«Եղբայր, դուք ինձ տանում եք հանցագործության». խաղողագործը՝ իրենց առաջ ծառացած խնդիրների մասին

Խաղողի մթերման համար  մնացել են հաշված օրեր:  Մթերող գործարանների մեծ մասը պատրաստ է խաղող գնել 135 դրամով: 20 տարվա պատմություն ունեցող խաղողի այգու հիմնադիր Արտակ Սարգսյանի խոսքով՝ այդ գինը խաղողի ինքնարժեքից 10-15 դրամով է ավելի, ու այդ գնով խաղող վաճառելու դեպքում խաղողագործն ինն ամիս աշխատելուց հետո  արդյունքում ձեռնունայն կմնա:

«Հարգելի իշխանություն, դուք 10 դրամով կարա՞ք ձեր ընտանիքը պահեք: Եթե կարաք պահեք, ուրեմն գյուղացին կարա ու կարա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործ Արտակ Սարգսյանը:

Մթերվող գնին զուգահեռ՝ վերամշակող ձեռնարկությունները նաև հայտարարել են, թե կորոնավիրուսի պատճառով նվազել են արտադրանքի սպառման ծավալները, ինչն էլ նշանակում է, որ նրանք գուցե չկարողանան խաղողագործներից գնել ամբողջ բերքը:

«Խաղողագործությունը մեծ արվեստ ա, և էդ մեծ արվեստը փառքով առաջ տանելու համար յուրաքանչյուր օղակ պիտի չթերանա, պիտի կարողանան համագործակցության եզրեր տեսնել իր կողքի կամ էն պարտնյոր ընկերների հետ, ում հետ աշխատում են: Օրինակ, եթե բոլորն էսօր էդ գիտակցմամբ մոտենան, խաղողագործությունը կունենա նաև ապագա, կունենա նաև լայն  տարածում և զարգացում: Իհարկե, փառք Աստծո, էսօր եղած քանակները կան, բայց մենք չունենք խաղողագործի հետ էն խնդիրների, էն պրիմիտիվ խնդիրների լուծումները, որ էսօր պիտի կառավարության կողմից աջակցվեն ու առաջարկվեն»,- ասաց Արտակ Սարգսյանը:

Խնդիրների լուծման տարբերակն էլ են պատրաստ առաջարկել: Ասում են, թե այս խնդիրը կարգավորելու համար բարձրագույն մաթեմատիկա, լոգարիթմական հավասարումը լուծել իմանալ պետք չէ: Միայն անհրաժեշտ է կամքի դրսևորում և պետության նկատմամբ սրտացավություն:

«Էս կառավարությունը պիտի կանգնի և՛ խաղողագործի թիկունքին, և՛ վերամշակողի թիկունքին, որպեսզի կարողանա գտնել էն ոսկե միջինը: Խաղողի 1 կգ-ն սուբսիդավորի, իսկ սուբսիդիան անձամբ հասնի խաղողագործին… Եվ էդտեղ ինքը 2 մեծ գործառույթ կիրականացնի՝ կկարողանան ռեալ խաղողի քանակը ֆիքսել՝ հանրապետությունում արտադրված և վերամշակող ձեռնարկությանը վաճառված, մեկ էլ խաղողագործին տրվում է անհատական՝ 1 կգ խաղողի համար սուբսիդիա, որպեսզի էս ֆորսմաժորային տարին անցկացնենք»,- նշեց Արտակ Սարգսյանը:

Երբ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները խաղողագործներին ասում են, թե այս հարցում արել են, ինչ կարող են, մնացածը խաղողագործ-վերամշակող հարաբերությունների տիրույթում է, Արտակ Սարգսյանը հիշում է երկու տարի առաջ իշխանության արած հայտարարությունները:

«Էսօրվա իշխանությունը 2 տարի առաջ ասում էր՝ «ի՞նչ անենք խաղողագործության ոլորտում», ասում էր՝ «Ձեզ կեղեքում, թալանում են անհայտ ստվերային ձևերով: Մենք, եթե գանք ժողովրդի կողմից, ժողովրդի թիկունքին ենք կանգնելու, գյուղացու թիկունքին ենք կանգնելու, որպեսզի գյուղացին էս իրանց ասած կոր մեջքը դզի, էս խեղճացած վիճակից դուրս գա»: Բայց դուք հասկանում եք՝ 2 տարի հետո մոռացել եք, որ էդ նույն գյուղացու ուսերի վրայով եք եկել, հասել տեղ: Միայն պարգևավճարների ու ձեր շքեղ առանձնասենյակներում բազմած՝ էդ կառավարական բազկաթոռների վրա,  դրանով գյուղացու, ազգաբնակչության խնդիրները չի լուծվում»,- նշեց նա:

Բոլոր խաղողագործների անունից է ասում՝ եթե խաղողագործը հզոր լինի, խաղողագործի երեխան լավ կսովորի, ուսման վարձի խնդիր չի ունենա, ինչն էլ դոմինոյի էֆեկտով իր ազդեցությունը կունենա պետության զարգացման վրա:

«Եղբայր, եթե էսօր ես՝ խաղողագործս, սոված եմ, էսօր ես ինքնարժեքով խաղող պիտի իրացնեմ, դուք հասկանո՞ւմ եք իմ վիճակը, դուք ինձ տանում եք հանցագործության: Եթե ես էսօր իմ պարտավորությունները կենցաղում, իմ շրջապատում, պետության առաջ, իմ աշխատողի առաջ չեմ կատարում, ես դառնում եմ հանցագործ»,- ասաց մեր զրուցակիցը:

20 տարվա խաղողագործը վստահեցնում է՝ կառավարության ծրագրերը, թե աջակցում են խաղողագործությանը, մթերող-վերամշակող ընկերություններին, իրականանալի չեն: Դրանք իրենց հետ նոր խնդիրներ են բերում, ու շատ ընկերություններ էլ չեն կարողանում կառավարության առաջարկած պայմաններով վարկերից օգտվել:

«2 տարի առաջ ասում  էին՝ «բանկերը թալանել են ժողովրդին»: Բա էդ տոկոսներով, մենք էսօր 21%-ով վարկը վերցրել ենք, չենք կարում դրա տակից դուրս գանք: Բա էդ ո՞նց եք մոռացել ձեր խոստումները… Էսօր միանգամից ողջունելի ձևով նստեցիք ձեր աթոռներին ու մտածեցիք՝ «ամեն հարց բանկերով ու վարկերով կլուծվի, գյուղացին կապրի»: Կամ մոռացե՞լ եք էդ տոկոսները: Էսօր ձեզ համար, կարող ա, դա խնդիր չի, բայց մենք էդ նույն կարգավիճակում ենք, էդ նույն տոկոսների տակ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Սարգսյանը:

Խաղողագործների մյուս խնդիրն էլ իրենց հարցերը կարգավորող կառույցի՝ Գյուղատնտեսության նախարարության բացակայությունն է: Նախկին Գյուղնախարարության պարտականություններն այսօրվա Էկոնոմիկայի նախարարության տիրույթում են, բայց խաղողագործները փորձով են հասկացել՝ Էկոնոմիկայի նախարարությունը՝ ուր, գյուղատնտեսությունը՝ ուր: Ասում են՝ անգամ  ընդունելություն չկա, իսկ ծրագրերն էլ միայն ասելու համար են:

«Մոտեցումը պիտի լինի կառավարության կողմից հասցեական, ոչ թե թռուցիկ, պոպուլիստական, ոչ թե անիրականանալի: Դուք պիտի ունենաք գյուղատնտեսության մասին հայեցակարգ, ծրագիր, որպեսզի կարողանաք գյուղատնտեսությունը զարգացնեք, հանրապետությունը զարգացնեք»,- նշեց Ա. Սարգսյանը:

Արտակ Սարգսյանը, որը նաև համակարգում է Հայաստանի խաղողագործների միությունը, խնդրի սկզբնաղբյուրի մասին խոսելիս անդրադարձավ թվերին ու ասում է՝ կեղծվում է արտադրված խաղողի իրական քանակը:

Ըստ նրա՝ արտադրվում է քիչ հայկական տեսակի, Հայաստանում աճեցված խաղող, իսկ Վիճակագրական ծառայությունն ու կառավարությունը հայտարարում են 3-4 անգամ ավելի խաղողի բերքի մասին, որը, ըստ խաղողագործի, արվում է տնտեսական ցուցանիշներ ապահովելու և անհայտ ծագման անորակ սպիրտն օրինականացնելու ու կոնյակի ու գինու հումք ծառայեցնելու համար: Խաղողագործն ասում է՝ գումար ու հովանավորչություն չեն ուզում: Թող թվերը չկեղծեն, գյուղացին էլ կաշխատի, բարիք կստեղծի:

Տեսանյութեր

Լրահոս