձր տրանսպորտային միջոցների դեպքում՝  տարեկան մեկ անգամ պարբերականությամբ»,- ասաց Արմեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ սահմանված է վարչական պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված դեպքերում, երբ, օրինակ, կարգով տեխնիկական զննություն չի անցել տրանսպորտային միջոցը կամ անսարքություն է ունեցել, տվյալ տրանսպորտային միջոցին կարող են զրկել մինչև անգամ լիցենզիայից։

Ավելի մանրամասնելով` Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ տեխզննության կտրոնը, որն այժմ բոլոր մեքենաները փակցնում են դիմապակուն, այլևս պարտադիր չի լինելու, տեխզննությունը կատարվելու է, և կտրոնը դառնալու է էլեկտրոնային։

«Ինչպես արդեն ասացի, ներդրվելու է էլեկտրոնային շտեմարան, որի միջոցով էլ իրականացվելու է վերահսկողությունը, այսօր տարբեր երկրներում վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային։ Ինչ վերաբերում է  սակագներին, ապա այսօր Կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8 հազար դրամ և 2500 դրամ հետվերադարձը։ Այս մասով, ըստ նույն օրենքի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մենք պետք է հայտ ներկայացնենք և այդ հայտի շրջանակներում իրենք հաշվարկ անեն, թե որքան գումար է պահանջվելու այդ ամենի համար, և ելնելով այդ հաշվարկից՝ հաստատենք գումարը»,- հավելեց Արմեն Սիմոնյանը։

Նախագիծը ներկայացնելուց հետո, Անդրանիկ Քոչարյանը կարճ դիտարկում արեց՝ նշելով,  որ տրանսպորտային միջոցների տեխնիկական խնդիրներին տարիներ շարունակ առնչվել են։

«Մենք իմացել ենք, որ տրանսպորտային միջոցի տեխզննումը պարտադիր է եղել, բայց պարտադիր չի եղել, թուղթն է եղել պարտադիր։ Հիմա մենք ուզում ենք այդ ամբողջը երևի դարձնենք իրականություն, և իրականությունը շատ կարևոր է, որպեսզի գոնե վտանգավոր տեխնիկական միջոցներին կա՛մ ստիպենք վտանգները կարգավորեն, չեզոքացնեն, կա՛մ դուրս գան մեր կյանքից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նախագիծը քննարկելուց հետո հանձնաժողովը նախագծերի փաթեթին դրական եզրակացություն տվեց և ընդգրկեց լիագումար նիստերի օրակարգ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս