Բաժիններ՝

Նոր Կալեդոնիա այցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ ոստիկանության օգնական ուժերը կմնան կղզում

Ֆրանսիայի ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցների օգնական ուժերը կմնան Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) այնքան ժամանակ, որքան պահանջվի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահն արշիպելագ կատարած այցի ընթացքում։

«Անվտանգության ուժերը, որոնք առաջիկա մի քանի ժամում կտեղակայվեն Նոր Կալեդոնիայում, այնտեղ կմնան այնքան ժամանակ, որքան պահանջվի: Առաջնահերթ խնդիրը հանրապետական ​​կարգի վերականգնումն է», – Մակրոնի խոսքերն է մեջբերում Le Monde պարբերականը:

Ըստ լրատվամիջոցի՝ Էմանուել Մակրոնը Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի Գերագույն հանձնակատարի գրասենյակ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ արշիպելագ ուղարկված իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը կհասցվի մինչև 3000-ի, և հավելել է, որ նրանց ներկայությունը կարող է շարունակվել այնտեղ նույնիսկ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ժամանակ:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի 12 օրից ավելի, եթե տեղի հասարակական և քաղաքական գործիչները կոչ անեն հանել ճանապարհներին տեղադրված բարիկադները։

Ֆրանսիայի ղեկավարը նաև հավաստիացրել է, որ խաղաղության հասնելը չպետք է լինի կղզում անցկացված անկախության երեք հանրաքվեների արդյունքներից նահանջելու ճանապարհով։

«Ես ցանկանում եմ, որ մենք ունենանք արդար, անկեղծ, շիտակ քննարկումներ քաղաքական և ինստիտուցիոնալ հարցերի, ինչպես նաև նախագծերի շուրջ այն շրջանակներում, որոնք ես նշել եմ 2018 թվականի իմ այցի ժամանակ: Մենք պետք է հանգենք կառուցողական խաղաղության», – ասել է նա տեղի քաղաքական գործիչների հետ զրույցի ժամանակ։

Մակրոնը հանդիպել է նաև Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս