Իշխանությանը ոչ ցանկալի հեռուստաընկերությունները՝ հանրային մուլտիպլեքսո՞ւմ, թե՞ մուլտիպլեքսից դուրս

Հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու մրցույթները կհայտարարվեն սեպտեմբերի 22-ին. ՀՌՀ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 2020 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարելու է մրցույթներ:

ՀՌՀ միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանը 168.am-ին փոխանցեց, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանում է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ  Սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց չորս ամիս առաջ, հետևաբար մրցույթները հայտարարվելու են 2020 թվականի սեպտեմբերի 22-ին»:

Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ ազատ հաճախականությունների քանակը հայտնի կլինի սեպտեմբերի 22-ին՝ մրցույթը հայտարարելուց հետո:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ կետով էլ սահմանվում է, որ  «սլոթի օգտագործման լիցենզիան տրվում է յոթ տարի ժամկետով, մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան՝ անժամկետ, իսկ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան՝ 10 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ»:

Մամուլում արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քննարկվում է «Արմնյուզ», Հ2, «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը: Ըստ լրատվամիջոցի՝ քննարկվում է նաև 1in.am-ին, Freenews.am-ին, Բուն TV-ին, Ալիք մեդիա-ին, «Ա1+» -ին հանրային մուլտիպլեքսում հաճախականություն տրամադրելու հարցը:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե հայտ արդեն ներկայացրել են:

«Արդեն ներկայացրել եմ հայտը այն ձևով, որ պահանջվում է ՀՌՀ-ի կողմից: Իսկ նախագիծը պատրաստվում է»,- նշեց Մովսիսյանը:

Politik.am-ն էլ ավելի վաղ գրել էր, թե  «լիցենզավորման այս մրցույթի ընթացքում նախապատվություն է տրվելու այն հայտատուներին, որոնք վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ ունեցել են գործող հեռուստաընկերություն։ Արման Բաբաջանյանի լրատվական կայքը, քանի որ այս պահանջին չի համապատասխանում, կարող է գոյություն ունենալ միայն մեկ դեպքում, եթե «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները իրենց պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փոխանցեն Արման Բաբաջանյանին»։

168.am-ը երկու հարց էր ուղղել 1in.am-ի սեփականատեր, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Խնդրել էինք պատասխանել՝ նախ «1in.am-ը հանրային մուլտիպլեքսում հայտնվելու հայտ ներկայացրե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է ներկայացնել, և երկրորդ արդյո՞ք «ԱՐ» հեռուստաընկերությունը Ձեզ փոխանցելու գործընթաց է ընթանում:

«Եվ ձեզ թվում է՝ ես էդ անհեթեթությունները պետք է հերքե՞մ: Ես ձեզ լուրջ լրատվամիջոց եմ համարում»,- ի պատասխան՝ հայտնել էր Արման Բաբաջանյանը:

Քանի որ անհասկանալի էր, թե Արման Բաբաջանյանի համար անհեթեթություն է հանրային մուլտիպլեքսում հայտնվելու հայտ ներկայացնե՞լը, թե՞ «ԱՐ» հեռուստաընկերության փոխանցման լուրը, պատգամավորին ևս մեկ հարց ուղղեցինք՝ խնդրելով պարզաբանել, թե որի՞ն է վերաբերում «անհեթեթություն»-ը:

«Երկուսին էլ»,- ի պատասխան արձագանքեց Արման Բաբաջանյանը:

Մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ «ԱՐ» հեռուստաընկերությունից ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Կայքում առկա հեռախոսահամարներով մեր զանգերը մնացին անպատասխան:

«Մեզ համար դա կյանքի ու մահվան հարց չի: Ինձ բացարձակ չեն վախեցնում այդ լուրերը»

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե փորձում է լուրջ չվերաբերվել շրջանառվող այն լուրերին, թե քննարկվում է «5-րդ ալիք»-ին լիցենզիա չտալու հարցը:

«Գոնե ինքս ինձ համոզում եմ, որ ուշադրություն չդարձնեմ նման տեղեկատվությանը կամ այսպես, կողքից անցնեմ, որովհետև 21-րդ դարում, էս տեխնոլոգիական զարգացածության դարում մուլտիպլեքսի վրա կունենաս հնարավորություն, չես ունենա, արդեն էական չի: Մուլտիպլեքսից բացի՝ այլ՝ շատ-շատ-շատ հնարավորություններ կան: Եվ եթե իրոք կա նման խոսակցություն, դա շատ վատ է, իսկ ես կարծում եմ՝ կա, բայց դա կա պատերի տակ, անկյուններում, որոշ պատգամավորների կամ որոշ քաղաքական գործիչների փսփսոցներով, որովհետև, գիտեք, ծուխն առանց կրակի չի լինում:

Բայց էլի եմ ասում՝ փորձում եմ թեթև նայել և շատ ծանր չեմ տանում այս խոսակցությունները: Բնական է՝ լավ ապրանքը միշտ էլ անհասանելի և դժվարհասանելի է լինում: Ես համոզված եմ, որ մենք լավ ապրանք ենք արտադրում, և շատ-շատերի քիմքին դա հաճելի չի»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Հարցին, թե երբևէ իրեն հասե՞լ են խոսակցություններ, զգուշացումներ, որ իշխանությունը նման հարց է քննարկում, Հ. Հարությունյանը պատասխանեց.

«Մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ որ իմքայլական պատգամավորները կամ բարձրաստիճան իմքայլական պատգամավորները մեր լրագրողներին հեգնանքով մոտեցել են՝ «Ձեզ դեռ չե՞ն փակել»: Ես հիմա անուններ չեմ տա: Բայց դա ես միշտ համարում էի, ընդունում էի՝ որպես բարոյահոգեբանական ճնշում լրագրողի, երիտասարդ լրագրողի նկատմամբ: Այնպես որ, կազմակերպված մոտեցում կամ, այսպես ասած, քաղաքական որոշում, կարծում եմ՝ չկա»:

Այդուհանդերձ, «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրենը չի բացառում, որ կլինի քաղաքական որոշում: «Եթե մի քիչ գիտակից են, պետք է որ նման քաղաքական որոշում  չլինի»,- նկատում է Հարությունյանը: Բայց ըստ նրա՝ ցանկացած դեպքում իրենք շահեկան են դուրս գալու, «որովհետև մեզ փնտրում են, մեզ նայում են, որովհետև մենք տալիս ենք շատ լավ հեռուստատեսային կոնտենտ, և մեր պահանջարկը հանրությունը ունի: Ես ունեմ նաև ուսումնասիրություններ, որոնց մասին հիմա չեմ բարձրաձայնի, բայց բավականին լուրջ է մեր հեռուստաալիքի հեղինակությունը: Ես ոչինչ չեմ բացառում, բայց էլի եմ կրկնում՝ մեզ համար դա  կյանքի ու մահվան հարց չի: Չի լինի մուլտիպլեքսը, կլինի արբանյակային հեռարձակումը, կլինի տարբեր տեսակի պակետների մեջ տեղավորվելը»:

Հ. Հարությունյանի փոխանցմամբ՝ արդեն նախաձեռնում են ինտերնետային լուրջ հեռուստատեսության կայքը: Նա վստահ է, որ այսօր որևէ հեռուստաընկերության խանգարելը շատ դժվար է:

«Մուլտիպլեքսն ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր մուլտիպլեքսում մեր պես հեռուստաալիք լինի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե այնտեղ լինեն հեռուստաալիքներ, որոնք նոր են ստեղծվել կամ որոնք ունեցել են ժամանակին, բայց չեն կարողացել կայանալ և ասելիք չունեն մարդկանց: Կամ մուլտիպլեքսում, պատկերացրեք, լինեն 15 կամ 10 հեռուստաալիք, որնք նույն բանի մասին խոսեն: Ի՞նչ է՝ Ձեզ թվո՞ւմ է հասարակությունը մնացել է 70-80-ական թվականներում: Ո՛չ, իհարկե… Մուլտիպլեքսը թող մտածի, հանրային մուլտիպլեքսի տնօրինությունն ասեմ, կամ ՓԲԸ ասեմ, իրենք թող մտածեն՝ ինձ մուլտիպլեքսով նայելո՞ւ են, թե՞ չեն նայելու: Գալու է մի պահ, պետք է, չէ՞, այդտեղ լինի… Ասենք, եթե դու գնում ես շուկա, տեսնում ես՝ մի փչացած ապրանք, 2-րդ փչացած ապրանք, 3-րդ որդնած ապրանք, 4-րդը շատ լավ, վառվռուն է, դու գնում ես վառվռուն ապրանքը, չէ՞: Ցանկություն գոնե առաջանում է գնել, եթե դու չունես այդ հնարավորությունը, փորձում ես ինչ-որ մի բան անել, չէ՞: Հիմա եթե այդ վառվռուն ապրանքը չի լինելու այդ, այսպես ասած, դախլի վրա, մուլտիպլեքսի վրա, իրենք թող մտածեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարություն Հարությունյանի խոսքով՝ արդեն բավականին արագ տեմպերով նախագծերի փաթեթն են պատրաստում: Ըստ նրա՝ եթե իրենք ներկայացնեն ավելի լավ փաթեթ, քան մյուսները, ու չստանան հանրային մուլտիպլեքսում հայտնվելու թույլտվություն, կշարունակեն այլ ուղղություններով գործել, զուգահեռ էլ կփորձեն հասնել արդարության:

«Մենք այսօր հայտնվել  ենք մի իրականության մեջ, որ եկել են մարդիկ, ովքեր ոչնչից տեղյակ չեն, մի քիչ կոպիտ կարտահայտվեմ, որովհետև իրենք ստիպել են, ստիպում են, որ ես տենց արտահայտվեմ, փաբերից եկել են օրենսդիր մարմին, ոչնչից տեղյակ չեն, իրենց թվում է, որ, եթե մուլտիպլեքսում մենք չլինենք, ամեն ինչ հրաշալի կլինի և իրենց հարցերը լուծված, վերջացած և հավերժական կլինի իրենց պաշտոնավարումը: Չէ, այդպես չի, այդպես չի: Պետք է նայեմ մի քիչ այլ տեսանկյունից, որովհետև սա երկիր է, պետություն է: Եթե իրենք ուզում են ունենան նորմալ հասարակություն, իրենք պետք է ապահովեն խոսքի ազատությունը: Թող 10 հեռուստաընկերություն գովեն, 1 հեռուստաընկերություն ցույց տա ճշմարտությունը:

Եվ հետո, ամենակարևորը, տեղ ունենալով մուլտիպլեքսում, մենք մեր վրա զգալու ենք անընդհատ և պարտավոր ենք ենթարկվել խաղի կանոններին: Հիմա մենք շատ բծախնդիր ենք մեր եթերի նկատմամբ, որովհետև կան խաղի կանոններ և այդ խաղի կանոնները օրենքն է, և այդ օրենքը եթե ընդունվել է, որքանով ես կընդունեմ այդ օրենքը, որքանով չեմ ընդունի, որքանով այդ օրենքը լավն է, որքանով այդ օրենքը վատն է, բայց դա օրենք է և այդ օրենքի սահմաններում մենք հիմա աշխատում ենք: Չենք ունենա մեր տեղը հանրային մուլտիպլեքսում,  կվերանա կարգավորիչ մարմնի վերահսկողությունը: Այն ժամանակ որևէ մեկին մենք հաշվետու չենք լինելու»,- զրույցը եզրափակեց Հարություն Հարությունյանը:

«Միշտ էլ իշխանությունը կցանկանա՝ ոչ հաճո լրատվամիջոցներ չլինեն, բայց…»

 «Երկիր մեդիա» հեռոիստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը 168.amի հետ զրույցում ասաց, թե նախապատրաստական աշխատանքների մեջ են՝ մրցույթին մասնակցելու համար, բայց «անհայտ հարցականները շատ-շատ են դեռ»:

«Միշտ էլ իշխանությունը կցանկանա՝ ոչ հաճո լրատվամիջոցներ չլինեն, բայց այստեղ չեմ ուզում կասկածի տակ դնել Հեռուստատեսության-ռադիոյի հանձնաժողովի անկողմնակալությունը, անկախությունը  և այդ առումով որևէ վայրկյան չեմ մտածում, ենթադրելով, որ իշխանությունը կցանկանա, բայց չեմ մտածում, որ նման արժեչափերով որոշումներ կկայացնի հանձնաժողովը»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե իշխանությունն իրեն ոչ հաճո լրատվամիջոցներին հանրային մուլտիպլեքսում գտնվելու հնարավորությունից զրկելու տարբերակներ է քննարկում:

Հարցին, թե իր համար հավանակա՞ն չէ այն սցենարը, որ կարվեն ինչ-որ քայլեր, որոնք հնարավորություն կտան, որ մուլտիպլեքսում փոփոխություն լինի, Գեղամ Մանուկյանը պատասխանեց.

«Նախ պետք է հասկանանք, թե ովքեր են մրցույթին մասնակցում, ովքեր են հայտ ներկայացնում, լինելո՞ւ են նոր խաղացողներ, թե՞ չէ: Հիմա նկատում եմ, որ կան այդպիսիք, ինչ-որ հայտեր ներկայացնողներ, բայց պետք է հասկանալ՝ լինելո՞ւ են նոր խաղացողներ, թե՞ չէ: Գիտեք, հեռուստատեսությունը մի քիչ, հասկանալի է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներից որոշները հիմա այդ ուղու վրա են, բայց մի բան է կայք պահելը, մի բան է կայքում 2-3 ժամանոց ծրագիր ունենալը, 2-3 ժամը մեկ դա կրկնելը՝ տպավորություն ստեղծելով՝ «վայ, 24-ժամյա ռեժիմով աշխատում է  այս կայքը» կամ 10-12 ժամով ուղիղ եթեր տալը՝ խորհրդարանի նիստ, փողոցային գործողություններ, այս հանրահավաք, այն հանրահավաք, րոպեն մեկ հարցազրույցներ, դա լրիվ ուրիշ բան է, դա հեռուստատեսություն չէ, որովհետև հեռուստատեսությունը, ի վերջո, կառուցվածք է՝ վերևը, եթերայինից սկսած՝ մինչև վերջացրած մոնտաժային, լուրերի տաղավարի եթերային թողարկիչ և այլն: Դրա համար շատ էլ դժվար է հեռուստատեսային այդ դաշտում հայտ ներկայացնելը, մրցույթին մասնակցելը»:

Տեղեկացնենք նաև, որ նախորդ մրցույթն իրականացվել է 2010 թվականին: ՀՌՀ-ից 168.am-ին փոխանցեցին, որ 2010 թվականին իրականացված մրցույթի արդյունքում լիցենզիա են ստացել մարզային, հանրապետական և մայրաքաղաքային 25 հեռուստաընկերություն:  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որն ուժը կորցրել է 2020 թվականի օգոստոսի 7-ին, 47-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում էր, որ «ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տասը տարին մեկ` սկսած 2010 թվականի հուլիսի 20-ից, հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հանրապետական, մայրաքաղաքային և տարածքային սփռման սույն հոդվածով սահմանված թեմատիկ ուղղվածություն ունեցող և սույն հոդվածում նշված քանակությամբ հեռուստաընկերությունների համար»:

Տեսանյութեր

Լրահոս