«Ռուսաստան մեկնել ցանկացողների խնդիրը միանշանակ բանակցությունների միջոցով պետք է լուծվի». Վահե Էնֆիաջյան
«Խոստանում եմ, որ այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչների առջև ձեր կողմից բարձրացրած խնդիրը մեկ անգամ ևս կբարձրաձայնեմ»: Ազգային ժողովի մուտքի դիմաց հավաքված դեպի ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
«Ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ շարունակ պատկան մարմինները լռությամբ են արձագանքել, և այսօր էլ որևէ հստակություն չկա: Շատ լավ գիտակցում ենք, որ ստեղծված իրավիճակով է պայմանավորված այս ամենը, բայց 2 զարգացման ճանապարհ կա՝ դրական տենդենց ստանալու դեպքում կառավարությունն ի՞նչ միջոցներ է սահմանում, և ցուցակագրված 4300 մարդ կա, ինչպիսի՞ սահմանումներ և առաջնահերթություններ կան, և Աստված չանի, եթե վատթարացող տեմպ լինի, այդ պարագայում ինչպիսի զարգացումների պետք է սպասեն քաղաքացիները»,- ասաց Էնֆիաջյանը:
Լրագրողի հարցին՝ այս հարցը հնարավո՞ր է լուծել բանակցությունների միջոցով, փոխխոսնակը պատասխանեց.
«Միանշանակ խնդիրը բանակցությունների միջոցով պետք է լուծվի, հասկանալի է, որ խնդիրը առկա է և արդեն իսկ ոչ թե խնդիր է դարձել, այլ դարձել է պրոբլեմ մարդկանց համար: Ինքներդ եք տեսնում, որ մարդիկ արձանագրում են, որ աշխատանքից զրկված են, իրենց հարազատներից հանդիպելուց, միասին ապրելուց զրկված են, իրենց բիզնեսը կազմակերպելուց զրկված են, հիվանդ մարդիկ կան, կենցաղի հետ կապված մի շարք խնդիրներ կան, բանկերի հետ կապված խնդիրներ կան, ոմանք հայտնվել են սև ցուցակներում, սրանք բոլորը լրջագույն խնդիրներ են… Կառավարության ներկայացուցչին մեկ անգամ ևս կհորդորեմ, որ բնակիչների հետ հանդիպեն և տրամաբանված լուծումներ տան»:
Ակցիայի մասնակիցներից երիտասարդ մի տղամարդ էլ Էնֆիաջյանին տեղեկացրեց, որ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, մայրն էլ մեծ կին է, ինքը պետք է գնա աշխատի, որ կարողանա տան հոգսը հոգալ:
«Ես քաղաքական գործիչ չեմ, իմ ձայնը կյանքում ոչ մեկին չեմ տվել, ընտրության չեմ մասնակցել, որովհետև չեմ հավատացել ոչ մեկին, ես ինձնով եմ ապրել, պետությունից օգնություն չեմ խնդրել: Մայրս մեծ կին է, հիմա պետք է գնամ Ռուսաստան աշխատեմ, որ մորս տիրություն անեմ, մարդկային տեսանկյունից կարելի է դրան նայել և բանակցել, եթե երկրի ղեկավարը զանգ անի՝ հաստատ այդ հարցը կարող են լուծել», – ասաց քաղաքացին:
Վահե Էնֆիաջյանը հավաքվածներին ասաց, որ կառավարությունը բոլոր զարգացումների պարագայում միանշանակ պետք է թափանցիկ գործի.
«Մեր երկրի քաղաքացիները պետք է իմանան, թե ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները, և ի՞նչ հնարավոր զարգացումներ կան հարցի լուծման համար»:
ԱԺ փոխխոսնակն իր աշխատակիցներին հանձնարարեց ցուցակագրել բոլոր մարդկանց, վերցնել նրանց տվյալները, որպեսզի զբաղվեն նրանց խնդրով:
Մանրամասները՝ տեսանյութում