«Ինքս ԲՀԿ-ի հիմնադիրներից եմ և որևէ դեպքում դուրս չեմ գա կուսակցությունից». Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր  խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝  անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, որ Սերգեյ Բագրատյանից հետո հաջորդն ինքն է լքելու ԲՀԿ-ն, նշեց, որ որևէ դեպքում ԲՀԿ-ից դուրս չի գա:

«Ինքս ԲՀԿ-ի հիմնադիրներից եմ և որևէ դեպքում դուրս չեմ գա կուսակցությունից, ես ոչ միայն քաղաքականություն իրականացնող, այլ քաղաքականություն մշակող անձ եմ, ինչո՞ւ պետք է դուրս գամ»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի այն մեկնաբանությանը, թե ԲՀԿ-ն այլ ուժերի ազդեցության տակ է, նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ խոսքերը, հատկապես, որ անձամբ դեռ չի լսել:

«Առաջին անգամ չէ, որ ԲՀԿ-ն հանրահավաքներ է անում, միշտ էլ արել է, ինքնուրույն օրակարգ է մշակում, ինքնուրույն ուժ է: Տարբեր ուժեր կգան ու կգնան, բայց ԲՀԿ-ն կմնա: Ինքս այդ խոսքը չեմ լսել, բայց, իհարկե, նման բանն ինձ համար անընդունելի է, ինչո՞ւ պետք է ինչ-որ մի տեղից ուղղորդված լինի: ԲՀԿ-ն ինքուրույն ուժ է, երկրորդն է, ամենամեծ ընդդիմադիր ուժը, որն ինքնուրույն մշակում է իր օրակարգը»,- շեշտեց Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա, նման խոսակցություններ վարողների նպատակը ո՞րն է, ցանկություն ունեն նորից հետ գնան և քննարկեն. Այն ժամանակ լրիվ ուրիշ վիճակներ են եղել, որոնք հանգեցրել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

Հարցին՝ ԲՀԿ-ն շարունակում է  պահանջել իշխանությունների հրաժարականը, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ այն, ինչ ասել են, շարունակում է ուժի մեջ մնալ:

«Որևէ բան ինքնանպատակ չէ, եթե ԲՀԿ-ն, որպես ընդդիմադիր ուժ, քննադատում է իշխանությունների տարվող քաղաքականությունը,  դա նշանակում է, որ միայն մենք չենք քննադատում, դա տեսանելի է: Այն ուժերը, որոնք սխալ ուղղությամբ գնալու քաղաքականությանը դեմ են, որոշակի քննարկումներ են իրար հետ անում՝ մեկ օրակարգ ունենալու համար»,- շեշտեց Միքայել Մելքումյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս