Երբ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունն ուլտիմատիվ պահանջներ է ներկայացնում ՀՀ իշխանությանը
Սորոսականները հիմա էլ ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իրենց մոտեցումները
Նախորդ երկու հրապարակումներում 168.am-ն արդեն ներկայացրել էր, թե 2018թ. իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:
Նշել էինք, որ հայեցակարգի վերնագիրն ինքնին արդեն զարհուրելի է, և երբ ոլորտ առ ոլորտ ուսումնասիրում ես այդ հայեցակարգ կոչվածը, հասկանում ես, որ կոնկրետ ուժեր, լրջագույն ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսների ներդրումների արդյունքում, քայլ առ քայլ իրականացնում են այն, ինչի համար աջակցել են 2018-ի իշխանափոխությանը և ինչի երաշխիքները ստացել են:
Առաջին հրապարակմամբ անդրադարձել էինք իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած՝ Սորոսի հիմնադրամի նկրտումներին, սորոսականների կողմից դատաիրավական «բարեփոխումների» ներկայացված հայեցակարգին, կետ առ կետ նշել, թե դրանցից որոնք են արդեն ի կատար ածվել, և որոնք են ճանապարհին, իսկ երկրորդով՝ կրթական «բարեփոխումների»՝ Սորոսի հիմնադրամի ծրագրին, որ գրել են դեռևս 2018թ.:
Այսօր կներկայացնենք սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ Բաց հասարակությունների, նույն ինքը՝ օլիգարխ Ջորջ Սորոսի հիմնադրամի դիտարկումներն ու առաջարկները, որի տակ ստորագրել են հետևյալ կազմակերպություններն ու անձինք՝
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Կարեն Թումանյան, փաստաբան
Ռոբերտ Ռևազյան, փաստաբան
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ
«Արծվաբույն Զեյթուն» ՀՄ ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» Քաղաքացիական Հասարակություն ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
Կանանց իրավունքների տուն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն:
Մենք այստեղ չենք ներկայացնի, թե ինչ կազմակերպություններ են սրանք, սակայն ուշադիր ընթերցողը շատ արագ կարող է հասկանալ, թե ի՞նչ գործունեություն են նրանք ծավալում մեր երկրում, որտեղի՞ց ու ինչի՞ համար են ներկայացվածների մեծ մասը ֆինանսավորվում:
Սորոսականների` 05.09.2020թ. հրապարակած այս հայեցակարգի հենց ամենաառաջին նախադասությունը ցույց է տալիս, որ 2018-ից երկու տարի անց չեն փոխվել ոչ սորոսականների մոտեցումները, և ոչ էլ ձևակերպումը:
«2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի, հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը»,- գրված է տեքստի ամենասկզբում:
«Պետության զավթում» բառակապակցությունը սորոսականների համար ասես սուրբ կով լինի, որի առաջ պետք է երկրպագեն Բաց հասարակությունների հիմնադրամից սնվող բոլորը:
Այդ բառակապակցությունը նրանք պետք է կրկնեն օրը մի քանի անգամ, հնարավորինս հաճախ օգտագործեն իրենց ֆեյսբուքյան գրառումներում, հարցազրույցներում ու հրապարակային այլ ելույթներում: Տպավորություն է, որ ինչ-որ մեկը հաշվում է, ու հերթական ֆինանսավորման կամ գրանտի չափը պայմանավորված է հենց այդ բառակապակցության կիրառության քանակով:
Ինչևէ:
Հաջորդիվ կարդում ենք՝ «Չնայած հանրային պահանջին՝ Կառավարությունը ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրության ձևավորմանը ձեռնամուխ եղավ միայն 2020թ. սկզբին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»:
Որևէ մեկը, վստահ ենք, չի կարող նշել հանրային որևէ միջոցառում, ցույց, միտինգ, բողոքի ակցիա, որը կվկայեր այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ կար, սակայն սորոսականները, հերիք չէ, նման պնդում են կատարում, դեռ ըստ էության հրահանգում են, որ այդ փոփոխությունները պետք է ավարտվեն Նոր Սահմանադրության ընդունմամբ, քանի որ գործող սահմանադրության ընդունման և փոփոխությունների գործընթացը և բովանդակությունը երբևէ չի արտահայտել Հայաստանի քաղաքացիների իրական կամքը, այլ պարտադրվել է՝ սպասարկելով օրվա իշխանությունների քաղաքական շահերը:
Տարօրինակ ու, մեղմ ասած, անընդունելի է, երբ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում խոսել Հայաստանի քաղաքացիների իրական կամքից: Եվ թեպետ անհասկանալի է, թե մասնավորապես ի՞նչ նկատի ունեն սորոսականները՝ «ժողովրդի իրական կամք» ասելով, սակայն հաստատապես այն կապ չունի այն արժեքների հետ, որոնք դավանում են նույնիսկ Արևմուտքում ոչ միանշանակ ընդունվող օլիգարխի կողմից ֆինանսավորվող կազմակերպության դրսի տերերն ու ներսի կատարածուները:
Տեքստի հաջորդ հատվածում սորոսականները բողոքում են այն բանից, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքները թափանցիկ չեն, հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են հասանելի հանրությանը, ինչը բացարձակապես չի նպաստում հանձնաժողովի, գործընթացի և դրա արդյունքում ստեղծվող արդյունքի նկատմամբ վստահության և հանրային իմաստալից մասնակցության ապահովմանը: «Նոր սահմանադրության հայեցակարգի՝ որպես ձևակերպված խնդրի բացակայության պայմաններում մասնագիտական հանձնաժողովն ակամա վերածվել է քաղաքական դեբատների և շահերի պաշտպանության փակ հարթակի»,- եզրակացնում են նրանք:
Վերջին ժամանակներում շատ են խոսում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սորոսականների ու, մասնավորապես, «Բաց հասարակությունների հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի «ջրերը» սկսել են մի առվով չհոսել, և դա սպասելի ու տրամաբանական էր: Ի վերջո, գալու էր մի ժամանակ, երբ «հեղափոխության» փայատերերից, թերևս, խոշորագույնը պահանջեր իր հասանելիքը: Եվ թեպետ այսօր առաջին անգամ սորոսականները տիրապետում են իշխանության, ու քիչ բաժին չունեն այդ իշխանության թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, և թե՛ դատական թևերում ու քննչական մարմիններում, սակայն, ըստ երևույթին, նախնական պայմանավորվածությունից զգալի շեղումներ կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
«Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժն անմիջական քաղաքական պատասխանատվություն ունի նվազագույն ժամկետներում ապահովելու պետության զավթումը կանխող, իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը երաշխավորող նոր սահմանադրության ընդունումը: Միաժամանակ, առանց նշված արժեքային հիմքերի և մասնակցային գործընթացի ապահովման նոր սահմանադրության ձևավորման դեպքում լուծված չի լինի հեղափոխության հիմնական պատճառի՝ պետության հերթական զավթումը կանխող սահմանադրական երաշխիքների ձևավորման խնդիրը»,- գրված է սահմանադրական փոփոխությունների գործընթացի՝ նրանց ներկայացրած հայեցակարգի մեջ:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ կոնկրետ գործողությունների անցնելու ուղիղ ցուցում: Իսկ թե ինչո՞ւ է ստեղծվել մի իրավիճակ, երբ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունը կարող է ըստ էության ուլտիմատիվ բնույթի պահանջներ ներկայացնել ՀՀ լեգիտիմ իշխանությանը, կիմանան միայն իրենք՝ կողմերը:
Ու մի բան էլ. նկատեցի՞ք, թե մի պարբերության մեջ քանի՞ անգամ էր օգտագործված «պետության զավթում» բառակապակցությունը:
Վերջում սորոսականները ներկայացրել են գործողությունների այն ցանկը, որոնք ՀՀ իշխանությունները պետք է անեն:
1. վերանայել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ Վարչապետի որոշումը՝ ամրագրելով Նոր Սահմանադրության նախագծի մշակումըորպես հստակ վերջնանպատակ,
2․ ախտորոշել գործող սահմանադրության մեջ առկա խնդիրները և մեխանիզմները, որոնք նպաստել են պետության զավթմանը, սահմանադրական կարգի ոտնահարմանը և դատական իշխանության անկախության խաթարմանը՝ Նոր Սահմանադրությունում դրանք բացառելու և լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակով,
3․ շարադրել Նոր Սահմանադրության նախագծի արժեքային ուղենիշերը և տեսլականը իշխանությունների տարանջատման ու փոխզսպման, իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության սկզբունքների, աշխարհիկ պետության, խորհրդարանական արդյունավետ վերահսկողության, տեղական ինքնակառավարման և ուղիղ ժողովրդավարության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար խնդիրների վերաբերյալ,
4. ապահովել սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի թափանցիկությունը, հայեցակարգային փաստաթղթերի հրապարակայնությունն ու հասանելիությունը, մասնակցային քննարկման և միջանկյալ որոշումների կայացման հնարավորությունը,
5. երաշխավորել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը ողջամիտ սեղմ ժամկետներում՝ 2022 թվականի առաջին կեսից ոչ ուշ՝ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները Նոր Սահմանադրության պայմաններում և սկզբունքների լույսի ներքո պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Ուշադրություն դարձրեք 3-րդ կետին: Բաց հասարակությունների հիմնադրամը խոսում է մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ուղիղ ժողովրդավարության ապահովման մասին, սակայն, ըստ էության, չի խորշում ազգամիջյան խռովություններ հրահրելուց: Վերջինի մասին այսօր հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
«ՀՀ-ում ապրում է մի մարդ՝ ազգությամբ եզդի, Սաշիկ Սուլթանյան անուն-ազգանունով, ով մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսը հրապարակային հայտարարում էր, որ շատ լավ եղբայրական հարաբերություններ են հայ և եզդի ազգությունների միջև, նույնիսկ ՀՀ նոր իշխանություններին կոչ էր անում շարունակել այդ քաղաքականությունը՝ ազգամիջյան հարաբերությունների մասով, որը եղել է նախկինում: Սակայն 2019թ. սեպտեմբերին Սաշիկ Սուլթանյանի կյանքում հայտնվում է «Սորոսի» գրասենյակը: Նա ստանում է իր առաջին գրանտը՝ 10.000 ԱՄՆ դոլար, և միանգամից փոխում է իր կարծիքը հայ և եզդի ժողովուրդների համակեցության մասին: Ավելի մանրամասն ԱԱԾ-ն կպարզի, սակայն 2020թ. Ս. Սուլթանյանը եզդիերեն լեզվով հարցազրույցներ է տվել, որոնք հետո փորձել են հեռացնել համացանցից, բայց դրանք վիդեո տարբերակով կտեղադրվեն «ՎԵՏՕ»-ի ֆեյսբուքյան էջում: 2020թ. հունիսին հարցազրույց է տվել yezdinews.com կայքին, որտեղ հայտարարել է հետևյալը. «Եզդիների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված չեն, Հայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանության հարցում: ՀՀ-ում չի դասավանդվում եզդիերեն լեզուն, միայն հետընթաց է ապրում, եզդիները կորցնում են իրենց մշակույթը»»,- մեջբերեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիրը՝ ընդգծելով, որ աշխարհում կա մեկ երկիր, որտեղ եզդիերեն լեզու է դասավանդվում, դասագրքեր են տպագրվում, Հայաստանի Հանրապետությունն է:
Այդ հարցազրույցում, Նարեկ Մալյանի խոսքով, նշված է նաև, որ առկա է խտրական վերաբերմունք եզդիների նկատմամբ, նրանք ունեզրկվում են ազգային պատկանելության պատճառով, եզդիները վստահ չեն ՀՀ-ում իրենց վաղվա օրվա համար, հայ օլիգարխները, օգտվելով պետության հովանավորչությունից՝ եզդիներին զրկում են իրենց հողամասերից, առկա է առնվազն 30-40 դեպք:
«1988թ. ընթացքում ՀՀ-ում եղել է շովինիստական շարժում, որի պահանջն է եղել, որ Հայաստանում բնակվեն միայն հայերը: Եզդիներին գնդակահարել են և վռնդել իրենց տներից»: Խոսքը գնում է Ղարաբաղյան շարժման մասին: Այսինքն, ըստ պարոն Սաշիկ Սուլթանյանի՝ «Սորոսի» հետ հանդիպելուց և գումար վերցնելուց հետո 1988թ. Ղարաբաղյան շարժումը շովինիստական էր, որի պահանջն էր, որ ՀՀ-ում բնակվեին միայն հայերը: Ասում է, թե եզդիներն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, առկա է վախ իրենց ապագայի վերաբերյալ, եզդիները գնում են Ռուսաստան, որտեղ տնտեսապես ավելի վատ են ապրում, քան Հայաստանում, սակայն հետ չեն վերադառնում: Հայերի և եզդիների համատեղ բնակության գյուղերում փաստացի արգելված է, որ գյուղապետը եզդի լինի: Եզդիներին արգելված է խոսել իրենց խնդիրների մասին»,- հարցազրույցից բառացի հատվածներ մեջբերեց Նարեկ Մալյանը:
Այս հայտարարությունների ու նշված հարցազրույցի դետալներն ու դրանց վտանգավորության աստիճանը պարզելը, իհարկե, իրավապահ մարմինների գործն է, իսկ մինչ այդ սորոսականները հրահանգում են, թե ինչպիսի Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներս պետք է ապրենք: